Սույն հայտարարությունն «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի պաշտոնական արձագանքն է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության՝ ս. թ. օգոստոսի 25-ին ՀՀ որոշ ԶԼՄ-ներում հրապարակած հաղորդագրությանը, որում առկա են կեղծ տեղեկություններ և միտումնավոր խեղաթյուրումներ «Այբ»-ի գործունեության, որդեգրած սկզբունքների ու արժեքների վերաբերյալ: Խոր ափսոսանք ենք հայտնում, որ Գ. Սաֆարյանը, միջոցների մեջ խտրականություն չդնելով, այս անգամ «ինքնահերոսացման ներշնչանք» է դարձրել իր գործատուին:
«Այբ»-ը պաշտոնապես փաստում է.
1. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ չի եղել «Այբ» հիմնադրամի, «Այբ» դպրոցի հոգաբարձուների կամ որևէ գործադիր կամ ղեկավար մարմնի կազմում:
2. «Այբ» հիմնադրամը և «Այբ» դպրոցը երբևէ որևէ մեկին աշխատանքի չեն ընդունել կամ աշխատանքից ազատել ելնելով նրա քաղաքական դիրքորոշումից, ազգային կամ կրոնական պատկանելությունից: «Այբ»-ը հարգում է յուրաքանչյուրի ընտրության իրավունքը և որևէ միջամտություն չի ունենում այդ ընտրության գործում: Ասվածի վառ ապացույցն է այն, որ ս. թ. հունվարի 12-ից Գ. Սաֆարյանն աշխատանքի է անցել «Այբ» դպրոցում, երբ գործազուրկ էր և արդեն իսկ հասցրել էր հանրությանն ի ցույց դնել իր քաղաքական հայացքները:
Կարդացեք նաև
3. Այս պահին Գ. Սաֆարյանը շարունակում է պաշտոնապես մնալ «Այբ» դպրոցի աշխատակից:
4. Ի թիվս այլ աշխատակիցների՝ Գ. Սաֆարյանի հետ տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում նրան ներկայացվել է «Այբ» դպրոցում սպասվելիք էական կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը: Այդ փոփոխություններն անմիջականորեն ազդելու են 16 հաստիքի վրա:
Ակնհայտ է, որ Գ. Սաֆարյանը միտումնավոր կերպով հրահրում է աշխատանքային պայմանագրի աղմկահարույց խզում՝ նպատակ ունենալով հերթական անգամ ուշադրություն գրավել սեփական անձի վրա:
Գ. Սաֆարյանի և «Այբ» դպրոցի փոխհարաբերությունները կրում են բացառապես աշխատանքային բնույթ, և մեզ համար անընդունելի է դրանց տեղափոխումն այլ հարթություն:
«Այբ» կրթական հիմնադրամ