Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն օգոստոսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Ա. Աղաբեկյանը կարևորել է ՀՀ ԲՆ համագործակցությունն Արցախի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ՝ բնական ռեսուրսների պահպանության և շահագործման առումով: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումներն առաջիկայում տալու են իրենց դրական արդյունքները:
Փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը Արամայիս Գրիգորյանին է հանձնել ԼՂՀ վարչապետի հուշամեդալը, որով նա պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևատրման համար՝ Ա. Գրիգորյանը վստահեցրել է, որ այսուհետ ևս ԱՀ համապատասխան կառույցի հետ ավելի կընդլայնեն համագործակցությունը՝ օրենսդրական դաշտի բարելավման, տեսչական ստուգումների իրականացման և լաբորատոր աշխատանքների կազմակերպման ուղղություններով:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին փոխվարչապետը հյուրերին է նվիրել արցախցի մեղվաբույծների արտադրանքը, որի անհատական փաթեթավորումն իրականացնում է «Արցախ մեղր» ընկերությունը: Իր հերթին Արամայիս Գրիգորյանը փոխվարչապետին է հանձնել ՀՀ «Կարմիր գիրքը»:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Կոմիտաս Կարապետյանի գլխավորությամբ:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին