Հայկական «Դետք» խումբն այսօր հանրությանը ներկայացրեց իր նոր՝ «Շուշի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Նոր երգի խոսքերի հեղինակը Համլետ Առաքելյանն է, երաժշտության հեղինակը՝ խմբի պրոդյուսեր Արման ԱՄՊ-ը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Գալստյանն է:
Սա նորաստեղծ խմբի երկրորդ տեսահոլովակն է: Առաջինի՝ «Forevermore»-ի (Հավերժից էլ երկար) շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլին: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Խմբի անվանումը պարզ բացատրություն ունի. «Դետքը» ռազմական եզրույթ է՝ երեք զինվորից բաղկացած խումբ, որի խնդիրն իրեն վստահված տարածքին հետևելն է։
2015 թվականի հունվարին ստեղծված խմբի անդամներն են Ներսես Ավետիսյանը, Արեգ Շահինյանը և Արման Պետրոսյանը, որոնք 17-19 տարեկան երիտասարդներ են։
Նրանք Aravot.am-ին պատմեցին, որ Արցախ այցելությունն այնքան է ոգևորել իրենց, որ միանգամից որոշել են՝ հաջորդ երգը Շուշիի մասին է լինելու:
«Մենք եղանք մեր հաղթական քաղաքում՝ Շուշիում, հիացանք նրա տեսարժան վայրերով, շփվեցինք այնտեղի մարդկանց հետ, ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, որ որոշեցինք տեսահոլովակ նվիրել Շուշիին ու ցույց տալ մեր տեսած գեղեցկությունները»,- ասում է Արեգ Շահինյանը:
«Արցախից Երևան վերադառնալուց կարճ ժամանակ անց իմացանք, որ արդեն ծնվել է Շուշիին նվիրված երգի երաժշտությունը, իսկ խոսքերն ընթացքի մեջ են»,- հավելում է խմբի մյուս անդամ Ներսես Ավետիսյանը:
Նկարահանումներն իրականացվել են Շուշիում ու տևել հինգ օր: «Շուշեցիներն այնպիսի հոգատարությամբ էին շրջապատել մեզ նկարահանումների օրերին, – պատմում է Ներսեսը,- նրանք քեզ այնքան գրկաբաց են ընդունում, երբ իմանում են, որ դու Երևանից եկել ու ինչ-որ բան ես ուզում անել այնտեղ: Մենք որոշ բակերում նկարահանումներ էինք անում, իսկ նրանք մեզ տուն էին տանում»:
Ի դեպ, «Դետք»-ն արդեն ձայնագրել է իր առաջին սիրային երգը, որը կոչվում է «Երկու թռչուն»: Խմբի մյուս անդամ Արման Պետրոսյանի փոխանցմամբ՝ այս երգի տեսահոլովակն ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի մինչև տարեվերջ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ