Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Աշակերտների 13%-ը 9-րդ դասարանից հետո դատապարտված է աղքատության»

Օգոստոս 26,2015 10:19

Օգոստոսի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գավառում՝ մարզպետարանի դահլիճում, մասնակցեց Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:

Նախարարը խոսեց կրթության ոլորտում արված և նախատեսվող քայլերի մասին, ապա ցանկացավ լսել մանկավարժների մտահոգությունները, առաջարկությունները կամ հարցերը, սակայն այդպիսիք չհնչեցին:

«Գալիք ուսումնական տարին նոր նախաձեռնությունների, ինչպես նաև հին խնդիրների լուծման տարի է լինելու, որոնք պահանջում են համակարգային լուծում»,- ընդգծեց Ա. Աշոտյանը և ապա մանկավարժներին ներկայացրեց այն կարևոր համակարգային բարեփոխումները, որոնք նախատեսված են առաջիկայում. «Ինչպես գիտեք, 2017 թվականից պարտադիր կդառնա 12-ամյա կրթությունը: Ինչո՞ւ: Վիճակագրական տվյալների համաձայն՝ տարեկան 3­4 հազար աշակերտ 9-­րդ դասարանն ավարտելուց հետո չի շարունակում կրթությունը: Այդ խնդիրը մենք դիտարկել ենք թե՛ կրթական, թե՛ սոցիալական կարևորության տեսանկյունից: Այսինքն՝ աշակերտների 13%-ը 9-րդ դասարանից հետո դատապարտված է աղքատության, քանի որ ցածր կրթական ցենզով դժվար է աշխատանք գտնել: Բացի այդ, ըստ Ոստիկանության տվյալների՝ հակասոցիալական վարք դրսևորողների 20%-ն ունի ընդամենը 9-ամյա կրթություն: Ուստի, ներկայումս հրատապ խնդիր է այդ 3500-4000 աշակերտին փողոցից վերադարձնել դպրոց կամ ուղղորդել ուսումնարաններ և քոլեջներ՝ որևէ մասնագիտություն ստանալու»:

Նախարարի առանձնացրած բարեփոխումներից երկրորդը վերաբերում էր հանրապետության բոլոր դպրոցներում համընդհանուր ներառականության անցմանը, որը նախատեսվում է իրականություն դարձնել մինչև 2025 թվականը: «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները պետք է մեծանան որպես հասարակության լիարժեք անդամներ: Մենք պարտավոր ենք այդ երեխաներին վերադարձնել ընտանիք հատուկ դպրոցներից, որտեղ նրանք ստիպված են մնում և կտրվում են իրենց ընտանիքներից, չգիտեն՝ մայրական փաղաքշանքն ու հայրական ուշադրությունն ինչ են»,- շեշտեց Ա. Աշոտյանը:

Նա կարևորեց նաև կրթության բովանդակության հարցը. «ՀՀ կրթական համակարգը բովանդակային առումով կորցրել է իր կուռ կառուցվածքը: 1991 թվականից մինչև այսօր հանրակրթության բովանդակությունը շատ է փոխվել և փոխվել է առանց այն հիմնական հատակագծի, որը պետք է յուրաքանչյուր համակարգի կայունությանը: Մասնավորապես, նվազել են բնագիտության ժամերը: Իսկ բնագիտությունը, ճշգրիտ գիտություններն այսօր ազգերի ինտելեկտուալ պոտենցիալի բացահայտման լավագույն ձևն են և տնտեսությունը զարգացնող բացառիկ ուղղություններից մեկը: Այնպես որ, մենք պետք է դպրոցական ծրագրում վերադարձնենք հումանիտար, հասարակագիտական և բնագիտական ու ճշգրիտ գիտությունների միջև հավասարակշռությունը: Սա երկար ու դժվարին գործընթաց է, որը կարող է դժգոհությունների և քննադատությունների տեղիք տալ, բայց պետք է սկսել, որպեսզի կարողանանք ուժեղացնել ճարտարագիտությունը, տեխնոլոգիաները, մաթեմատիկան, կենսաբանությունը, քիմիան և այլն»:

Արմեն Աշոտյանը խորհրդակցությանը մասնակցող մանկավարժներին տեղեկացրեց նաև, որ առաջիկա ամիսներին նոր գույք կտրամադրվի մարզի ավագ դպրոցներին և խոշոր միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին: Վերջիններիս կտրվեն նաև համակարգչային ժամանակակից սարքավորումներ:

Նախարարն անդրադարձավ նաև Գեղարքունիքի մարզում նախադպրոցական կրթության կազմակերպման խնդրին: Կարևորելով նախադպրոցական կրթությունը՝ նա ասաց, որ պետությունն աջակցելու է նախակրթարանների ձևավորմանը բոլոր այն համայնքներում, որտեղ դրանց կարիքը կա:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ մարզային իշխանություններն ամեն կերպ կաջակցեն կրթության ոլորտում բարեփոխումների հաջող իրականացմանը: Մարզպետը նաև տեղեկացրեց, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ մարզի 3 վթարային և 1 կիսավթարային դպրոցներում առաջիկայում կմեկնարկեն շինարարական աշխատանքներ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարը՝ Զոհրապ ԵԳԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31