Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կուխտային՝ պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ուկրաինական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման դիվանագիտական առաքելությունը պատշաճ իրականացնելու համար: Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել Իվան Կուխտային հետագա գործունեության մեջ:
ՀՀ Նախագահը և Ուկրաինայի դեսպանը համակարծիք են եղել, որ Հայաստանում հարգալից վերաբերմունք կա ուկրաինացի ժողովրդի և Ուկրաինայի նկատմամբ: Իվան Կուխտան այդ կապակցությամբ գոհունակությամբ է փաստել, որ նախօրեին Հայաստանում ուկրաինական համայնքի հետ հանդիպմանը վերստին զգացել է այդ ուշադրությունը և հոգատար վերաբերմունքը, որ տարիներ շարունակ ցուցաբերվում է համայնքի նկատմամբ: Նա վստահեցրել է, որ Ուկրաինայում բնակվող բավականին ակտիվ հայ համայնքի նկատմամբ ևս նույնպիսի վերաբերմունք կա:
Կարդացեք նաև
Դեսպան Կուխտան շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և ՀՀ պետական բոլոր մարմիններին՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Ուկրաինայում հնարավորինս շուտ խաղաղություն կվերահաստատվի, ինչը նոր հնարավորություններ կբացի նաև հայ-ուկրաինական մեծ ներուժը տնտեսական և այլ ոլորտներում լիարժեք օգտագործելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ