Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մաքսիմ Սարգսյան. «Պայքարը շարունակելու ենք փողոցում». «Հայոց աշխարհ»

Օգոստոս 26,2015 11:51

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ին իր կողմնակիցներին հրավիրում է Սիրահարների այգի` քննարկելու նախաձեռնության հետագա անելիքներն ու կարծիքներ փոխանակելու:

Նախաձեռնության համար վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը գործարարներին էլեկտրաէներգիայի թանկացած սակագնի տարբերությունը չսուբսիդավորելու մասին, ինչպես նաեւ աուդիտի ձգձգումն ու անորոշ ընթացքը բողոքի նոր քայլեր ձեռնարկելու առիթ են դարձել: «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հավաստմամբ` այս անգամ իրենց բողոքի ակցիաներն ավելի վճռական ու անողոք են լինելու։

   -Մաքսիմ, ի՞նչ նպատակ է հետապնդում Սիրահարների այգում հավաք կազմակերպելը: Արդյոք նախաձեռնությունը արդեն չի՞ հստակեցրել իր հետագա անելիքները: 

– Սեպտեմբերի 1-ի հավաքի ընթացքում ավելի կհստակեցվեն այդ անելիքները: Այնտեղ կլինեն շահագրգիռ մարդիկ եւ առանձին-առանձին կփորձենք հարցադրումներին լուծումներ գտնել:

Ամեն դեպքում «Ո՛չ թալանին»-ը առաջիկա գործողությունների համար արդեն որոշակի ռազմավարություն ունի, սակայն այն ավելի կհստակեցվի, գուցե վերաձեւվի համընդհանուր քննարկումների շնորհիվ: Քանի դեռ ոչինչ մեզ համար էլ ակնհայտ չէ, չեմ ուզում բացել փակագծերը առաջիկա անելիքների մասին:

Մի բան ակնհայտ է` պայքարը շարունակելու ենք փողոցում, քանի որ միայն այդպիսի պայքարի մեջ ենք արդյունավետություն տեսնում: Երբ հասարակությունը փակել էր Բաղրամյանը, կառավարությունը փորձեց հաշվի նստել ակցիայի մասնակիցների հետ։ Բայց բավական էր նախաձեռնությունը տեղի տար կառավարության` քաղաքակիրթ լինելու հորդորներին, եւ այդ նույն կառավարությունը ապացուցեց, որ լուծումներ գտնելու որեւէ մտադրություն չունի: Նշանակում է՝ ոչ թե պետք է բանակցել, այլ նրանց պետք է պարտադրել, որ բավարարեն ժողովրդի պահանջները:

-Հովիկ Աբրահամյանի հայտարարությանն ինչպե՞ս է արձագանքելու «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը: Ի վերջո ձեր պայքարի բուն նպատակը համատարած գնաճից խուսափելն էր: Սակայն եթե կառավարությունը չի սուբսիդավորելու տնտեսավարողներին` գնաճն այնուամենայնիվ անխուսափելի կլինի: Նշանակում է՝ ձեր պայքարը որոշակի առումով ձախողվեց:

-Չասենք` ձախողվեց: Ավելի շուտ մենք որոշակի դաս քաղեցինք։ Փորձը ցույց տվեց, որ ըմբռնման քայլերը մեր կողմից անիմաստ էին, քանի որ կառավարությունը ոչ թե փոխըմբռնման քայլ է կատարում, այլ մեր մեղմությունն օգտագործում է իր շահերի համար:

Այսուհետ մեր պահանջները հստակ ու անհողդողդ են լինելու: Պահանջել ենք չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացումը, ուստի որեւէ զիջում չպետք է լինի` ո՛չ աուդիտ անցկացնելու պատրվակով, ո՛չ էլ որեւէ այլ:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31