ԲՀԿ խմբակցության պատգամավորները Բաղրամյան 26-ում հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկել իրենց տեսակետները Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ:
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը փոխանցեց, որ իրենք շատ գոհ են հանդիպման արդյունքներից. «Մենք նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք մեր դիտարկումները, նաեւ առաջարկություններ ունեինք, որոնք հնչեցրեցինք»:
Թե ինչ առաջարկներ է արել ԲՀԿ-ն եւ ինչպես է դրանց արձագանքել Սերժ Սարգսյանը՝ Վահան Բաբայանը փակագծերը չբացեց. «Սա պրոցես է, քննարկման փուլ է, որի մեջ մենք մտել ենք, եւ ընթացքն ամեն ինչ ցույց կտա: Ես գոհ եմ հանդիպման արդյունքներից»:
Մենք ճշտեցինք, ինչ-որ հարցերում Սերժ Սարգսյանի կողմից ԲՀԿ-ին զիջումներ եղե՞լ են, որ գոհ եք՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Ավելին ես լիազորված չեմ ասել»:
Կարդացեք նաև
Թե ԲՀԿ-ն կոնկրետ ինչ մտահոգություններ է հայտնել նախագծի հետ կապված՝ Վահան Բաբայանը նշեց. «Մնացած խնդիրները, մեր կուսակցության վերջնական տեսակետն արտահայտելու հետ կապված հասկանալի է, որ բոլորը սպասում են, մենք մյուս շաբաթ հանդիպելու ենք Վարդան Պողոսյանի հետ խորհրդարանական խմբակցությունում, այնուհետեւ կլինի քաղաքական խորհրդի նիստ, որտեղ կքննարկվեն կուսակցության վերջնական տեսակետի հետ կապված հարցերը, նոր դրանից հետո մենք այն կարտահայտենք»:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի հետ ԲՀԿ-ի հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ