Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր» կոռուպցիայի աստառն ու երեսը

Օգոստոս 26,2015 13:00

Հայաստանում գործում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ: Տարբեր առիթներով պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են այդ պայքարում հաջողությունների, որոշ ոլորտներում կոռուպցիայի ծավալների նվազման մասին: Օրինակ, վերջերս՝ Երեւանում ԵԽ գրասենյակի եւ ԿԳ նախարարության հետ համատեղ ներկայացրած «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի մեկնարկի ժամանակ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը մի ասացվածք մեջբերեց՝ «Ամեն ինչ կարելի է գնել փողով», ու հղում անելով Transparency International կազմակերպության տվյալներին, հավելեց, թե մի շարք երկրներում անցկացված հարցումներով կրթության ոլորտը համարվել է ամենակոռումպացվածը՝ տվյալ երկրի բնակչության 30%-ի կարծիքով, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն 2011-ին 94-րդ տեղում է եղել՝ 175 երկրների թվում, իսկ այս տարվա տվյալներով՝ 105-րդ տեղում: Այսինքն, փոխնախարարի ընկալմամբ՝ լուրջ առաջընթաց ունենք: Հայաստանի հակակոռուպցիոն հանձնաժողովին հեղինակավոր The Guardian-ն էլ է անդրադարձել՝ այն համատեքստում, որ կառույցը վատ մեկնարկ է տվել, որովհետեւ հարցեր են բարձրացվել դրա անդամ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի զանազան ծախսերի ու կասկածելի եկամուտների վերաբերյալ:

Կրթության փորձագետ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ չի հավատում այդ հանձնաժողովին. «Համատարած կոռուպցիայի պայմաններում ի՞նչ է անում վարչապետի գլխավորած կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, որի մեջ մտնում են մեր պետության բոլոր կոռուպցիոներները: Իրենք իրենց դեմ ո՞նց են պայքարելու»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ քանիցս հայտարարել է, որ կոռուպցիան ավելի շատ մտածելակերպային երեւույթ է, ու խոստովանել, որ կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերը դեռեւս իսպառ չեն վերացել:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կոռուպցիան կրթության ոլորտում հիմնականում արդյունք է պակաս ֆինանսավորման. «Երբ դու մարդկանց չես տալիս բավարար ռեսուրսներ, իրենց դրդում ես կոռուպցիոն քայլերի: Մյուս կողմից էլ՝ ես հակված չեմ նրան, որ եթե կրթության ոլորտին շատ գումար տան, կոռուպցիան կնվազի»: Մեր հարցին՝ եթե դասախոսը ստանա շատ բարձր աշխատավարձ, ուսանողն ավելի լա՞վ է սովորելու, այլ միջոցներ չի՞ փնտրելու բարձր գնահատական ստանալու համար, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց. «Բարձր աշխատավարձի դեպքում դասախոսների ավելի մեծ խումբ սկզբունքային կլիներ… Երբ դու մարդուն վճարում ես իր ապրելու համար անհրաժեշտ X գումարի 50%-ը, մյուս 50%-ը նա պետք է այլ աշխատանքներ կատարի ու վաստակի կամ կոռուպցիոն ձեւերով փող աշխատի»:

Կրթության փորձագետին ներկայումս մտահոգում է կրթության ոլորտում կոռուպցիայի հետեւյալ տեսակը, ասում է՝ կրթությունը դարձել է մի ոլորտ, որտեղ մասսայաբար խցկվում է՝ ով ասես. «Ցանկացած մարդ, որ ունի բարձրագույն կրթություն, կարող է այդ ոլորտում աշխատել՝ լինի նախարարություն, դպրոց, թե համալսարան: Եթե մարդը չունի գիտելիքներ, որպեսզի իրավաբան դառնա, տնտեսագետ կամ բժիշկ, ասում են՝ եկեք մի տեղ մի քանի ժամ տանք՝ դասավանդի կամ մի ամբիոնում լաբորանտ աշխատի: Կրթությունը դարձել է աշխատանքի տեղավորման բյուրոյի պես մի բան, կցորդային ոլորտ: Նույն տրամաբանությամբ էլ կատարվում է տնօրենների եւ ուսուցիչների աշխատանքի տեղավորվելը՝ ասում են մեղք է, ուրիշ տեղ չի կարող աշխատել կամ այսինչի ծանոթն է: Ստացվում է՝ հազարավոր երեխաներ տուժում են վատ մասնագետի կամ տնօրենի աշխատանքից, իրենց ապագան ստորադասվում է ինչ-որ մեկի այսօրվա շահերին…… Էլի կան կաշառքի ու կոռուպցիայի դրսեւորումներ, բայց մի նոր երեույթ էլ կա՝ ուսուցիչն աշակերտին կարող է դրական միավոր նշանակել, որպեսզի նա դպրոցից չգնա, քանի որ աշակերտների թվով է կատարվում ֆինանսավորումը: Նույնն էլ համալսարանը՝ դրական կնշանակի, որպեսզի չկորցնի բուհին ուսման վարձ վճարողի: Ուսանողներն էլ կրթությունն ընկալում են անլուրջ մի բան, ասում են՝ աշխատեմ դասի հաշվին, վարձ կտամ, գրպանի փող կունենամ: Փաստորեն, կրթությունն իմաստազրկվել է, նշաձողը շատ-շատ իջած է, հենց դրա տակ էլ գնում են կոռուպցիոն երեւույթները: Եթե նախկինում կրթության ոլորտում կոռուպցիան հիմնված էր դեֆիցիտի վրա՝ բուհ ընդունվելիս տեղերը քիչ էին, պայքարողները շատ, կամ դասախոս աշխատելը դեֆիցիտ էր, պատվաբեր, հիմա պատկերը էականորեն փոխվել է: Հիմա ուրիշ տեսակի կոռուպցիա է՝ ամեն ինչ կա, թափված է, ասում են, որ էդպես է՝ եկեք իրար հետ համաձայնենք: Կոռուպցիան հիմա էլ քանակի վրա է»:

Սերոբ Խաչատրյանը 10 միավորանոց սանդղակով (10-ը վերին շեմն է) գնահատելու դեպքում Հայաստանի կրթության ոլորտում կոռուպցիան 6-7-րդ հորիզոնականներում է տեսնում:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի համոզմամբ, մեր երկրում կոռուպցիան համակարգային է, իշխանության հետ ոչ միայն սերտաճած է, այլեւ իշխանության միսուարյուն դարձած երեւոյթ է: Հետեւաբար, նրա ձեւակերպմամբ. «Բոլոր ոլորտներում էլ այն աշխատում է, եւ ավելի լուրջ որոշումներ է կայացնում կոռուպցիան, քան օրենքը, եւ, բնականաբար, դա սկսում է արդարադատության ոլորտից: Որտեղ չկա արդարադատություն, օրե՛նքը չի որոշում ճիշտն ու սխալը, կոռուպցիան է դառնում որոշող»: Նրա ասելով, օրինակ, սովորական ավագանու անդամը, եթե իշխող կուսակցության ներկայացուցիչ է, ինչ էլ արած լինի, անպատիժ է մնում, չնայած նրան, որ շրջանցել է օրենքը, մինչդեռ նրա փոխարեն մի անպաշտպան քաղաքացի կպատժվեր օրենքի ողջ խստությամբ:

Անահիտ Բախշյանը փաստում է, որ բոլոր ոլորտներում կոռուպցիոն դրսեւորումների մասին նյութերով ու փաստերի վերհանումով մամուլը «ծփում» է: Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, տիկին Բախշյանի գնահատմամբ` այն կոռումպացվածությամբ 4-5-րդ տեղում է՝ 10 միավորով գնահատելու դեպքում: «Այստեղ էլ կոռուպցիան քաղաքականացված նշանակություն ունի, ուսումնական հաստատությունների ղեկավարները ՀՀԿ-ական են, գործում են ոչ թե կրթության շահերից ելնելով, այլ կուսակցության, հետեւաբար նաեւ հաճախ անպատիժ են մնում»:

Պատահում է, որ պատժվում էլ են, օրինակ, Երեւանի թիվ 27 հիմնական դպրոցում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանի դատախազի ցուցումով որոշում կայացվեց դադարեցնել նշված դպրոցի արդեն նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանի պաշտոնավարությունը, այնուհետեւ դրան հետեւեց դատական գործընթաց: Չնայած սրան, նույն տնօրենը այժմ էլ հավակնում է մասնակցել 27 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին: «Եթե դատապարտված տնօրենը նորից ընտրվի, ուրեմն կառավարման խորհրդի անդամներն ուղղորդված են, եւ սա կրթության ոլորտում կոռուպցիայի առկայության մասին եւս մի փաստ է, որը հովանավորվում է քաղաքապետարանի կողմից»,- ասում է Անահիտ Բախշյանը

Ամենաթարմ օրինակներից մեկն էլ Նոր կյանք գյուղի դպրոցի արդեն նախկին տնօրեն Արամ Ստեփանյանի պատմությունն է: Ըստ ԶԼՄ հրապարակումների, մինչեւ վերջերս նա անպատժելի էր, քանի որ ազդեցիկ թիկունք ուներ՝ ի դեմս վարչապետի: ԿԳ նախարարության աշխատանքի պետական տեսչությունը Նոր կյանքի դպրոցում անցկացրել էր ստուգումներ, որոնց ընթացքում հայտնաբերվել էին մի շարք խախտումներ: Ու այժմ այդ մարդը զրկվել է ղեկավարման իրավունքի հավաստագրից: Բայց հատուկենտ դեպքերը որակ չեն կազմում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ budapestbeacon.com

«Առավոտ» օրաթերթ
25.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31