Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ մտադիր են Սեւանի ջո՞ւրը վաճառել կամ նվիրել Իրանի Ուրմիան փրկելու համար (Տեսանյութ)

Օգոստոս 25,2015 16:22

Վերջերս իրանցի պատգամավորներից մեկը հայտարարել է, որ Ուրմիա լճի ցամաքումը կանխելու համար Վրաստանից եւ Հայաստանից են ջուր տանելու. այս խնդրով մտահոգված են Հայաստանի բնապահպանները:

Այսօր «Հենարան» ակումբում բնապահպան Սիլվա Ադամյանն ասաց, որ ինքը նման տեղեկատվության հանդիպել է նաեւ իրանական լրատվական կայքերում, ապա իր կապերով ճշտել է, որ իրականում Իրանում կա նման մտադրություն:

Հասկանալու համար, թե ինչ է պատրաստվում անել հայկական կողմը, էկոլոգիական դաշինքը նամակով դիմել է ՀՀ կառավարությանը, սակայն 10 օրից ավելի է՝ որեւէ պատասխան չկա:

Տիկին Ադամյանն ասաց, որ ինքը նաեւ տեղեկություններ է ստացել, որ իրանական կողմն անգամ մտադիր է Վանա լճից ջուր տանել Ուրմիան լցնելու համար:

«Ես երեկ հեռուստատեսությամբ, չգիտեմ որ ալիքն էր, որովհետեւ չէի նայում, ականջի պոչով լսեցի, ասացին, որ Հայաստանը տարանցիկ երկիր է լինելու Ուրմիան ջրով լցնելու համար: Ի՞նչ կապ ունի Սեւանն այստեղ, ես չեմ հասկանում»,-ասաց Սիլվա Ադամյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ բնապահպան Ինգա Զառաֆյանն էլ ասաց, որ Ուրմիա լճի խնդիրը Իրանի համար քաղաքական հարց է, լճի շրջակայքում հիմնականում ադրբեջանցիներ են, եւ քանի որ լիճը ցամաքում է, մարդիկ աստիճանաբար լքում են այն տարածաշրջանը: Ուստի լճի վերականգնման համար տարիներ առաջ իրենց նահանգապետը դիմել էր Իրանի նախագահին:

Ուրմիայի հետ կապված այս խնդրի մասին, ինչպես ասաց Զառաֆյանը, իմացել է 2012 թվականին, երբ Մեղրիում Արաքս գետի վրա պիտի ՀԷԿ կառուցվեր, սակայն պարզվեց, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնները գետն այնքան են աղտոտել, որ ջուրը ՀԷԿ-ի համար պիտանի չէր: Այսինքն, գետում առկա արտադրական թափոնները կարող էին ՀԷԿ-ի սարքավորումները վնասել, ուստի ծրագիրը կյանքի չի կոչվում:

Զառաֆյանի ներկայացմամբ՝ քաղաքական մեկ այլ խնդիր էլ, որը ի վնաս Հայաստանի շրջակա միջավայրի է լինելու, Սյունիքի մարզի 50 հեկտար արոտավայրերի վարձակալությամբ տրամադրումն է իրանցիներին, որպեսզի վերջիններս իրենց ոչխարներին մեր հողերում արածեցնեն: Զառաֆյանն ասաց, չնայած, որ այս մասին հերքում են համապատասխան անձինք, մինչդեռ բնապահպաններն ունեն այն փաստաթուղթը, որով իրանական կողմի հետ համաձայնագիր կա:

Տիկին Զառաֆյանն այս օրինակները ներկայացնելով, վստահեցրեց, որ Հայաստանի օգնությամբ Ուրմիա լճում ջուր լցնելու լուրն էլ գուցե սկզբում հերքվի, բայց վերջում, ինչպես միշտ, այն իրականություն դառնա:

«Թույլ չենք տալու նման բան, եթե Հայաստանի ջրային ռեսուրսների հաշվին, որի կարիքը Հայաստանն էլ ունի, փորձ արվի աջակցել Իրանին, ապա բոլոր դեպքերում մենք թույլ չենք տալու նման բան»,-ասաց Զառաֆյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի ճշտող հարցին՝ այսինքն՝ մտավախություն կա, որ Սեւանա լճի ջուրը կվաճառեն իրանական կողմին՝ Ուրմիան վերակենդանացնելու համար, եւ ինչ մեթոդներով կարող են դա անել, բանախոսներն ասացին՝ «Չգիտենք՝ կվաճառե՞ն, թե՝ կնվիրեն: Դա կոչվում է աջակցություն: Մի հատ խողովակ են քաշում ու տանում են ջուրը»:

Մանրամասն՝ տեսանյութում

«Մենք թույլ չենք տա, որ դուք Սեւանին վերաբերվեք այնպես, ինչպես ամբողջ երկրի հետ, զգույշ եղեք»,-բնապահպանները դիմեցին կառավարությանը:

Սիլվա Ադամյանն էլ ասաց, որ Սեւանա լճի ափամերձ տարածքները աղբի մեջ կորած են, ջրի տակից ցցված են երկաթբետոնյա կոնստրուկցիաների մնացորդներ, հավանաբար նախկինում եղած ինչ-որ շինությունների մնացորդներ են, շշեր ու այլ տեսակի աղբ. «Լիճը սարսափելի վիճակում է, ափերն աղտոտված են, մաքրման ոչ մի աշխատանք չի կատարվում, ճահճացած հատվածներ կան: Հետաքրքիր է՝ Սեւանի էդ խորհուրդը ինչո՞վ է զբաղված»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31