Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մեկն «իրենը» կարող է գտնել

Օգոստոս 26,2015 10:10

Վերջերս մի քանի րոպե դիտեցի «Ռոսիա -24» հեռուստաալիքը. որեւէ հեռուստադիտողի աչքից պիտի որ չվրիպեր ոչ միայն ագրեսիվ, այլեւ, կասեի նույնիսկ՝ հիստերիկ տոնայնությունը: Խոսքը շերտաքարային նավթի եւ գազի մասին էր, եւ «ռեպորտաժի» իմաստն այն էր, որ այդ ամենը փուչիկ է, որ դա հնարել են ամերիկացիները, որպեսզի, ինչպես եւ շատ-շատ այլ դեպքերում, «շանտաժեն մեր երկիրը»: Չխորանամ շերտաքարային վառելիքի տեխնիկական եւ տնտեսական արդյունավետության առանձնահատկությունների մեջ (ինչն ինքնին հետաքրքիր է), պարզապես նշեմ՝ եթե հսկայական, ոչ միայն բնական պաշարներով, այլեւ տաղանդավոր մարդկանցով հարուստ, հզոր մշակույթ ունեցող երկիրը իր ամբողջ քաղաքականությունը կառուցում է գազ, նավթ եւ զենք վաճառելու վրա, ապա շատ բնական է, որ նրա աշխարհաքաղաքական մրցակիցները շանտաժելու շատ տեղեր կունենան:

Բայց խոսքը տվյալ դեպքում «կացնային» քարոզչության մասին է: «Ռոսիա- 24»-ն ինձ հիշեցնում է 2000-2008 թվականների «քոչարյանական» Հայլուրը: Ինչպես եւ այդ «տեղեկատվական» հաղորդման դեպքում, ռուսաստանյան ալիքն աշխարհը բաժանում է երկու հստակ մասերի՝ մի կողմում «մերոնքական» հրեշտակներն են, իսկ մյուս կողմում՝ «թշնամական» հրեշները: Լրատվամիջոցը, ինչպես ժամանակին նշում էր բոլշեւիկների առաջնորդը, ոչ միայն կոլեկտիվ քարոզիչ է, այլեւ կոլեկտիվ կազմակերպիչ: Այսինքն՝ եկեք համախմբվենք, որ ջարդենք թշնամուն: Դա միանգամայն բնական է, երբ պատերազմ է ընթանում երկու երկրների միջեւ: Բայց, որքան հասկանում եմ, Ռուսաստանը չի պատերազմում Միացյալ Նահանգների հետ: Առավել եւս՝ Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը չեն պատերազմում: Նրանք, իմ պատկերացմամբ, պետք է ընդամենը մտքեր եւ գաղափարներ փոխանակեն, ոչ թե նպատակ ունենան իրար ոչնչացնելու:
Դա էլ, իհարկե, ճաշակի հարց է: Եթե մարդիկ ուզում են լինել կոլեկտիվ քարոզիչ կամ կազմակերպիչ, դա իրենց գործն է:

Ոչ ոք չի կարող ասել, թե «ինչպես պետք է լինի», մենք կարող ենք ասել միայն, թե ինչն ենք գերադասում: Բարեբախտաբար, Հայաստանի տպագիր եւ համացանցային լրատվական դաշտում ընտրությունը լայն է, եւ եթե մարդիկ ցանկանում են կարդալ միայն ընդդիմադիր կամ միայն իշխանամետ քարոզչություն, «սաքունցային» կամ «հակասաքունցային», «հոմոֆոբ» կամ «գունավոր» դատողություններ, նրանք կարող են ընտրել իրենց ուզածը, «սրտները հովացնել» իրենց ցանկալի դատողությունները կարդալով եւ չկարդալ այն, ինչ նրանց հոգեհարազատ չէ: Բայց կշտամբել որեւէ մեկին, թե ինչու ես դու հայտնում կամ հրապարակում մի տեսակետ, որի հետ ես համաձայն չեմ՝ դա, իմ կարծիքով, այնքան էլ խելամիտ չէ:

Ես գիտեմ Հայաստանում բազմաթիվ մարդանց, որոնք նայում են միայն «Ռոսիա – 24» եւ նմանատիպ ալիքներ ու դրանով են կազմում իրենց պատկերացումն աշխարհի մասին: Ցանկացած տեղեկատվություն, որը կհակասի նրանց այդ պատկերացմանը, այդ մարդկանց համար անընդունելի է: Ավելին՝ ես գիտեմ արբանյակային ալեհավաքների մի մասնագետի, որը պատմում էր իր հաճախորդներից մեկի մասին՝ վերջինս խնդրել էր իր տանը քաշել 28 պոռնոալիք: Նախընտրության հարց է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Փաստորեն ըստ Ձեզ՝ Ռուսաստանը էբոլայի և Ալքայդաի հետ մի շարքում դնելը՝ որպես չարիք, դա ընդամենը մարդկանց սեփական կարծիք է, որը պետք է ընդունել որպես մտքի և խոսքի ազատություն: Իսկ Ռուսական ԶԼՄ ները կարծիք չեն կարող ունենալ, այլ միայն քարոզ, քանի որ նրանք միայն մի առաքելություն ունեն՝ ծառայել Պուտինին…
    Ռուսական քարոզչության հետևանքով չէ, որ եվրոպայում ֆերմերները միլիարդների վնաս են կրում, կամ եվրոպայում սահմաններին պատեր են կառուցում, ծախսելով հարկատուների փողերը: Միայն չեմ հասկանում թե այդքան սոսկալի ռուսական տանկերից պաշտպանվելու համար այդ պատը ինչքանով է պաշտպանելու այդ սարսափից ցնորված մարդկանց: Արևմտյան քարոզչությունը մարդկանց մառազմի է հասցրել ոչ միայն հակառուսական, այլև բարոյական, ընտանեկան, և այլ ոլորտներում, և դրա ապացույցները ամենուր են:
    Իսկ շերտաքարային գազն ու նաֆթը իրականում բացի թանկ լինելուց՝ նաև հիմնովին ոչնչացնում է տվյալ տարածքի էկոլոգիան և իրոք որ ամերիկացիների հորինած փուչիկ է: Ի՞նչն է սուտ որ…. Կամ որ ամերիկացիները փուչիկներ հորինելու հետ սեր ունեն՝ գաղտնի՞ք է…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31