Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեզ օգնում են ընդամենը 14-15 տետրով, դե արի ու երեխաներիդ դպրոց ուղարկի». 14 երեխաների մոր դժգոհությունը (Տեսանյութ)

Օգոստոս 25,2015 17:20

Այսօր Շիրակի մարզպետարանում 9 ու ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին կառավարության կողմից բնակարանների գնման վկայագրեր հանձնելիս, այդ ընտանիքի մայրերը դժգոհեցին, որ կառավարությունը գրեթե ուշադրություն չի դարձնում իրենց ընտանիքներին: Ըստ նրանց, բազմազավակությունը Հայաստանում ոչնչով չի խրախուսվում, անկախ երեխաների քանակից՝ իրենց ապրելու միակ միջոցը մնում է նպաստը:

14 երեխաների մայր Լուսինե Մելքոնյանն ասաց. «Բազմազավակ ընտանիքի կարիքներն այնքան շատ են, որ կարելի է ասել՝ մեզ ոչնչով չեն օգնում: Սեպտեմբերի 1-ին 14 երեխաներիցս, ուսանողներին էլ հետը, քաղաքապետարանն ընդամենը մեկին է օգնում՝ ընդամենը 14-15 տետրով: Դե արեք 14 երեխայի ուղարկեք դպրոց. պայուսակ է պետք, հագուստ է պետք, սնունդի մասին խոսք չկա: Սնունդն էլ տարին մեկ օգնում է քաղաքապետարանը: Պետական աջակցություն չկա, պետք է ուժերիդ վրա վստահ լինես ու խնդրես Աստծուն, որ կարողանաս պահել երեխաներիդ: Աշխատանք չկա, բնական է բազմազավակ ընտանիքի մայրն էլ չի կարող աշխատել, ահավոր բարդ է: Աշխատում ենք երեխաներին այնպիսի արհեստ սովորեցնել, որ կարողանան գոնե իրենք իրենց ապահովեն հագուստի հարցում: Մենք նպաստի հույսի ենք, ամուսիննս էլի մանր-մունր աշխատանքներով փող է վաստակում:

Մեր խնդրանքն այն է, որ գոնե դիմում ենք մի հարցով կառավարությանը, առաջնահերթ օգնեն, ոչ թե թողնեն 20-25 տարի հետո: Հիմա ցանկություն ունենք մի հարցով դիմելու, բայց մինչեւ լինի, գուցե մենք ողջ չլինենք…Մեկ-մեկ դիմել եմ մարզպետարան՝ դպրոցականների հարցով, օգնել են 10 հազար դրամով, որը շատ չնչին է 14 դպրոցականի համար:

Ցանկալի է, որ մեզ հիշեն սեպտեմբերի 1-ին կամ ընտանիքի օրը: Մարտի 8-ին գոնե բազմազավակ մայրերին հիշեին, որ այդ ծանր, դժվարություն կրած մայրերը այդ մի օր կարողանային ուրախանալ, թեթեւանային իրենց հոգսերից: Նույնիսկ սպասումով մնացել ենք, որ մարտի 8-ին մեզ անպայման կշնորհավորեն, ինչ-որ բան կանեն, գոնե մի ծաղիկով կարելի է շնորհավորել բազմազավակ մորը»:

Ըստ տիկնոջ, այժմ հասարակության վերաբերմունքն էլ է փոխված բազմազավակ ընտանիքների հանդեպ, անգամ դպրոցում, երբ փող են հավաքում, նույնիսկ ծնողները հաշվի չեն առնում, թե երեխան բազմազավակ ընտանիքից է, կարելի է զեղչել գումարը կամ չվերցնել:

Անուշադրության մատնված ընտանիքի մայրը, այդուհանդերձ, խորհուրդ է տալիս շատ երեխաներ ունենալ: Ըստ նրա, երեխան ընդհանրապես մեղք չունի պետության վիճակի համար, երեխան Աստծո պարգեւն է. եթե Աստված տալիս է՝ պետք է ունենալ:

10 երեխաների մայր Լիլիթ Խաչատրյանն էլ նեղվեց, որ կառավարությունը մեկ-մեկ է հիշում ու աջակցում իրենց: «Կարելի է ասել, որ մարզպետարանում են հիշում, եղել է մարտի 8-ին շնորհավորել են, դպրոցականներին գումար են տվել, որ գրենական պիտույքներ գնենք: Ինչքան էլ շատ երեխաներ ունենաս, չէի ասի, թե պետությունը պատրաստ է օգնելու, խրախուսելու, պետությունից ստացածներս միայն նպաստն է», – ասաց Լիլիթ Խաչատրյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31