Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Աթոյան. «Որպեսզի չգազազացնենք ռուսներին` թառափի արգելքն ընդունենք թյուրիմացություն» (Տեսանյութ)

Օգոստոս 26,2015 14:22

Օրերս Սոչիի մաքսակետում արգելվել է Հայաստանից թառափ ձկնատեսակի մուտքը այդ քաղաք. մաքսավորները «Արարատ ֆարել» ընկերության արտահանած 200 կգ ձկնատեսակն առգրավել են եւ ոչնչացրել:

Այսօր այս խնդրի մասին «Փաստարկ» ակումբում «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանն ասաց. «Թյուրիմացաբար համապատասխան կառույցի չինովնիկների անտեղյակության պատճառով այրվել է 200 կգ թառափ ձկնատեսակ: Մեր կողմից նախապատրաստվում է համապատասխան գրություն տվյալ կազմակերպությանը՝ մաքսատանը, որպեսզի կարողանանք գործնական քայլերի եւ միջոցների դիմել:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2-3 օր թառափի խմբաքանակը մնացել է մաքսակետում, այդ ընթացքում պահպանման ժամկետի խախտման պատճառով՝ սկսել է ձկնատեսակը իր որակական հատկանիշները կորցնել: Մաքսավորները առաջնորդվել են ոչ թե ԵՏՄ անդամ երկրներին վերապահված իրավունքների տեսանկյուններից, որը իրավունք ունի ոչ թե արտահանելու, այլ՝ տեղափոխելու, այլ առաջնորդվել է մինչ ԵՏՄ անդամ դառնալու իրեն վերապահված իրավունքներից, որը ենթադրում է ոչ թե տեղափոխում, այլ արտահանում»:

Արտահայտած այս մտքից հետո, Աթոյանն ասաց. «Հիմա փորձեմ ավելի պարզեցված ձեւով ասել՝ մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունը արտահանող երկիր էր Ռուսաստանի եւ ԵՏՄ այլ պետությունների համար եւ օգտվում էր որպես արտահանող իրեն վերապահված օրենսդրության պահանջներից: 2015-ի հունվարի 1-ից, երբ ՀՀ-ն դարձավ ԵՏՄ անդամ պետություն, Հայաստանն արդեն օգտվում է որպես նույն պետության տարածքում ապրանքային քանակությունը տեղափոխող իրեն վերապահված համապատասխան օրենսդրության պահանջներից: Այսինքն՝ ոչ թե Հայաստանն արտահանող է, այլ՝ տեղափոխող՝ նույն մաքսային տարածքում: Թյուրիմացությունը կայանում է նրանում, որ մաքսայինները առաջնորդվել են նախկին օրենսդրության պահանջներով:

Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք պետք է կարողանանք մեր գործառույթները գրագետ եւ ձեռնահաս ձեւով հասցնել մեր գործընկերներին, որոնք պատրաստ են մեզ հետ համագործակցել՝ նման թյուրիմացություններից խուսափելու համար»:

Aravot.am-ի այն հարցին՝ ինչո՞ւ եք կարծում, որ թյուրիմացություն է տեղի ունեցել ռուս մաքսավորների կողմից, այլ ոչ միտումնավոր քայլ, եթե հաշվի առնենք, որ
Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանին նորվեգական սաղմոն ձկնատեսակի ներկրումը սահմանափակելու հաղորդում ներկայացնել, Աթոյանն ասաց. «Ուրեմն, որպեսզի մենք բոլորս մեր հայտարարություններում ավելի հստակ եւ համոզիչ փաստեր ձեռք բերենք, այդ կապակցությամբ իմ կողմից պատրաստվում է գրություն՝ համապատասխան կառույցին, որպեսզի մենք կարողանանք հետագայում վնասի փոխհատուցման հարց բարձրացնենք: Ինչ ասեցի՝ ոչ պաշտոնական տվյալներ էին, գրությունը ստանալուց հետո պատասխանատու հայտարարությամբ հանդես կգանք»:

Մեր ճշտող հարցին՝ չե՞ք կարծում, որ ռուսական կողմը միտումնավոր քայլ է արել,Աթոյանն այսպես պատասխանեց. «Միտումնավոր ասել, ես չեմ կարծում՝ վատատեսություն ցուցաբերել, մենք նաեւ պետք է իրավական դիվանագիտություն ցուցաբերենք այս հարցում: Եթե նույնիսկ միտումնավոր էլ եղած լինի, կարիք չկա, որ մենք դա ընդունենք՝ որպես միտումնավոր, մենք մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելով հանդերձ՝ կհամարենք թյուրիմացություն, բայց մեր նպատակը նույնն է, որպեսզի շտկվի թյուրիմացությունը՝ հետագայում նման թյուրիմացություններ իրենք իրենց թույլ չտան իրականացնել մեր նկատմամբ»:

Մեր դիտարկմանը՝ եթե ռուսական կողմից դա թյուրիմացություն չէ, ապա ի՞նչ շտկելու մասին է խոսքը, Աթոյանն ասաց.«Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, տեսեք՝ մենք մեր ուղղամտության, միամտության պատճառով, լինելով աշխարհում բավականին ճանաչված ազգության ներկայացուցիչներ, շատ դեպքերում հեռանում ենք դիվանագիտական մոտեցումներից: Ես պարզ եւ մաքուր, վերին աստիճանի անկեղծությամբ եմ խոսում ձեզ հետ՝ որպեսզի ավելի պատկերավոր լինի: Եթե մենք հարցը անվանում ենք թյուրիմացություն, մենք մեղմում ենք ռուսական կողմի կամայականությունը, բայց մենք միեւնույն է, մեր նպատակին հասնում ենք: Եթե դնում ենք միտումնավորություն, մենք նրանց գազազացնում ենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին էլ՝ եթե գործում է ԵՏՄ օրենք, կան հստակ չափանիշներ, ինչո՞ւ հայկական կողմը պիտի թույլ տա, որ ՌԴ-ն երբ ցանկանա՝ թյուրիմացություն թույլ տա, Աթոյանը պատասխանեց. «Եթե մենք հարցին լուծում ենք տալիս եւ կանխարգելում, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ դրա հիմքը թյուրիմացությո՞ւնն է, թե՝ դիտավորությունը: Հնարավոր է՝ նրանք դիտավորություն թույլ տված լինեն, մենք չկարողանանք ապացուցել»:

Aravot.-am-ը նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք հայկական թառափը ռուսական շուկայում որեւէ տեսակի վտանգ է ներկայացնում, ինչի պատճառով նման քայլերի են դիմում, Աթոյանն ասաց, որ մեր թառափը համային հատկանիշներով չի զիջում այլ երկրներում արտադրված թառափին:

Մեր մյուս հարցին էլ՝ ռուսական կողմի՝ նորվեգական սաղմոնի արգելքի մասին առաջարկի վերաբերյալ ինչ կարծիք ունի բանախոսը, վերջինս ասաց. «Հարցն այն է, որ այդ ռուսական էյֆորիան չդառնա կիրառելի Հայաստանի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31