«Որքան էլ քննարկման ընթացքում շատ հնչեցված հարցեր շեղվում էին իրավական բնույթից և փորձում էին դրանք բերել քաղաքական հարթություն, այնուամենայնիվ, չնայած շատերի հակառակ սպասումներին, Վենետիկի հանձնաժողովի անդամները ունեին հստակ դիրքորոշում և չէին շեղվում իրենց սկզբունքային մոտեցումից՝ ժամանակ առ ժամանակ հիշեցնելով, որ նրանք փաստաթուղթը դիտարկում են իրավական տեսանկյունից և առաջին հերթին կարևորում են իրավական ճիշտ ձևակերպումները: Սա կարծում եմ շատ կարևոր է, քանի որ փաստաթղթի բարելավման համար էական նշանակություն ունի մասնագիտական մոտեցումը»,- Aravot.am-ի հետ զրույցում Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ այսօր կայացած հանդիպումից մանրամասներ պատմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Հիշեցնենք, այսօր`օգոստոսի 25-ին, ԵՊՀ-ում, Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ` սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումներ էին անցկացնում քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ՀՀԿ-ական պատգամավորը նկատում էր, որ քննարկումը բավականին ակտիվ էր, կարծիքները ներկայացնելու ազատ և անկաշկանդ մթնոլորտ էր, ու ՀՀ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ փորձագետներին կարողացան իրենց տեսակետները հայտնել սահմանադրության նախագծի տարբեր հոդվածների առնչությամբ:
«Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները փաստեցին, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծն, ընդհանուր առմամբ համապատասխանում է եվրոպական չափանիշներին, համաեվրոպական իրավական փաստաթղթերին, ինչպես նաև եվրոպական երկրների ժամանակակից սահմանադրություններին: Հանձնաժողովի փորձագետները արձանագրեցին, որ էականորեն հարստացվել է սահմանադրականացված հիմնարար իրավունքների ցանկը, բազմաթիվ իրավունքներ ստացել են սահմանադրական նորմի կարգավիճակ, և բացի այդ մի շարք իրավունքների սահմանափակումը ևս սահմանադրականացվել է: Ընդհանուր առմամբ փորձագետները ողջունեցին սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ նշելով, որ Վենետիկի հանձնաժողովի հետ բաց երկխոսության արդյունքում կարևոր բարելավումներ են կատարվել բարեփոխումների տեքստում:
Իհարկե, կշարունակվեն նախագծի վերաբերյալ քննարկումները քաղաքական բոլոր ուժերի և քաղաքացիական հասարակության հետ՝ հստակեցնելու բոլոր թյուրըմբռնումները և բարեփոխման համար ապահովելու հնարավորինս բարենպաստ միջավայր»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը`կարծիք հայտնելով, որ նման քննարկումները հնարավորություն կտան փաստաթղթում առկա դրույթները դիտարկել տարբեր տեսանկյուններից՝ այն դարձնելով ավելի որակյալ և կենսունակ՝ ի նպաստ ժողովրդավարության ամրապնդմանն ու օրենքի գերակայության:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ