Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Ոչ»-ի շարժումն այնպիսի ուժ չէ, որի հետ հաշվի նստեն»

Օգոստոս 26,2015 12:51

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Վենետիկի հանձնաժողովի անդամների ոչ բոլոր առաջարկներն են ընդունելի: «Հենարան» մամուլի ակումբում պարոն Զաքարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում են նաև խորհրդարանական լսումներ սահմանադրական բարեփոխումների թեմայով:

Հարցին՝ «ոչ»-ի շարժումը հենց սահմանադրական փոփոխությունների դե՞մ է, թե՞ իշխանությունների դեմ պայքարելու միջոց, գուցե պայքարող ուժերը ծանո՞թ էլ չեն սահմանադրական բարեփոխումների տեքստին, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Չի բացառվում, որ իրականում անծանոթ լինելով բարեփոխումների տեքստին, կարող են հրապարակային դիրքորոշում արտահայտել: Ե′վ «այո»-ն, և′ «ոչ»-ը ինքնանպատակ լինել չեն կարող այստեղ, քանի որ սա այն գործընթացն է, որն ամեն տարի իրականացնել չես կարող և իրականացնելուց առաջ պետք է առավելագույնս համաձայնեցված և լավ մշակված լինի: Ե′վ «ոչ»-ի, և′ «այո»-ի տանիքի տակ պետք է լինեն հիմնավորումներ: Մենք «ոչ» ասողներին, որոնք առողջ հիմնավորումներ ունեն, շատ ուշադիր լսում ենք: Հակառակ դեպքում դա դառնում է քաղաքական կապրիզ, որն արդարացված չէ»:

Այն դիտարկմանը, թե «ոչ»-ի շարժումն արդեն հաշվեհամար է բացել, Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Վաղը կարող է լոգո էլ հնարեն, մյուս որը հ/կ գրանցեն, դա իրենց որոշելիքն է»:

Aravot.am-ի հարցին՝ Վենետիկի հանձնաժողովի անդամներն իրենց առանցքային առաջարկների՝ նույնասեռ ամուսնությունների և երկրորդ փուլի անցկացման հետ կապված դրույթը հանելու հարցում հաստատակամ էին, ի՞նչ է պատրաստվում անել իշխող կուսակցությունը, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Բոլոր խորհուրդները չեն, որ լսելի ու ընդունելի են, բայց որպես մասնագիտական տեսակետ՝ ցանկալի է իմանալ, որ որոշ դեպքերում հաշվի առնվեն: Կան առաջարկներ, որոնք արմատապես հակասում են մեր հասարակության արժութահամակարգին և կան նաև նրանք, որոնք չէին խանգարի, որ տեղ գտնեին Սահմանադրության նոր նախագծում: Առաջիկայում քննարկումները կշարունակվեն»:

Մեր այն հստակեցմանը՝ նույնասեռ ամուսնությունների վերաբերյալ առաջարկին ընդդիմանալը թերեւս հասկանալի է, բայց երկրորդ փուլի հետ կապված առաջարկի՞ն ինչու են ընդդիմանում, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Ոչինչ դեռ սկզբունքորեն և աննահանջ կերպով դրված չէ սեղանին, որ ասենք, թե սկզբունքային և բեկանելի առաջարկներ են: Դեռ քննարկումներն ընթացքի մեջ են»:

Հարցին՝ հնարավո՞ր է «ոչ»-ի շարժումը հետագայում դառնա այն քաղաքական հարթակը, որի շուրջ հավաքվեն քաղաքական ուժերը, պարոն Զաքարյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ «ոչ»-ի շուրջ համախմբումն այնքան մեծ ուժ է ներկայացնում, որ հասարակությունը հաշվի նստի դրա հետ»:

Դիտարկմանը սահմանադրական բարեփոխումների այս գործընթացը ՀՀ-ին պարտադրված է և մենք էլ սիլի-բիլի ենք անում, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Մենք սիլի-բիլի չենք անում, մենք առողջ հարաբերություններ ունենք ԵՏՄ-ի, ԵՄ-ի, մեր հարևան պետությունների և ԱՄՆ-ի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31