Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյան.«Բիբինն ինձ համար մի հատ «վինտիկ է»

Օգոստոս 26,2015 14:00

ՀԾԿՀ նախագահն ասում է՝ լավ կլինի ՀԷՑ-ի սեփականատերը փոխվի

Երբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարեց, որ «Դելոիթ Քնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը 230 հազար դոլարով Հայաստանի էներգետիկ համարկարգում ուսումնասիրություն է անելու՝ պարզելու՝ արդարացվա՞ծ է հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելը, թե՝ ոչ, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն «Առավոտին» ասել էր, որ այս ծառայությունը ՀԷՑ-ի չարաշահումները չի բացահայտելու: Իսկ նախագահի հայտարարած՝ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին լուրն էլ դեռ մնում է լուր. որեւէ առաջխաղացում չկա:

«Առավոտը» Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս խորհրդատվությունն ու աուդիտը հող են պատրաստելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վաճառքի համար, որպեսզի գնորդի համար ՀԷՑ-ում տիրող իրավիճակն, եւ որ ամենակարեւորն է՝ գինը պարզ լինի: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում պարոն Նազարյանն ասաց, որ իրեն բոլորովին հետաքրքիր չէ, թե վաղը որեւէ մեկը կգնի՞ ՀԷՑ-ը, թե՝ ոչ. «Ինձ ավելի շատ հետաքրքիր է, որպեսզի մենք իմանանք իրականությունը՝ թե ի՞նչ է այնտեղ կատարվել ու կատարվում, եւ ի՞նչ պետք է անել վիճակը շտկելու համար: Կարծում եմ՝ աուդիտը շատ հարցերի պատասխանը կտա, բայց հետո ինչ զարգացումներ կլինեն, եկեք այդ մասին չխոսենք»:
Ըստ օրենքի, ՀԷՑ-ն առաջնահերթ պիտի վճարի մատակարարներին՝ էլեկտրաէներգիա արտադրող կայաններին, այս վճարումը կատարվում է ՀԷՑ-ի հատուկ հաշվից, որը վերահսկում է ՀԾԿՀ-ն: «Առավոտը» պարոն Նազարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պատահել, որ ՀԷՑ-ը 23 միլիարդ դրամ չվճարեց արտադրող կայաններին ու պարտքեր կուտակեց, բայց փոխարենը ճոխ ծախսեր արեց՝ թանկարժեք մեքենաներ ու բնակարաններ ձեռք բերեց, արդյոք հատուկ հաշիվը հանձնաժողովը չի՞ վերահսկել, եւ ինչո՞ւ շուտ չի կանխել ՀԷՑ-ի կուտակվող ծախսերը:

«Այս 2-ը՝ թանկարժեք մեքենաներն ու հատուկ հաշիվն, իրար հետ մի կապեք: Այո, ինքը խախտել է հատուկ հաշիվները: ՀԷՑ-ն իր բոլոր բաժանորդներին տվել է վճարային ուրիշ հաշիվներ, որը գնացել ու նստել է ոչ թե հատուկ հաշիվներին, այլ՝ ուրիշ հաշվին, որտեղից էլ կարողացել է առաջնահերթ այլ ծախսեր անել՝ բանկային պարտավորություններ, իր աշխատավարձը եւ դրա փոխարեն չի վճարել մեր գեներատորներին՝ արտադրողներին ու հիմա 23 միլիարդ դրամի պարտք ունի, որի համար պատժել ենք»,-ասաց Նազարյանը, նշելով, որ ՀԷՑ-ն իրավունք չուներ շրջանցել հատուկ հաշիվը:

«Ես չեմ ուզում արդարացնել նրան, անկախ նրանից, որ վնասներ է կրել, ատոմակայանը կանգ է առել, սակավաջրություն է եղել եւ այլն. մենք ասում ենք՝ 37 միլիարդ դրամի վնաս է կրել 3 տարիների ընթացքում ոչ իր մեղքով, դրա արդյունքում էլ ինքը գնաց այդ ապօրինի գործողություններին, եւ եթե նորից շարունակի, մենք ստիպված կլինենք լիցենզիայից զրկելու գործընթաց սկսել»,- վստահեցրեց հանձնաժողովի նախագահը: Նազարյանը, ինչպես բազմիցս ասել է, նորից կրկնեց՝ ՀԷՑ-ի ճոխ ծախսերը սակագնի մեջ ներառված չէ. «Դա գնում է իր շահույթից: էդ «Լեքսուսներ» ասածը, բնակարանների վարձակալությունը, ասենք՝ գործուղումներն ավելի շատ է անում, քան մեր սակագնում է նախատեսված, ներկայացուցչական ծախսերն ավելի շատ է անում, թանկարժեք բնակարաններ է վարձակալում թոփ մենեջմենթի համար, այդ ամենը զրո ենք դրել»: Մեր ճշտող հարցին՝ եթե հատուկ հաշիվը հանձնաժողովի կողմից վերահսկվում էր, ապա ինչո՞ւ շուտ չի կանխվել այդ հաշվից շրջանցումը, ինչո՞ւ չի զգուշացվել՝ որ մատակարարներին պիտի վճարի, չէ որ այդ 23 միլիարդ դրամը մեկ ամսում կուտակած պարտք չէ, Նազարյանն ասաց, որ զգուշացրել են: Զգուշացրել եք ու շարունակե՞լ է նույն ոճով աշխատել, մեր այս հարցին էլ Նազարյանն ասաց. «Հիմա դադարեցրել է: Մենք մեր գործառույթները կատարել ենք որքան հնարավորություն ենք ունեցել՝ շատ լավ»: Այսինքն՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինն, իմանալով, որ իր ճոխ ծախսերը ընկերության շահույթից է, ախորժակը չէ՞ր փոքրացնում, գուցե հույս ուներ, որ հայկական կողմը քանի տարի է հոսանքը թանկացնում է, ի՞նչ է եղել որ, այս անգամ էլ կթանկացնի ու իր ուզածի չափով. մեր այս դիտարկմանը Նազարյանն ասաց. «Բա շահույթի հաշվին է արել, միշտ էլ շահույթի հաշվին է արել: ԱԺ-ում էլ լսումների ժամանակ, որ Բիբինը չէր եկել, նամակ էր գրել, մեզ մեղադրում էր, որ սակագնային մարժան չենք ապահովել, բայց չի նշում իր փնթի աշխատանքները, եւ չի ասում՝ ի՞նչ պիտի անի»:

Արդյոք դուք ցանկություն չունե՞ք ՀԷՑ-ի կառավարիչին փոխել, ոչ թե Բիբինին, այլ՝ «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը փոխարինվի մեկ այլ ընկերությունով, մեր այս հարցին էլ՝ Ռոբերտ Նազարյանն ասաց. «Բիբինն այս ամբողջի մեջ մի հատ «վինտիկ է» ինձ համար: Իհարկե, այստեղ մայր ընկերության մոտեցումն է անընդունելի, որ տարիներ շարունակ տեսնելով ծախսեր է կատարվում այս ընկերությունում, որոնք սակագնի մեջ արտացոլումը չեն գտնում, ձեռքը չեն բռնում այդ գործադիր տնօրենի: Սա նշանակում է՝ այստեղ ոչ թե Բիբինն է մեղավոր, այլ այն բաժնետերերը, որոնք սրտացավ չեն իրենց իսկ սեփական շահույթը վատնելու, կորցնելու համար:

Օրինակ 102 միլիարդի ներդրումային ծրագիր են կատարել, 22.5 միլիարդ դրամը չի ներառվել սակագնի մեջ, բա իր սեփականատերը չի ասում՝ այս ի՞նչ է կատարվում, ձեռքները չի բռնել, ասել՝ եթե դուք այս ներդրումն իրոք արել եք, բա ինչո՞ւ հանձնաժողովը չի ընդունել, այդ գումարն իմ շահույթից գնաց: Սեփականատերը պիտի մտածի: Իրենք այդ գործոնների արդյունքում վնաս են կրում, իրենք պետք է ստանան տարեկան 14 միլիարդ դրամ շահույթ, ստանում են՝ զրո»:

Ինչի՞ մասին է խոսում սեփականատիրոջ այդ անտարբերությունը սեփական բիզնեսի նկատմամբ, այս հարցին էլ Նազարյանն ասաց՝ «Չեմ կարող ասել, իրենց է պետք հարցնել»:

ՀԷՑ-ը սնանկացման շեմի՞ն է, այս հարցին էլ Նազարյանն ասաց, որ եթե պարտքատերերից մեկը դիմի դատարան՝ նման գործընթաց կսկսվի, բայց քանի որ այդ ոլորտի մեր օրենսդրությունն այնպիսի բարդ գործոններ է պարունակում, դա կարող է այդ ընթացքում բերել իրավիճակի վատթարացման, ուստի լավ կլինի ուղղակի սեփականատեր փոխվի. «Գա սրտացավ, նորմալ մեկը, գնահատի վիճակը, ճիշտ ազդակներ հաղորդի, անցնեն ծախսային ամենամինիմալ ռեժիմներին»:

Հիմա ՀԷՑ-ն այնպիսի վիճակում է, վստահեցրեց Նազարյանը, որ վարկեր էլ չի կարողանում ստանալ, վարկ տվող չկա:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31