Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազգայնականության եւ կրիմինալի սերտաճման հնարավոր հետեւանքները

Օգոստոս 26,2015 15:30

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը`սահմանադրական
փոփոխությունների եւ ՀՅԴ-ի հաղթանակների մասին

-Շրջանառության մեջ գտնվող սահմանադրական բարեփոխումների նախագիծը ՀՅԴ-ն համարում է իր հաղթանակը: «Սահմանադրության այս նախագիծը 90-95 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին։ Մենք կարող ենք հայտարարել, որ իբրեւ քաղաքական մտածողություն, իբրեւ քաղաքական ուժ, որը իր պատկերացումներն ունի երկրի ապագայի հանդեպ, մեր տեսակետները, մեր մոտեցումները հաղթանակել են՝ չունենալով իշխանություն, չլինելով իշխանության մեջ, պառլամենտում ունենալով ընդամենը հինգ պատգամավոր։ Այսօր երկիրը այս Սահմանադրությամբ գնալու է այն ուղղությամբ, որը մենք գծել էին, որը մենք պատկերացնում ենք։ Որեւէ քաղաքական ուժի համար, ես կարծում եմ, ավելի մեծ հաղթանակ դժվար է պատկերացնել»,- երեկ ասել է Աղվան Վարդանյանը: Գուցե իրավացի են դաշնակցականները, գուցե ռացիոնա՞լ են առաջարկվող փոփոխությունները, գուցե դեմ արտահայտվող ուժե՞րն են, որ իրենց չբավարարված ռեւանշիստական ամբիցիաներն են ուզում առաջ մղել:

– Ինչքան տեղյակ է մեր հասարակությունը, սահմանադրական այս փոփոխությունների նախաձեռնողն, ընթացք տվողն ու իրականացնողը Սերժ Սարգսյանն է: Նա է, ինչ-ինչ շարժառիթներից ու նպատակահարմարություններից ելնելով մտահղացել այս գործընթացն ու հասցրել այս փուլին: Ես տեղյակ չեմ, իհարկե, թե ինչ չափի ու ինչ որակի մասնակցություն է ունեցել ՀՅԴ-ն այս գործին: Գոնե հրապարակավ, մինչեւ այս պահը, չէր հնչել միտք, որ փոփոխություններն արվում են դաշնակցության ծրագրերին համահունչ: Հիմա կամ պետք է փաստենք, որ սա դաշնակցության ծրագրերի իրականացումն է կամ պետք է փաստենք, որ ուրիշի նախաձեռնած ու ավարտուն տեսքի բերած գործը դաշնակցությունը փորձում է յուրացնել ու որպես սեփական հաղթանակ ներկայացնել: Մնում է, որ լրագրողները տեղյակ մարդկանցից հարցազրույցների միջոցով պարզեն, թե ո՞ր տարբերակն է իրական:

– Մենք, իհարկե, չենք սիրում պատմությունից դասեր քաղել, բայց քանի որ ՀՅԴ-ական վերնախավն այսօր ցնծության մեջ է, արդյոք, դրանից զգուշանալ է պետք: Ի վերջո, 1918-20 թվականների փորձն ունենք. իսկ պատմությունը, ինչպես կյանքն է ապացուցում, երբեմն սիրում է կրկնվել:

– ՀՅԴ վերնախավի ցնծությունն այսօր այնքան էլ էական չէ: Թեկուզ այն պատճառով, որ այդ վերնախավը, ինչքան էլ, որ իրենք փորձեն ցույց տալ, մեր երկրի ընթացքի վրա ծանրակշիռ ազդեցություն չունի: Բայց այդ վերնախավից բացի կան այլ ցնծացող ուժ կամ ուժեր, որոնց այսօրվա անպատասխանատու ցնծությունը մեր վաղվա վրա չափազանց թանկ կարող է նստել: Դուք ճիշտ եք, պատմությունը երբեմն կրկնվում է: Բայց սեփական պատմությունից ու սեփական սխալներից դասեր չքաղող մարդկանց համար, մեծամիտ ու պոռոտախոս մարդկանց համար, անպատասխանատու ու եսակենտրոն մարդկանց համար այն կրկնվում է ոչ թե երբեմն, այլ անընդհատ: Այս կարգի մարդիկ, իշխանական լծակներ ունենալիս՝ սեփական անձի ու թիմակիցների բարեկեցության ապահովմամբ տարված, ոչինչ չեն անում, որ պատմության ընթացքը փոխվի: Լողում են հոսանքին համընթաց՝ միայն ունեցածը պահեն: Այս մտածողությունն էր պատճառը, որ մենք 20-րդ դարի սկզբին այդքան ցավալի ու անվերականգնելի կորուստներ կրեցինք, հայրենիք կորցրեցինք: Այս մտածողությունն է պատճառը, որ այսօր գտնվում ենք այս հանգրվանում, որ անկախության հռչակումից այսքան տարի անց շարունակում ենք մնալ որպես ռուսական ազդեցության գոտի ու ֆորպոստ: Ցանկացած երկիր, ինչքան էլ, որ այն հզոր ու մեծ լինի, չափազանց լուրջ վտանգի է ենթարկվում, երբ նրա ղեկավարման ղեկին են մոտենում ազգայնականները: Նրանք իրենց անպատասխանատվությամբ ճակատագրական են դառնում: Ազգայնականությունը կործանարար է: Իսկ ազգայնականության ու կրիմինալի սերտաճումը էլ ավելի տխուր զարգացումների պատճառ կարող է դառնալ: Մեզանում այսօր հենց այդ սերտաճումն է իշխում:

– ՀՅԴ-ի ոգեւորությունը նաեւ ԲՀԿ-ին է փոխանցվել: Օրինակ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն այսօր առավել, քան շատ ՀՀԿ-ական գործիչներ, փորձում է արդարացնել այս բարեփոխումները, մինչդեռ տակավին վերջերս, երբ ԲՀԿ-ն դեռ Գագիկ Ծառուկյանն էր առաջնորդում, ԲՀԿ-ականները կտրականապես հրաժարվում էին փաստաթղթի շուրջ որեւէ բովանդակային քննարկումից: Այս ամիսների ընթացքում ՀՀԿ-ն եւ երկրի նախագահն ավելի ազնիվ, անկեղծ ու լա՞վն են դարձել:

– Չեմ կարծում, թե վատը վատագույնի հետ համեմատելու կարիքը կա: Իհարկե, ԲՀԿ-ի քաղաքական այս վայրիվերումների ու տվայտանքների ֆոնին ցանկացած այլ ուժ կարող է ընկալվել որպես սկզբունքայնության նմուշ: Բայց ես որեւէ մեկին, որեւէ քաղաքական ուժի սկզբունքայնության դասեր տալու կամ փնովելու խնդիր չունեմ: Դրա կարիքը չկա: Նրանք իրենք են զբաղված սեփական նկարագրի կերտմամբ ու ցուցադրմամբ:

– Առաջիկայում կրկին կմեկնարկեն նախագահի եւ քաղաքական ուժերի կոնսուլտացիաները սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակի շուրջ: Այս անգամ էլ լուսանկարներում նույն դեմքերին կտեսնե՞նք, թե՞ հետաքրքիր անակնկալների ականատեսը կլինենք:

– Նորից նույն ցուցակում գտնվող ուժերի ներկայացուցիչներն են կանչվելու նախագահական: Այլ ցուցակ չկա եւ նոր դեմքեր չեն լինելու: Բոլորին էլ ճանաչում ենք ու գիտենք ով՝ ով է եւ ով ինչո՞ւ ու ի՞նչ ծառայության համար է հայտնվել այդ ցուցակում: Լուսանկարներում նույն դեմքերն են լինելու: Այս դեմքերն ու այս ուժերը իշխանությունների կողմից հենց այս կարգի կարեւոր միջոցառումների համար էլ ժամանակին մտածվել ու կազմակերպվել են: Եվրոպացիները, որպես հավանության նախապայման, Սերժ Սարգսյանից պահանջել են, որ սահմանադրական փոփոխությունների հարցով երկրի ներսում հասարակական աջակցություն ստանա: Հրավիրվող այդ ուժերի ու գործիչների վրա դրված է նման աջակցության տպավորության ապահովման չափազանց պատասխանատու գործը: Բյուրոկրատ եվրոպացիներին սա բավական է:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
25.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31