Օգոստոսի 26-ին կայացավ Երեւանի թիվ 27 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: Տնօրենի պաշտոնի հավակնորդների մեջ էր նաև դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը, որը դատապարտվել էր պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար, իսկ ընդհանրապես թեկնածուները 4-ն էին:
Կառավարման խորհրդի նախագահ Լիլիթ Միրզախանյանն ասաց, որ բոլոր չորս թեկնածուների փաստաթղթերը ներկայացված են սահմանված ժամանակամիջոցում եւ ամեն ինչ պատշաճ է: Այնուհետեւ այբբենական կարգով թեկնածուները ներկայացրին դպրոցի զարգացման իրենց ծրագրերը՝ հետեւյալ հերթականությամբ. 1. Լուսինե Թորոսյան (27 դպրոցի պատմության ուսուցչուհի), 2. Աննա Սանոյան (64 դպրոցի անգլերենի ուսուցչուհի), 3. Սուսաննա Սարգսյան (27 դպրոցի նախկին տնօրեն), 4. Գոհար Ստեփանյան (27 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի):
Լուսինե Թորոսյանը փաստեց, որ վերջին երկու տարիների իրադարձություններն ազդել են իրենց դպրոցի հեղինակության վրա, եւ ինքը փորձելու է վերականգնել այն: Նաեւ խոսեց ներառական կրթության իրականացման որոշ «բացերի» մասին, մանկավարժների ուժեղ եւ թույլ կողմերի մասին: Լուսինե Թորոսյանը փաստեց, որ հոգաբարձուների խորհուրդների գործունեությունը ձեւական է, եթե խորհուրդը ակտիվ չգործի, ապա այն պետք է լուծարել:
Երկրորդ թեկնածուն՝ Աննա Սանոյանը իր ծրագիրը ներկայացրեց նստած՝ գլուխը կախ կարդալով: Նա նույնպես առաջ քաշեց դպրոցի բարեփոխման անհրաժեշտությունը, կարեւորեց կրթության որակի պահանջատիրոջ ու ծնողական խորհրդի դերը: Նրա ծրագիրը հիմնականում դեկլարատիվ բնույթի էր:
Կարդացեք նաև
Կառավարման խորհրդի անդամները պարզեցին, որ նրա ծրագրում բազմաթիվ ուղղագրական սխալներ կան: Քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչ Անահիտ Մելքոնյանը շեշտեց՝ տնօրենը պետք է գրագետ լինի, տիրապետի հայոց լեզվին, անկախ նրանից՝ անգլերենի՞, թե՞ այլ առարկայի ուսուցիչ է:
Նա ասաց, որ կցանկանար կարմիր գրչով ուղղել Աննա Սանոյանի ծրագրում առկա ուղղագրական սխալները:
Դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանն իր ծրագիրը ներկայացնելուց առաջ՝ իր համար ամբիոն բերեց սենյակ: Չնայած ամբիոնին, նա սկզբում դժվարացավ օգտագործել թվային գրատախտակը:
Նախկին տնօրենն իր ծրագրում կարեւորեց մարդկային որակները, կրթության նոր տեխնոլոգիաների ներդրումը, կրթության հատուկ կարիքներ ունեցող եւ օժտված երեխաների համար համապատասխան պայմանների ապահովումը, սոցիալական մանկավարժի ներկայությունը դպրոցում, աշխատանքի նկատմամբ պահանջն ու պատասխանատվությունը, քաղաքացիական գիտակցության բարձրացումը եւ այլն: Նա թույլ կողմ որակեց դասղեկների ինստիտուտի վիճակը, սոցիալապես անապահով ընտանիքների թվի աճը, ասաց, որ հոգաբարձուների խորհուրդը այս դպրոցում պասիվ է:
Տնօրենի թափուր տեղի համար պայքարող մյուս թեկնածուն՝ Գոհար Ստեփանյանը ներկայացրեց իր տեսլականը՝ հայրենասեր, քրիստոնյա, համակողմանի զարգացած անհատ քաղաքացու ձեւավորումը: Դրա համար նա ներկայացրեց նաեւ իրավիճակը՝ դպրոցի ուժեղ եւ թույլ կողմերը: Վերջինի առումով շեշտեց, օրինակ, ներառական կրթության աշխատանքների թուլացումը: Նա կարծիք հայտնեց, որ բոլոր անհամաձայնությունները պետք է լուծել բաց քննարկման միջոցով: Նա ընդհանրապես առաջ քաշեց բաց դպրոցի գաղափարը՝ ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, համայնքի հետ:
Խորհուրդը միաձայն քվեարկության արդյունքում Երեւանի թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն ընտրեց Սուսաննա Սարգսյանին:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, որ այս դպրոցի երբեմնի տնօրենն է եղել, նեղսրտած հայտարարեց. «Ես փաստում եմ, որ թիվ 27 դպրոցում, ցավոք սրտի, կոռուպցիան շարունակվելու է, եւ ոչ մի վարչապետ, որեւէ մեկը թող էլ չխոսի, թե կոռուպցիայի դեմ է պայքարում»:
Ի դեպ, ընտրված տնօրենի կողմնակիցները բարձր ծափահարում էին ու ճչում, որպեսզի խանգարեն Անահիտ Բախշյանի հարցազրույցները: Լրագրողները քանիցս խնդրեցին՝ լուռ մնալ եւ չխանգարել աշխատել: «Գնացեք դրսում ձայնագրեք»,- «խորհուրդ» տվեցին մանկավարժները:
Սուսաննա Սարգսյանն էլ լրագրողներին ասաց, որ ինքը սպասված է այս դպրոցում ու բոլորն իրեն վստահում են: Նա դատական քաշքշուկների համար մեղադրեց Անահիտ Բախշյանին, ասաց, որ նա իրեն երկու տարի հետապնդել է: Տիկին Բախշյանն էլ վկայակոչեց յուրացումները, Շենգավիթի դատախազի որոշումը եւ այլ փաստարկներ բերեց:
Բայց մի բան հստակ է՝ կրկին թիվ 27 դպրոցի տնօրեն ընտվեց «դատված» տնօրենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Տեսանյութերն՝ ավելի ուշ:
Հարգելի Գոհար Հակոբյան, ինչու եք զարմանում???
Դատվածների կառավարություն է` դատված պատգամավոր կա, նախարար կա, մարզպետ կա, քաղաքապետ կա; Դպրոցի տնօրեն կա, մեկն էլ ավելացավ:
Հայաստանում դատվածություն ունենալը հիմա ՊԱՏՎԱԲԵՐ է:
էս ուր ենք հասել? Ինձ ավելի շատ զայրացրեց այդ ծափահարող ոհմակը. ի սերն Աստծո, հեռացեք, գնացեք ուրիշ գործ գտեք, մեծ եկամուտով, ձեր շեֆի հետ միասին. օրինակ ասում են Դուբայում լավ եկամուտով աշխատատեղեր կան. մի փչացրեք երեխաներին… ամոթ, ամոթ այն ութ հոգուն, որ “միաձյան”կողմ են քվեարկել: Հանրությունը պետք է իմանա դրանց անունները և պաշտոնները: Սա վերջն է: