Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործընկերային կապեր հաստատելու առաջարկ՝ Կոլումբիայի Արմենիա քաղաքից

Օգոստոս 25,2015 18:12

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է Կոլումբիայի Հանրապետության Կինդիո դեպարտամենտի մայրաքաղաք Արմենիայի քաղաքապետի խորհրդական, քաղաքային խորհրդի անդամ Լուիս Ֆերնանդո Ռամիրեզ Էչեվերիի հետ, ով Երևանում է ճանաչողական այցով, ինչպես նաև Արմենիայի քաղաքապետի անունից Երևանի քաղաքապետարանին համագործակցության առաջարկությունը փոխանցելու նպատակով։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Արմենիայի քաղաքապետարանի նախաձեռնությունը` Վանո Վարդանյանը քաղաքապետի պատրաստակամությունն է փոխանցել հյուրին՝ առաջարկությունը քննարկելու և դրան ընթացք տալու վերաբերյալ։

«Երևանն այսօր համագործակցում է աշխարհի 50-ից ավելի քաղաքների հետ, անդամակցում է շուրջ 10 միջազգային կազմակերպությունների։ Ուրախ ենք մեր հանրապետությանը անվանակից քաղաքից գործընկերության առաջարկ ստանալու համար։ Երևանի քաղաքապետարանը բաց ու պատրաստակամ է` քննարկելու նոր համագործակցության այս առաջարկությունը ևս, և լիահույս ենք, որ այն լավ հիմքերի վրա կդրվի՝ զարգանալու հեռանկարով»,- նշել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը։

Կողմերը զրուցել են երկու քաղաքների քաղաքային տնտեսությունների կառուցվածքների,  զարգացման առաջնահերթ ուղղությունների մասին։

Արմենիա քաղաքի քաղաքապետի խորհրդական Լուիս Ֆերնանդո Ռամիրեզ Էչեվերին Վանո Վարդանյանին է ներկայացրել Արմենիայի հիմնադրման պատմությունը, քաղաքային տնտեսության առանձնահատկությունները՝ նշելով, որ Արմենիայում այսօր թեև չկա հայկական համայնք, այդուհանդերձ մեծ է համագործակցություն սկսելու ցանկությունը։

Արմենիա քաղաքն անվանումն ստացել է 1880 թ. տեղաբնակ հայերից մեկի կալվածքի անունից և վերջնականապես կոչվել է «Արմենիա» 1915 թ. հայերի ցեղասպանությունից անմիջապես հետո։ Լուիս Ֆերնանդո Ռամիրեզ Էչեվերին նշել է նաև, որ Արմենիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ին քաղաքում հայտարարվում է լռության րոպե։

Խոսելով 100-ամյա քաղաքի զարգացման տեմպերի մասին՝ Լուիս Ֆերնանդո Ռամիրեզ Էչեվերին նշել է, որ Արմենիան Կոլումբիայի սուրճի արտադրության կենտրոններից է  և սրընթաց զարգացման շնորհիվ կրում է «Հրաշքների քաղաք» երկրորդ անվանումը, ինչի շնորհիվ էլ զբոսաշրջային ոլորտում մեծ հաջողություններ ունի։

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31