Այս ընթացքում, երբ Սահմանադրական փոփոխությունների շուրջ հատկապես սկսեցիք սերտորեն համագործակցել իշխանությունների հետ, ձեզ շատ են քննադատում այն բանի համար, որ դուք իշխանության նվագախմբի, այսպես ասած, «առաջին ջութակն» եք դարձել:
Aravot.am-ի այս հարցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ հակառակն է. «Իշխանությունն է դարձել մեր նվագախմբի ջութակը, որովհետեւ սա մեր պատկերացրած Սահմանադրությունն է, սա մեր՝ տարիների հետեւողական քաղաքական ուղղությունն է եղել: Արմենը (նկատի ունի Արմեն Ռուստամյանին) միշտ մի լավ բան է ասում: Ասում է՝ երբ ես ասում եմ, որ մածունը սպիտակ է, իշխանությունն ասում է՝ սեւ է, հետո մի օր իշխանությունը գալիս ու ասում է՝ չէ, ոնց որ սպիտակ է, ես ի՞նչ պիտի ասեմ, պիտի ասեմ՝ չէ, սե՞ւ է: Աբսուրդ է, չէ՞: Մենք ունենք հստակ քաղաքական ուղղություն, հստակ սկզբունքներ, որոնք իրացնում ենք: Ընդդիմության մեջ գտնվող ԱԺ այսքան փոքրաթիվ պատգամավորական խմբակցություն ունեցող ուժը հաղթել է պետության մայր օրենքի ուղղվածության վերաբերյալ: Մեր գաղափարներն են դրված այստեղ: Սա ցանկացած կուսակցություն կերազեր»:
Մեր դիտարկմանը, որ ցանկացած ընդդիմություն իշխանափոխություն է ուզում, եւ հասարակության պատկերացմամբ, եթե չես ասում՝ «Սե՛րժ, հեռացի՛ր», ուրեմն դու ընդդիմություն չես՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Լավ, որովհետեւ «Սե՛րժ հեռացիր» չի նշանակում՝ արի՛ ուրիշ անուն ու նույն համակարգը շարունակիր: Մեզ համար այդպես չէ: Մենք ասում ենք՝ համակարգը փոխում ենք, ընտրական համակարգն այնպես պետք է անենք, որ հնարավորություն տա իսկապես իշխանություն փոխելու, պատրաստվենք հաջորդ քայլին՝ աշխատենք: Ուրիշները չեն աշխատում, միայն պահանջում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ