Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ովքեր են խղճի եւ կրոնի ազատության դեմ հանդես եկողները

Օգոստոս 26,2015 15:00

Առավել զավեշտական է, որ եկեղեցու շահերի պաշտպանությամբ հանդես եկողների շարքերում անգամ երդվյալ կոմունիստ կա:

Խիստ խայտաբղետ են այն մարդկանց շարքերը, որոնք անունով՝ հանդես են գալիս հօգուտ ազգային արժեքների եւ ընդդեմ կրոնական կազմակերպությունների կամ աղանդների՝ ինչպես իրենք են դրանց անվանում: Իսկ իրականում՝ այդպիսով խախտում են Հայաստանի Սահմանադրության միանգամից մի քանի հոդվածներ. մասնավորապես՝ հոդված 26-ը, ըստ որի «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը», նաեւ հոդված 14.1-ը, ըստ որի արգելվում է խտրականությունը, կախված մասնավորապես կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից:

Սահմանադրական այդ հիմնարար ազատությունների դեմ պայքարողներից մեկն, ասենք, հոգեւորական է, որին մի առիթով պատասխանատության կանչեցին ասուլիսում իր արած պնդումների համար, թե Հայաստանի աղանդները տարեկան ստանում են կես միլիարդ դոլար ու այն օգտագործում են մեր պետությունը քայքայելու համար, եւ բացի այդ՝ Հայաստանում կա սեռական այլասերվածություն քարոզող աղանդ: Հոգեւորականը հրավիրվեց ԱԱԾ՝ բացատրություն տալու իր հայտարարությունների վերաբերյալ: Ու պարզվեց, որ ինքը սեռական այլասերվածություն քարոզող աղանդի մասին ուղղակի լսել էր մի երիտասարդից եւ այդ լսածը որպես փաստ ներկայացրել էր ասուլիսին: Կես միլիարդ դոլարի մասին պնդումն էլ՝ միայն լսածով: Բացատրության ժամանակ նաեւ ասել էր, որ չի պնդում, թե այդ տվյալները ճիշտ են, ինքը պարզապես ենթադրություններ է արել ու ահազանգել հասարակությանը:

Ի դեպ, հոգեւորականը որպես աղբյուր մատնանշել էր խղճի եւ կրոնի ազատության դեմ պայքարի մեկ այլ առաջամարտիկի, որն անգամ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարն էր պայմանավորել կրոնական կառույցներով՝ մասնավորապես խարիզմատներով, ու ոչ միայն. «Բաղրամյան փողոցի հենց այդ հատվածում է գտնվում ամերիկյան Ավետարանական եկեղեցու կենտրոնը»: Եվ երբ լրագրողներն առարկել էին, թե այդ հատվածում ոստիկաններն են կանգնած՝ մեկ է, չէր հանձնվել, թե այդքան էլ հեռու չէ՝ ինքը լավ գիտի շարժն ու մուտքերը:

Սակայն սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվության նման գերցածր աստիճան ունեցողների, ամեն գնով ուղղակի մամուլի ուշադրության կենտրոնում մնալ ցանկացողների այս շարքում առանձնահատուկ է, որ հայ եկեղեցու շահերի պաշտպանությամբ հանդես է գալիս հիմա սոցիալիստական շարժման, իսկ ավելի վաղ՝ կոմունիստական կուսակցության կարկառուն գործիչներից մեկը:

Դե, իհարկե, ով որ հիշողություն ունի կամ ծանոթ է պատմությանը՝ շատ լավ գիտի, թե խորհրդային տարիներին ինչպես էր պաշտպանված եկեղեցին, եւ ընդհանրապես՝ ինչպես էին լուծվում խղճի ազատության հարցերը: Շատերը չեն մոռացել, որ խորհրդային բազմաթիվ երկրների քրեական օրենսգրքերում համապատասխան հոդված կար, որով պատասխանատվություն էր սահմանվում կրոնական կազմակերպություններին մասնակցության եւ կրոնական քարոզչության համար: Այնպես որ՝ հիմա եկեղեցու անունով ծպտյալ նախկին կոմունիստներն ուղղակի շարունակում են այն գործը, որ սկսվել էր այդ տարիներին:

Բայց կարող էին, չէ՞, գոնե մի անգամ նախ մեղա գալ, ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ եկեղեցու, մարդկանց հավատի դեմ խորհրդային տարիներին էին անում մարտնչող աթեիստները կամ երբեմն անգամ անաստված մականունով հանդես եկողները, հետո նոր փորձեին հանդես գալ կաթողիկոսից ավելի առաքելականի դիրքերից:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31