Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ Գագիկ Ծառուկյանը դժգո՞հ է

Օգոստոս 26,2015 17:00

Քաղաքական հանդարտ աշնանն ընդառաջ

Մասնագիտական հանձնաժողովը օրերս ավարտեց աշխատանքը սահմանադրության բարեփոխումների վրա, նախագծի վերջնական տարբերակը ուղարկվեց Սերժ Սարգսյանին։ Փաստաթղթում Վենետիկի հանձնաժողովի հուլիսի 31-ին հրապարակված հիմնական դիտողությունները գրեթե հաշվի չեն առնվել։

Նախագծի վերջնական տարբերակում գրեթե նույնն է մնացել խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու եւ ամենաշատ քվեները ստացած երկու կուսակցությունների միջեւ երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթ, ավելացվել է Ընտրական օրենսգրքին առնչվող մեկ նախադասություն. «Եթե կայուն մեծամասնություն չի ձեւավորվում Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում եւ կարգով, ապա երկրորդ փուլ է անցկացվում»։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «ՀԺ»-ին ասել է, թե Վենետիկի հանձնաժողովը շատ են հարգում, շատ են ընդունում, բայց այն «Ավետարանը չի, որ հալած յուղի պես բոլոր առաջարկներն ընդունենք»։ Իշխանությունները երբեմն Վենետիկի հանձնաժողովի առաջարկները որպես հիմք էին ներկայացնում` այս կամ այն բարեփոխումն առաջ տանելիս, իսկ այսօր նրանք համարում են, որ դրանք «հալած յուղի պես» չպետք է ընդունեն:

Շուտով կմեկնարկեն առաջարկվող բարեփոխումների շուրջ նախագահի եւ քաղաքական ուժերի միջեւ կոնսուլտացիաները:

ՀԱԿ-ը միակ ուժն է, որը հստակ դեմ է արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին, բայց, կարծես, չի հաշտվում այն մտքի հետ, որ սահմանադրական բարեփոխումներին երբեմնի դեմ ԲՀԿ-ին կորցրել է: Օգոստոսի 25-ին Վենետիկի հանձնաժողովի անդամներն ու ԱԺ խմբակցությունների ու արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչները, երբ քննարկում էին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել է. «Մեր հասարակությունում չկա քաղաքական համաձայնություն: Երբ հակադրվեցին քաղաքական ուժերը՝ գնաց ահաբեկչություն, որի արդյունքում ԲՀԿ ղեկավարը երկրի նախագահից լսեց հետեւյալ հայտարարությունը, որ ՀՀ քաղաքական կյանքը կրկես չէ, պետք է դադարեք զբաղվել քաղաքականությամբ: Արդյունքում Գագիկ Ծառուկյանը լքեց քաղաքականությունը եւ որպես հետեւանք քաղաքական տեռորի, լուծարվեց Սահմանադրական բարեփոխումների շուրջ ընդդիմացող ուժերը»:

Ժամանակին, երբ ՀԱԿ-ի ներսում Գագիկ Ծառուկյանի` «ռեժիմի» դեմ պայքարելու հնարավորությունները կասկածի տակ էին դնում, այդ մարդկանց ինչ անուն ասես չկպցրեցին: Այսօր դեռ ՀԱԿ-ում գերադասում են պատմել Վենետիկի հանձնաժողովի անդամներին, թե որքան դաժան վարվեց «ռեժիմը» Գագիկ Ծառուկյանի հետ, բայց ոչ երբեք կասկածի տակ դնել սեփական քաղաքական հաշվարկների ճշմարտացիությունը: Իսկ, Գագիկ Ծառուկյանը դժգո՞հ է իր ներկայիս կարգավիճակից` կարող էին հարցնել Վենետիկի հանձնաժողովի անդամները ՀԱԿ ներկայացուցչին…

Ինչեւէ, «ՈՉ»-ի շարժմանը ԲՀԿ-ն չի միանալու, նրանք մասնակցելու են նախագահի հետ կոնսուլտացիաներին, եւ դա այդ ուժի իրավունքն է, իսկ քաղաքական շանտաժի ու ճնշման երանգներով քարոզչական հարձակումներն այդ կուսակցության վրա, իսկապես անընդունելի են, եւ վկայում են այդ ուժերի` միայնակ գործելու ունակությունների բացակայությունն արձանագրելու փաստի մասին, ինչը պետք է առիթ դառնար առավելապես սեփական սխալները խոստովանելու ու վերլուծելու համար, ոչ թե` բոլորին «խելք սովորեցնելու» պատրաստակամություն դրսեւորելու:

Ինչ վերաբերում է դաշնակցության տեսակետին, ապա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն, օրերս հրավիրած մամլո ասուլիսում նշեց, որ ՀՅԴ-ն երեք սկզբունք ուներ՝ անցում կառավարման խորհրդարանական համակարգի, 100 տոկոս համամասնական ընտրակարգ, ընդդիմությանը իրական լծակներ տալ՝ ազդելու իշխանության վրա. «Այս երեք սկզբունքներն արտացոլված են ներկա Սահմանադրության տեքստում: Իբրեւ քաղաքական ուժ, որն իր պատկերացումներն ունի երկրի ապագայի հանդեպ, մեր մոտեցումները հաղթանակել են: Որեւէ քաղաքական ուժի համար ավելի մեծ հաղթանակ դժվար է պատկերացնել, որ 5 հոգանոց պատգամավորական խմբով իր մոտեցումներն առաջ տանի: Քաղաքական ուժը նրա համար է, որ իր ծրագրերը, իր պատկերացումներն առաջ մղի: Այս փաստաթուղթը մեզ բավարարում է: Ամեն ինչ անելու ենք, որ ժողովուրդն ընտրի նոր Սահմանադրությունը, եւ մենք գնանք բոլորովին նոր ուղղությամբ»: Արմեն Ռուստամյանն այնուհետեւ հավելել էր. «Մենք անլուրջ եւ անպատասխանատու ենք համարել չծանոթանալով տեքստին՝ հարցազրույցներ տալ: Բա կես ժամ հետո հարցազրույց տվող ղեկավարը ո՞նց կարող է լուրջ համարվի: Մարդիկ կան, որ չեն կարդացել, խոսում են, մարդիկ կան, որ կարդացել են, բայց չեն հասկացել, մարդիկ կան, որ լավ էլ կարդացել են, լավ էլ հասկացել են, բայց իրենց ձեռնտու չի: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ մարդկանց մանկության երազանքն է եղել նախագահ լինել, հիմա էլ նախագահի պաշտոնը վերացել է»: Հարցին՝ պատրա՞ստ եք նպաստել Սերժ Սարգսյանի վերարտադրությանը՝ Ա.Ռուստամյանը պատասխանել է. «Այս Սահմանադրությունը վերարտադրությունը էապես նվազեցնում է», իսկ Աղվան Վարդանյանը հավելել է, որ որեւէ անձի վերարտադրության խնդիր չեն ունեցել՝ կլինի Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Աղվան Վարդանյան՝ պետք է համակարգը փոխել, ոչ թե անձը:

Ճիշտ են դաշնակցականները, երբ ասում են` «մարդկանց մանկության երազանքն է եղել նախագահ լինել» եւ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները քննադատողները «նախագահ դառնալու մանկության երազանքից են զրկվել»: Բայց միեւնույն ժամանակ մեր քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերը տարիներ շարունակ իրենց պարտքն են համարել մշտապես խոսել «համակարգի փոփոխության» մասին, բայց հայաստանյան քաղաքական դաշտում այդ մասին ամենաշատ արտահայտվողներն են ժամանակ առ ժամանակ «համակարգի» անբաժանելի մասը դարձել:

Այնպես որ, քաղաքական աշունը մեկնարկում է իշխանության համար ակնհայտ դիրքային առավելություններով, եւ եթե առաջիկա մի քանի շաբաթներին անսպասելի հայտարարություններ չլինեն, օրինակ` Ռոբերտ Քոչարյանի կողմից, ապա Սահմանադրական փոփոխությունները կարելի է իրագործած համարել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31