Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասսայականությունը բազմապատկվել է

Օգոստոս 26,2015 12:00

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվելու է սեպտեմբերի 6-ից 12-ը, կրկին Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում:

Հունիս ամսին կայացած հանրապետության ամենամասսայական մարզական միջոցառման 1-ին փուլին այս տարի ընդհանուր առմամբ Հայաստանի բոլոր 10 մարզերում, Արցախում եւ Երեւանում մասնակցել է 2065 ընտանիք: Նրանք երեխաների չորս տարիքային խմբերում մրցելով վեց մրցաձեւերում՝ ի հայտ են բերել144 ամենամարզական ընտանիքներին, որոնք եզրափակչում որոշելու են հաղթողներին եւ մրցանակակիրներին:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ծրագրում այս տարի էական փոփոխություններ են կատարվել, որոնց մասին «Առավոտին» տեղեկացրեց մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:

– Պարոն Ասրյան: Ինչո՞վ են պայմանավորված այդ փոփոխությունները:

– «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի նպատակը առողջ ապրելակերպն ու մասսայական ֆիզկուլտուրան հանրության շրջանում արմատավորելն ու տարածելն է, որն արդեն 11 տարի իրականացվում է ընտանիքներում: Սակայն գործընթացից դուրս էին մնացել հաշմանդամ ունեցող ընտանիքները: Դրա համար անցած տարվանից հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ներգրավեցինք նաեւ նրանց: Եզրափակչում հանդես եկան նաեւ հաշմանդամ ունեցող (անվասայլակով) 16 այդպիսի ընտանիքներ, որոնք պայքարում էին իրենց հարմարեցված վեց մրցաձեւերում: Այս տարի դրանց թիվն աճել է եւ այս պահի դրությամբ արդեն 19 ընտանիքից մասնակցության հայտ է ստացվել:

Ծրագիրը զարգացնելու եւ ընդլայնելու նպատակով հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հանձնարարությամբ «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթը բաժանվել է երեք ուղղությունների. «Լավագույն մարզական ընտանիք», «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»: Ընդորում, վերջին երկուսն անցկացվելու են առանձին՝ հոկտեմբեր ամսին:

– Երկու նոր մրցույթներ: Կմանրամասնե՞ք:

– Շատերին առաջին հերթին հետաքրքրելու է գումարային մասը: Հենց սկզբից ասեմ, որ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ընդհանուր գումարը, որ տրամադրում է պետական բյուջեն, մնացել է նույնը՝ 155 մլն, 840 հազար 800 դրամ: Այսինքն, չի ավելացվել: Այն ընդամենը բաշխվել է նշածս երեք ուղղությունների վրա. 119 մլն, 320 հազար, 800 դրամը՝ «Լավագույն մարզական ընտանիքին» ՝ ներառյալ հաշմանդամ ունեցող ընտանիքները, 16 մլն, 945 հազ, 300 դրամը՝ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթին եւ 19 մլն, 574 հազ, 700 դրամը՝ «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթներին: Ընդորում, այդ գումարների հիմնական մասը հատկացված է դրամական պարգեւատրություններին:

– Եթե ընդհանուր գումարը մնացել է նույնը եւ դրանից մասհանում կատարվել երկու նոր մրցույթներին, ուրեմն հիմնական մրցույթի եզրափակիչների պարգեւատրությո՞ւնն է նվազեցվել:

– Ոչ: Նման բան չկա: Ինչպես նախորդ տարիներին, եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբի, ինչպես նաեւ անվասայլակով հաշմանդամ ունեցող ընտանիքների հաղթողները եւ մրցանակակիրները անձամբ հանրապետության նախագահից կստանան, համապատասխանաբար, 500, 400, 300 հազարական դրամ, ըստ տարիքային խմբերի յուրաքանչյուր մրցաձեւի հաղթողների խրախուսական գումարները եւս նույնն են՝ 100, 50 եւ 30 հազարական դրամ: Մնացել են նաեւ նախագահի հավաստագրերը, բոլոր երեխաների իրային տեսքով նվերները:

Դուք մշտապես լուսաբանել եք այս մրցույթը եւ հիշում եք, որ 1-ին փուլի 60, 50, 40 եւ երկրորդ փուլի 150, 130, 100 հազար դրամ պարգեւներից բացի մենք ունեինք նաեւ վեց մրցաձեւերում առաջին տեղ գրաված ընտանիքների 20 հազարական դրամ պարգեւներ: Այդ 20 հազարական դրամներն ենք հանել, որի ընդհանուր գումարը կազմել է մոտ 36 միլիոն դրամ եւ ուղղվել երկու նոր մրցույթների կազմակերպմանը: Արդյունքում ստացել ենք այն, որ նույն միջոցներով կազմակերպում ենք արդեն երեք մարզական մասսայական միջոցառում՝ ապահովելով տարբեր տարիքային եւ սոցիալական խմբերի 7 հազարից ավելի մարդկանց մասնակցություն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31