2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը ստուգվելուց հետո այն չի վերացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից:
Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերադաս դատախազի կողմից վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված հիշյալ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում Արմեն և Արման Սարգսյան եղբայրները «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածում վիճաբանել են գիտական կենտրոնի բժիշկ Կարեն Մուրադյանի հետ: Ծագած վիճաբանության ընթացքում եղբայրները, տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք` մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով:
Կարդացեք նաև
Սարգսյան եղբայրները ձեռքերով հարվածներ են հասցրել Կ. Մուրադյանին, իսկ Արման Սարգսյանն էլ, իր հերթին, իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին` պատճառելով այրվածքների տեսքով մարմնական վնասվածքներ:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արմեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արման Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Արմեն և Արման Սարգսյան եղբայրների կողմից խմբով, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հիշեցնենք նաև, որ հիշյալ գործի նյութերով վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ հարուցվել էր նոր քրեական գործ, որի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Հայկ Ավագյանին (հիշյալ խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակաշրջանում նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը) մեղադրանք էր առաջադրվել, և վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Հիշյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ