Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկցիները համոզել են

Օգոստոս 25,2015 19:00

Գեւորգ Դանիելյան. Երկրորդ փուլի հնարավորությունն ամրագրվելու է ընտրական օրենսգրքով

«Խորհրդարանական կայուն մեծամասնությունն ինքնին հանրային իշխանության իրականացման և քաղաքական գործընթացների երաշխիք է, որին այս կամ եղանակով հակվում են ժողովրդավարական հարուստ ավանդույթներ ունեցող բոլոր երկրները: Քաղաքական հարատև տարաձայնություններն առնվազն իրենց հանգուցալուծումը պետք է ստանան ընտրություններից հետո և ողջամիտ սահմաններում հարկ է նախապատվությունը տալ խորհրդարանական կայուն մեծամասնության ապահովմանը: Եվ որպեսզի կայուն մեծամասնությունը չդիտարկվի և չընկալվի իբրև անվերահսկելի քաղաքական գործունեություն, այն պարտադիր ուղեկցվում է փոքրաթիվ ուժերի լիազորությունների զգալի աճով, քաղաքացիական նախաձեռնությամբ դրսևորվող անմիջական ժողովրդաիշխանության լայն շրջանակներով և այլն, ինչի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների եզրակացությունը դրական է»,- Aravot.am-ի հետ զրույցում Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպումից մանրամասներ ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը:

Պարոն Դանիելյանից հետաքրքրվել էինք`ի վերջո ինչ համաձայնության եկան կայուն մեծամասնության եւ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի վիճելի հարցերի շուրջ:

Վենետիկի հանձնաժողովը, հիշեցնենք, իր եզրակացության մեջ նշել էր, որ այդ հարցերը ցանկալի է կարգավորվեն ընտրական օրենքով ոչ թե սահմանադրական նորմերով: Մինչդեռ մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացրած սահմանադրության նախագծում այդ դրույթները կարեւորագույններն են: Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից հետո, մասնագիտական հանձնաժողովի անդամներն իրենց հարցազրույցներում շարունակում էին պնդել, որ դրանք հենց սահմանադրությամբ կարգավորվող հարցեր պիտի մնան:

«Տարաձայնությունը տվյալ դեպքում խորհրդարանական կայուն մեծամասնություն երաշխավորելու եղանակների ու դրանց իրավական ամրագրման հարցի շուրջ է: Ինչևէ, համընդհանուր ընդունելի համարվեց այն դիրքորոշումը, ըստ որի՝ երկրորդ փուլի հնարավորությունը ամրագրվում է ոչ թե Սահմանադրությամբ, այլ ընտրական օրենսգրքով, մասնավորապես, Նախագծի 89-րդ հոդվածում սահմանվում է, որ ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել երկրորդ փուլի ինստիտուտը:

Սա սոսկ խմբագրական հարթությունում դիտարկելու հիմքեր չկան՝ խնդիրն այն է, որ դրանով նախապատվությունը տրվում է խորհրդարանական կայուն մեծամասնություն կազմելու առավել ճկուն եղանակների ներդրմանը, մասնավորապես, փորձագետների դիրքորոշումն այն է, որ քաղաքական զարգացումների այս փուլում երկրորդ փուլի անհրաժեշտությունը կարող է վիճահարույց չլինել, սակայն այն չի կարող միակ ու տևական ժամանակով կիրառվող միջոց համարվել:

Ըստ փորձագետների՝ որոշ դեպքերում իրավաչափ կարող է համարվել նաև «բոնուսի» ինստիտուտը, երբ որոշակի հարաբերական մեծամասնություն ունեցող խորհրդարանական ուժին բոնուսային կարգով տրվում է հավելյալ մանդատներ, սակայն այն ևս չի կարող միակ ու բոլոր ժամանակների համար անբեկանելի եղանակը համարվել: Քաղաքական զարգացումները հետագայում կարող են թելադրել հիշյալ նպատակին հասնելու այլ, այլընտրանքային ուղիներ, որոնք արդեն հետագայում առավել ընդունելի ընկալվելու հետ մեկտեղ, այլևս կհամարվեն Սահմանադրությանը ոչ համահունչ, ուստի Սահմանադրությունը չի կարող կանխատեսել և այդչափ հանգամանալից նախապես կարգավորել բոլոր հնարավոր տարբերակները: Ընդհանրապես քաղաքական զարգացումներին համահունչ իրավակարգավորումների առավել ճկուն համակարգ որդեգրելն իրավաչափորեն դիտարկվում է միանշանակ նախընտրելի ուղղություն, ուստի քննարկումների արդյունքում հիշյալ տարաձայնությունն ստացավ ողջամիտ լուծում»,- մանրամասնեց Գեւորգ Դանիելյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31