Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարածաշրջանային սիրային եռանկյունիներն ու ռուս-ադրբեջանական հարաբերությունները 

Օգոստոս 26,2015 10:43

Վերջին տարիներին Հայաստանում անընդմեջ անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու փաստը: Այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է, այդուհանդերձ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ ձևաչափի հարաբերություններ ունի Ռուսաստանն Ադրբեջանի հետ: Ավանդապես ընդունված է համարել, որ Ռուսաստանը հայամետ քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում: Հարց է ծագում՝ արդյո՞ք նման պնդումը իսկապես համապատասխանում է իրականությանը: Ստորև անդրադառնանք ադրբեջանա-ռուսական հարաբերություններում ընթացող մի շարք կարևոր տնտեսական և քաղաքական գործընթացներին ու ցուցանիշերին՝ դրանք համեմատելով Հայաստանի հետ ընթացող համարժեք գործընթացների հետ:

Ապրանքաշրջանառություն

Երկու երկրների տնտեսական համագործակցության մասին վկայող կարևորագույն ցուցանիշը թերևս ապրանքաշրջանառության ցուցանիշներն են: Քանի դեռ Հայաստան-Ռուսաստան տնտեսական համագործակցությունն ու ապրանքաշրջանառությունը Ղրիմի խնդրի, Ուկրաինայում առկա կոնֆլիկտի և ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցների և անգամ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության պատճառով օրեցօր նվազում են, ռուս-ադրբեջանական հարաբերություններում լրիվ հակառակ գործընթացն է ընթանում: Այսպես՝ 2015թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն անկում է ապրել 41%-ով: 2015թ. հունվար–ապրիլ ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է մոտ 3,4 մլն ԱՄՆ դոլար` 2014թ. նույն շրջանի 90,8 մլն ԱՄՆ դոլարի դիմաց: ՌԴ–ից Հայաստան ներկրումը ավելի քիչ մասշտաբներով է նվազել՝ կազմելով 219,1 մլն ԱՄՆ դոլար (39,7% անկում)։ Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Այս տարվա հունիսին Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ Վլադիմիր Պուտինն անձամբ նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը նույն 2015թ. առաջին եռամսյակում աճել է 6%-ով: Այս ցուցանիշները, մեղմ ասած, անհանգստացնող են, եթե հաշվի առնենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու ժամանակ ռուս և հայ քաղաքական գործիչները ոսկե սարեր էին խոստանում, բայց արի ու տես, որ թվերն ու տնտեսական ցուցանիշները հօգուտ ԵՏՄ-ից դուրս մնացած Ադրբեջանի են:

Զենքի վաճառքի թարմ տվյալներ

Որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ Ադրբեջանի հիմնական զենք մատակարարողը Ռուսաստանն է (դա նաև Սերժ Սարգսյանն է ընդունում): Ըստ Միջազգային խաղաղության հարցերի Ստոկհոլմի ինստիտուտի հրապարակած 2015 թվականին տվյալների՝ 2010-14թթ. ընթացքում Ադրբեջանը 2005-2009 թվականների համեմատ 249 տոկոսով ավելացրել է սպառազինությունների ներկրումը: Հայաստանի ցուցանիշը կազմում է Ադրբեջանի ցուցանիշի ընդամենը 4 տոկոսը: Ընդ որում՝ սպառազինության ներկրման ծավալով Ադրբեջանը Եվրոպայում երկրորդն է՝ Մեծ Բրիտանիայից հետո: Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում Եվրոպայում սպառազինության ներկրման 14, իսկ Ադրբեջանին՝ 13%-ը: Ըստ նույն ինստիտուտի՝ Ռուսաստանը մատակարարում է Ադրբեջանի զենքի 85%-ը: Որպես արդարացում ռուսաստանցի քաղաքական գործիչները բազմիցս հղում են տվել Հայաստանում ռուսական ռազմական բազայի առկայությանը, այդուհանդերձ, այդ ռազմաբազայի միջամտությունը Ղարաբաղյան հակամարտության հնարավոր վերսկսման դեպքում խիստ կասկածելի է, քանի որ ըստ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի, Գյումրիի ռազմաբազան «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակամիջոցում Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանելու պարտականություններից բացի ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ նախկին ԽՍՀ Միության արտաքին սահմանով»: Այլ կերպ ասած՝ կոնկրետ այս դեպքում նժարի վրա է դրված Ադրբեջանի 85% տոկոս ռուսական սպառազինությունը ընդդեմ աղոտ հույսի, որ ՌԴ աշխարհաքաղաքական շահերը բախտի բերմամբ այնպես կդասավորվեն, որ հնարավոր պատերազմական գործողություններում Ռուսաստանը կորոշի պաշտպանել սպառազինության հավասարակշռության խախտումից անընդհատ դժգոհող Հայաստանին… Առավելևս, Ռուսաստանը, մեղմ ասած, հազիվ թե զենք վաճառի մի երկրի, որի դեմ կարող է պատերազմել:

Երկաթուղի

Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան սիրային եռանկյունում հայկական կողմը վերջին տարիներին լուրջ կորուստներ է կրում նաև երկաթուղային ասպարեզում: Եթե Իրան-Ադրբեջան-Ռուսաստան (Աստարա-Ռեշտ-Կազվին) երկաթգծի կառուցումը Ռուսաստանի համար խնդրահարույց չէ, ապա Իրան-Հայաստան-Ռուսաստան երկաթգիծը «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը բազմիցս անշահավետ է անվանել: Իսկապես, այս նախագիծն ամենաէժաններից չէ՝ դրա արժեքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար, այդուհանդերձ, հաշվի առնելով այն, որ «Ռուսական երկաթուղիները» պատրաստ է Իրանում կատարել ընդհանուր առմամբ 8,5 միլիարդ դոլարի ներդրում, ապա բնականաբար Հայաստանին էլ կարող էր օգնել այս հարցում, եթե իսկապես ՀՀ-ին համարեր ռազմավարական դաշնակից և շահագրգռված լիներ օժանդակելու վերջինիս տնտեսական զարգացմանը: Սակայն ռուսական կողմն այս հարցում իր ընտրությունն արդեն կատարել է, քանի որ Աստարա-Ռեշտ-Կազվին նախագծի մասին 2015 թվականին արված բոլոր հայտարարություններում այս նախագծի մասին խոսվում է որպես արդեն իրագործված ծրագիր: Հարկ է նշել, որ Աստարա-Ռեշտ-Կազվին նախագծի կառուցման սկիզբը փաստացի վերջ կդնի Հայաստանով անցնող երկաթգծի հույսերին, քանի որ այս երկու ծրագրերը միմյանց մրցակից են, և եթե լինի Ադրբեջանով երկաթուղի, ապա Հայաստանով անցնող երկաթգիծը կառուցելն այլևս անիմաստ է:

Այս հանգամանքը, բնականաբար, անհանգստացնում է հայկական կողմին: Այս մասին է վկայում նաև այն, որ հուլիսի 9-ին Սերժ Սարգսյանը Ուֆայում ԲՌԻԿՍ և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովում ունեցած իր ելույթում փորձել է կարևորություն տալ Հայաստանով Իրանը Ռուսաստանին կապող երկաթգծին՝ նշելով, որ հայ–իրանական երկաթգծի կառուցումը թույլ կտա ԵՏՄ երկրներին Պարսից ծոցով դուրս գալ Հնդկական օվկիանոս: Իրականում ԲՌԻԿՍ և ՇՀԿ գագաթնաժողովին նմանօրինակ հայտարարությունը նպատակ ուներ գրավել այլ ֆինանսավորողների ուշադրությունը, ինչպես, օրինակ, Չինաստանինը: Ուշագրավ է, որ եթե Աստարա-Ռեշտ-Կազվին երկաթգծի ֆինանսավորումն իրականացնելու են բացառապես Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը, ապա Հայաստանով անցնող դրա մրցակից երկաթգծի 60%-ը պատրաստ են ֆինանսավորել չինական բանկերը: Չնայած դրան, «Ռուսական երկաթուղիներն» արդեն բազմիցս նշել են, որ իրենց նախապատվությունը Ադրբեջանին են տալիս: Փաստորեն, անգամ եթե 3,5 միլիարդի 60 տոկոսը չինական կողմն է տրամադրում, միևնույն է՝ Ռուսաստանը ծրագիրն անշահավետ է համարում: Բնականաբար, այս ծրագիրն անշահավետ է Ռուսաստանի համար, քանի որ այն թույլ կտար Հայաստանին տարածաշրջանային կարևորություն ձեռք բերել՝ դառնալ Իրանի համար ելք դեպի Սև ծով, տնտեսական շահեր ստանալ, գուցե օգներ ՀՀ տնտեսությանը դուրս գալ ճգնաժամից, բայց Ռուսաստանին, կարծես, պետք չէ տնտեսապես կայուն և զարգացող Հայաստան:

       Պուտինի այցն ու Մինսկի խումբը

Կան նաև մի շարք այլ հանգամանքներ, որոնք վկայում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավման մասին: Օրինակ՝ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու Եվրոպական խաղերի բացման արարողությանը հունիսի 12-13-ին: Մինչ բոլոր եվրոպական երկրների քաղաքական ղեկավարները բոյկոտում էին Ադրբեջանում ընթացող այս խաղերը՝ քննադատելով Ալիևին մարդու իրավունքների հանդեպ բացարձակ անհարգալից վերաբերմունքի համար, ՌԴ Նախագահը մեծ պատրաստակամությամբ գնաց Բաքու և այնտեղ փակ դռների հետևում հանդիպում ունեցավ Ալիևի հետ: Այս քայլը, մի կողմից, կարծես, հերթական հակաարևմտյան քայլն էր (դուք չեք գնում՝ ես կգնամ), սակայն, մյուս կողմից էլ նպատակ ուներ փափկացնելու Բաքվին և ստեղծելու հակակշիռ ապրիլի 24-ին Պուտինի՝ Հայաստան կատարած այցի հետ: Ուշագրավ է, որ Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցից ընդամենը մի քանի օր առաջ Բաքուն հայտարարել էր Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին: Միայն նմանօրինակ հայտարարությունը պետք է որ հետ պահեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարին Բաքու պաշտոնական այց կատարելուց, այլապես ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ Ռուսաստանի համար միևնույնն է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ էլ ինչ կմոգոնի պաշտոնական Բաքուն: Ընդհանրապես, տպավորությունն այնպիսին է, որ Ռուսաստանը նժարը կտրուկ թեքել է Ադրբեջանի կողմը՝ անելանելի իրավիճակ ստեղծելով Հայաստանի համար, ու երևի ժամանակն է, որ Հայաստանը սիրո այլ առարկաներ էլ որոնի տարածաշրջանում՝ ի դեմս, օրինակ, Իրանի կամ Չինաստանի:

Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31