Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրակրթությունը` գերակա ուղղություն

Օգոստոս 25,2015 20:24

Յուրաքանչյուր տարի այս օրերին Արցախի բոլոր շրջաններում և մայրաքաղաքում տեղի են ունենում օգոստոսյան խորհրդակցություններ կրթության ոլորտի աշխատողների մասնակցությամբ:

Օգոստոսի 25-ին հերթական խորհրդակցությունը տեղի ունեցավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն, դպրոցի դահլիճում՝ շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների, փոխտնօրենների, մեթոդմիավորումների նախագահների, մանկապարտեզների տնօրենների, աշխատակիցների մասնակցությամբ: Ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի(ԿԳՍ) նախարար Սլավա Սարգսյանը, փոխնախարար Միքայել Համբարձումյանը, կրթության պետական տեսչության պետ Սոս Արզումանյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք:

DSCN9803

 

Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, բացելով խորհրդակցությունը, շնորհավորեց գալիք տոների առթիվ և խոսքը տվեց կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանին: Ողջունելով ներկաներին՝՝ Վ. Մովսիսյանը հանդես եկավ զեկույցով՝ նշելով, որ  շրջվարչակազմի ղեկավարի որոշմամբ 2014-2015 ուստարվա սկզբին գործել   51 հանրակրթական դպրոց,    որից  40-ը՝ միջնակարգ՝ 2  մասնաճյուղով   և 11-ը   հիմնական: Ձևավորվել է 342 դասարան-կոմպլեկտ՝ 1786 աշակերտի ընդգրկմամբ: 2015թ. հունվարի 1-ից շրջանի հանրակրթական դպրոցներին տրվել է  իրավաբանական անձի՝  պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կարգավիճակ: Միաժամանակ  դպրոցների ֆինանսատնտեսական   գործառույթների ապահովման նպատակով ստեղծվել է «Քաշաթաղի շրջանի  հանրակրթական դպրոցների   տնօրենություն» ՊՈԱԿ-ը:

«2014-2015 ուստարվա սկզբին շրջանի հանրակրթական դպրոցների աշխատակիցների քանակը  եղել է 1097,   որոնցից   657 ուսուցիչ, 440 տեխնիկական աշխատող:

2010 թվականից յուրաքանչյուր ուսումնական տարի հանրակրթական դպրոցներն ավարտում են 95-100 աշակերտ, իսկ առաջին դասարան են  ընդունվում 190-200-ը։  2014-2015 ուստարում եղել է 102 շրջանավարտ, իսկ նախնական տվյալների համաձայն դպրոց են հաճախելու 205 և ավելի  առաջին դասարանցի։ Աշակերտների թվի աճը ուրախալի փաստ է, բայց դասարանների պակասը նոր խնդիրներ է առաջացնում: Որոշ դպրոցներ ունենում են նույնիսկ նոր մասնաշենքի կառուցման խնդիր:  Միայն 3 հանրակրթական դպրոց ունեն  համապատասխան մարզադահլիճ:

Ուստարվա ընթացքում Կովսական և Միջնավան քաղաքների  միջնակարգ դպրոցներին կից  գործել են  նախադպրոցական մեկական խմբեր՝ համապատասխանաբար 17 և 10 սանի  ընդգրկմամբ: Գործել է նախադպրոցական 3 հաստատություն՝ Բերձորի և Մոշաթաղի  պետական և Քարեգահի   բարեգործական մանկապարտեզները, իսկ  2014-ի հոկտեմբերի 27-ին ԼՂՀ կառավարության  աջակցությամբ Կովսականում բացվել է  60 տեղանոց մանկապարտեզ: Նախորդ ուսումնական տարում պետական միջոցներով հիմնանորոգվել է  Մովսեսաշենի հիմնական  դպրոցի շենքը,  Քարեգահի միջնակարգի տանիքը, իսկ ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպության ջանքերով, Ավետիք և Ազնիվ   Տատրյանների  հովանավորությամբ,  հիմնանորոգվեց Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի շենքը: Շարունակվում են  Կումայրիի և Հայկազյանի միջնակարգ դպրոցների շինարարական աշխատանքները:  Ուսումնական տարին նորոգված դպրոցում են սկսելու Արծվաշենի հիմնական դպրոցում:  Անհասկանալի պատճառներով հինգերորդ տարին է արդեն՝  ձգձգվում է Միջնավանի միջն. դպրոցի հիմնանորոգման  աշխատանքների ավարտը, որի հետևանքով   որոշ ծնողներ   դպրոցահասակ երեխաներին  այլ դպրոցներ են տեղափոխում:   Ներկայում ավարտվում է  Վուրգավանի միջնակարգ դպրոցի շենքի  հիմնանորոգման  աշխատանքները    մեր շրջանի և, հատկապես, կրթության բնագավառի  լավ բարեկամ «Հայրենասեր»   կազմակերպության աջակցությամբ։

Այնուհետև Վ. Մովսիսյանն անդրադարձավ նաև հաջողություններին, ձեռքբերումներին, թերություններին: Շրջանի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանների  24 աշակերտ  մասնակցել է  միասնական  քննություններին: Բացատրական աշխատանքներ են  տարվել 9-րդ դասարանն ավարտած  աշակերտների շրջանում  արհեստագործական հաստատություններում իրենց ուսումը շարունակելու ուղղությամբ:   9-րդ և 12-րդ դասարաններն ավարտած  40-ից ավելի շրջանավարտ ընդունվել են  միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Ուստարվա ընթացքում կրթության բաժնի տեսուչների կողմից  տեսչական այցեր են կատարվել   շրջանի 20-ից ավելի դպրոցներ, ցուցաբերվել է մեթոդական օգնություն:

ԼՂՀ կրթության գիտության և սպորտի նախարարության  աջակցությամբ և ՆՈՒՌ ծրագրի շրջանակներում 15 հանրակրթական  դպրոց ապահովվել է ինտերնետ կապով և միացել  «Dasaran.am» ցանցին:  Տարեցտարի ավելանում է  համացանցին միացող դպրոցների թիվը: Շրջանի հանրակրթական դպրոցները մանկավարժական կադրերով ապահովելու ուղղությամբ տարվել են աշխատանքներ, սակայն դեռևս մասնագետների կարիք կա, որի հիմնական պատճառը բնակարանային հիմնախնդիրն է:  Ուրախալի է, որ շրջանի դպրոցներն ավարտած աշակերտները, ԲՈՒՀ-երում ստանալով համապատասխան կրթություն, վերադառնում և լրացնում են մանկավարժների պակասը: Ելույթի վերջում  ներկաներին շնորհավորեց ուստարվա մեկնարկի  և ԼՂՀ անկախության  24-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով մեր երկրին  ամենակարևորը՝ խաղաղություն, բոլոր մանկավարժներին  հաջողություններով լի  բեղուն աշխատանքային տարի:

Իր ղեկավարած դպրոցի հաջողությունների և անելիքների մասին ելույթ ունեցավ Վարդուտի միջն. դպրոցի տնօրեն Ռաիսա Բաղիկյանը՝ նշելով, որ դպրոցում անցած ուստարում սովորել են 19 աշակերտ՝ 6 համակարգ-դասարանով: Կարևորելով գիտելիքի դերը նաև երկրի պաշտպանության բնագավառում՝ Ռ. Բաղիկյանը նշեց, որ իրենց կրթօջախում աշխատում են լավ կրթություն և դաստիարակություն տալ աշակերտներին: Այս առումով ներկայացրեց դպրոցական և արտադպրոցական  հաջողությունները, որոնց հասել է դպրոցը, չնայած փոքրաքանակ աշակերտներին: Հպարտությամբ նշեց, որ իրենց դպրոցի աշակերտուհի Տիգրանուհի Խաչատրյանն Արցախից միակն է, ով ընդունվել է Դիլիջանի միջազգային դպրոց: Շրջանավարտներից մեկ հոգի ընդունվել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ:

ԼՂՀ ԿԳՍ փոխնախարար Մ. Համբարձումյանը կարևորեց համացանցի դերը հանրակրթական դպրոցներում՝ այն համարելով անհրաժեշտ գործիք: Տեղեկացրեց, որ հանրապետությունում 70-ից ավելի դպրոցներ, այդ թվում նաև Քաշաթաղի շրջանից,  դեռևս համացանց չունեն: Կարևորեց համագործակցությունը «Dasaran.am»-ի, «ԱՅԲ»-ի հետ: Նշեց, որ հանրապետությունում արդեն մեծ թվով դպրոցականներ են մասնակցում «ԱՅԲ»-ի կողմից կազմակերպած «Մեղու», «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» խաղ-մրցույթներին: Գովեստով խոսեց քաշաթաղցիների մասնակցության վերաբերյալ: Շնորհակալություն հայտնեց բոլոր դպրոցներին, որ բազում միջոցառումներ են կազմակերպել «Հիշում եմ և պահանջում» խորագրով: Խոսելով դպրոցականների առարկայական օլիմպիադաներին աշակերտների մասնակցության մասին՝ նշեց, որ աճ զգացվում է, սակայն ցավալի է, որ բնագիտական առարկաների գծով հաջողություններ չեն գրանցվել: Եվ պատահական չէ, որ այսօր հանրապետության դպրոցներում հիմնականում ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ուսուցիչների պակաս կա: Մ. Համբարձումյանը նշեց նաև, որ ուսումնական ծրագրերում փոփոխություններ քիչ կան. դասագրքերի հարցը նույնպես լուծված է:

ԼՂՀ ԿԳՍ կրթության պետական տեսչության պետ Սոս Արզումանյանն իր ելույթում նույնպես շնորհավորեց գալիք տոների առթիվ և անդրադարձավ շրջանի հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում անցկացրած համակողմանի ստուգումների արդյունքներին: Տեղեկացրեց, որ կրթությոն պետական տեսչության կողմից շրջանի գրեթե բոլոր դպրոցներ այցեր եղել են, անցկացվել են ստուգումներ: Նշեց, որ անցած ուստարում նման ստուգումներ են անցկացվել Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2, Միջնավանի Գ. Ստարովոյտովայի անվ. Վանի միջնակարգ դպրոցներում և Բերձորի պետական մանկապարտեզում: Բոլոր կրթօջախներում էլ ստուգումների արդյունքները գնահատվել են բավարար:  Անդրադարձավ դպրոցների ղեկավարաշխատողների կողմից կատարված դասալսումների արդյունքին՝ որոշ դպրոցներում դրանք համարելով ոչ բավարար: Հորդորեց լուրջ վերաբերվել այս հարցին:

Խորհրդակցությունն ամփոփեց ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը:  Տեղեկացնելով, որ երկար տարիներ աշխատելով կրթության նախարարությունում, վաղուց է ծանոթ Քաշաթաղի շրջանի կրթության խնդիրներին՝ նշելով, որ միշտ նախարարությունն աջակցել է շրջանին: Դպրոցների հաջողության գրավականներից մեկը համարելով ներդպրոցական կարգապահությունը՝ տնօրեններին հորդորեց ճիշտ կազմակերպել գործընթացը, լուրջ վերաբերվել վերահսկողությանը: Խոսելով տնօրենների, փոխտնօրենների կողմից իրականացվող դասալսումներին՝ կարևորվեց դրանց դերը, որոնց արդյունքում ուսուցիչները պետք է անցնեն ատեստավորում: Կարևոր համարեց արտադպրոցական հաստատությունների դերը, որտեղ ստացած կրթությունը լրացնում է ուսումնական գործընթացին: Նշեց, որ այդ հաստատություններում պետք է շատ երեխաներ ընդգրկվեն:  Դպրոցներում աշակերտների քանակի հետ կապված՝ Ս. Ասրյանը նշեց՝ ցանկալի է, որ շատ աշակերտներ ունենանք, սակայն ուսուցիչներից է կախված, թե ինչ գիտելիք կստանան դպրոցականները՝ օրինակ բերելով Վարդուտի դպրոցի աշակերտների հաջողությունները:

Անդրադարձավ  շրջանավարտների մասնագիտական ընտրության հարցին՝ կարևորելով ճիշտ կողմնորոշումը: Ցավով նշեց, որ Արցախի պետական համալսարանում բնագիտական հոսքերում տարեկան 10-ից պակաս շրջանավարտներ են ընդունելության հայտ ներկայացնում, իսկ հումանիտար հոսքերում կոնկուրս է: Կրթության, գիտության և սպորտի նախարարը կարևորեց նաև այն, որ մեր երկրին զինվորականներ շատ են պետք, սակայն ռազմական հաստատություններ դարձյալ քիչ ընդունվողներ կան: Տեղեկացրեց նաև, որ շրջանից շախմատ դասավանդող որոշ ուսուցիչներ Ստեփանակերտում անցկացված դասընթացներին չեն ներկայացել: Հանձնարարեց կրթության բաժնի վարիչին՝ նրանց վերապատրաստման դասընթացների ուղարկել Երևան: Վերջում ԼՂՀ ԿԳՍ նախարարը շնորհակալագիր հանձնեց «Հայրենասեր»-ի համանախագահ Ստեփան Սարգսյանին՝ կարևորելով նման կազմակերպությունների ու անհատների դերը:

Իրենց հետաքրքրող հարցերն ու առաջարկները նախարարին ուղղեցին մի շարք դպրոցների տնօրեններ: Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, շնորհակալություն հայտնեց կրթության բնագավառի ղեկավարությանը՝ շրջանին մշտապես աջակցելու համար, շնորհավորեց գալիք տոների առթիվ՝ մաղթելով, որ խաղաղությունը տիրի մեր երկրին, և մեր երեխաններն ստանան հայեցի դաստիարակություն ու բարձր գիտելիքներ:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31