Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճար պանիրը միայն թակարդում է լինում կամ Օրանժ-Արմենիայի կարապի երգը

Օգոստոս 25,2015 15:36

Երեկ հերթական անգամ լսեցի Օրանժ-Արմենիայի գովազդը: Նա էլի սմարթֆոններ էր առաջարկում: Հայաստանի սմարթֆոնիզացիայով Օրանժ-Արմենիան սկսել է զբաղվել վաղուց: Արտաքնապես նպատակն անմեղ, գրավիչ եւ օգտակար է թվում: Իսկապես, ի՞նչ վատ բան կա նրանում, որ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ «անվճար» ձեռք բերեն սմարթֆոններ եւ օգտվեն դրանց առավելություններից: Ոչ մի վատ բան չկա:

Օրանժ-Արմենիան համապատասխան պայմանագիր ստորագրելու դիմաց հաճախորդին անվճար սմարթֆոն է տրամադրում: Պայմանագիրը կնքվում է հիմնականում երկու տարի ժամկետով՝ ամսեկան ,հիմնականում, 6000 դրամ գումար վճարելու պայմանով: Վճարած գումարը եւս չի կորում՝ հաճախորդը դրա դիմաց ստանում է րոպեներ ցանցի ներսում, ցանցից դուրս ինչպես նաեւ համացանցից օգտվելու եւ հաղորդագրություններ գրելու իրավունք: Հաճախորդն Օրանժ-Արմենիայի հետ կնքված պայմանագրի ուժով պարտավորվում է, օրինակ՝ 2 տարի շարունակ ամսեկան , օրինակ՝ 6000-ական դրամ վճարել: Ա

ռաջին հայացքից ազնիվ, շահեկան պայմանագիրը հաճախորդի համար շատ անգամ իրական մղձավանջի է վերածվում: Սմարթֆոնը ստանալուն պես հաճախորդն արդեն հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ՝ սմարթֆոնը պարունակող տուփի վրա ինչպես նաեւ կից փաստաթղթերում, տարբեր լեզուներով բազմիցս նշվում է, որ այն ունի 2 տարվա երաշխիք, այնինչ Օրանժ-Արմենիայի աշխատակիցների կողմից տրամադրված տեղեկացմամբ նշվում է 1 տարի երաշխիքի մասին:

Առաջ անցնելով ասեմ, որ 1 տարի երաշխիքային սպասարկումն ընդունելի տարբեր սարքերի, սակայն ոչ Օրանժի սմարթֆոնների համար: Մեկ-երկու շաբաթ օգտագործելուց հետո սմարթֆոնի մոտ հայտնաբերվում է «ծրագրային խնդիր», ընդ որում խնդրի առկայությամբ սմարթֆոնից հնարավոր չէ օգտվել՝ անհնար է զանգերի կատարումն ու ընդունումը:

Ինչ-որ տեղ հանապազօրյա հաց վաստակող եւ 2 տարվա պայմանագրով Օրանժի հետ կապված քաղաքացին պետք է ժամանակ գտնի եւ այցելի Օրանժի սպասարկման կետ, որն, ի դեպ, միայն Հյուսիսային պողոտայում է գտնվում: Սմարթֆոնի «ծրագրային խնդիրը» տեղում կլուծեն: Սակայն այն նորից կառաջանա 24-48 ժամ հետո: Քաղաքացին կրկին պետք է ժամանակ գտնի՝Օրանժի սպասարկման կետն այցելելու համար: Նրան կրկին կառաջարկեն տեղում լուծել խնդիրը, սակայն փորձ ունեցող եւ ժամանակը գնահատող հաճախորդը կհրաժարվի տեղում մատուցած ծառայություններից եւ կպահանջի կատարել երաշխիքային սպասարկմամբ նախատեսված գործողություն: Նա կհանձնի սմարթֆոնը եւ շատ անգամ առանց հեռախոսի (Օրանժն ոչ միշտ է տրամադրում փոխարինող հեռախոս) կհեռանա:

Օրանժի երաշխիքային սպասարկումը տեւում է 21 օր: Այդ ժամկետը լրանալուց հետո հաճախորդը եւս հավես ու ժամանակ է գտնում, որպեսզի հետ վերցնի վերանորոգման հանձնած սմարթֆոնը: Այն 1-3 շաբաթ օգտագործելուց հետո ի հայտ է գալիս եւս մեկ խնդիր՝ պարզվում է, որ սմարթֆոնը ինքն իրեն անջատվում է: Եվս հավես ու ժամանակ, որ հասնեք Հյուսիսային պողոտա եւ լսեք սմարթֆոնի հիվանդության հերթական ախտորոշումը, այն է՝ փչացել է մարտկոցը: Եվս 21 օր, եւս հավես ու ժամանակ:

Դրանից հետո եւս 1-3 շաբաթ, էլի չի աշխատում՝ այս անգամ ոնց-որ սենսորն է: Ու այդպես շարունակ: Եթե ժամանակ կամ հավես չունեք Օրանժի սպասարկման կետն այցելելու համար կամ արդեն հոգնել եք Օրանժի ամեն անգամ փչացած վիճակում գտնվող սմարթֆոնից, ապա կարող եք դիտողություններ ներկայացնել Օրանժի 555 ծառայությանը: Սակայն ապարդյուն, քանի որ դիտողությունները ներկայացնելուց 5 օր անց Ձեզ հետ կկապնվի ոմն Մոնիկան եւ կառաջարկի այցելել Հյուսիսային պողոտայի Օրանժի սպասարկման կետ, իսկ եթե ոչ, ուրեմն կամ վճարեք Օրանժին ամսեկան նախատեսված գումարը եւ նստեք առանց կապի կամ էլ վճարեք սմարթֆոնի գումարը եւ չեղարկեք պայմանագիրը:

Ի դեպ, ինչպես հասկացաք խոսքը փչացած սմարթֆոնի մասին է: Եթե հաշվենք այն ժամանակահատվածը, երբ Օրանժի սմարթֆոնը գտնվում է անսարք վիճակում եւ դրան գումարենք այն վերանորոգելու համար Օրանժի նախատեսված եւ բազմազան մոնիկաների հետ բանակցելու ժամանակն, ապա կպարզվի, որ ձեռքբերման օրվանից Օրանժի սմարթֆոնը ավելի շատ անսարք վիճակում է գտնվում, քան սարքին:

Դրանից բացի՝պարզվում է, որ Օրանժի կողմից Հայաստան ներկրված «Ֆլայ» մոդելի սմարթֆոնների բաղկացուցիչ մասերը շատ անգամ բացակայում են եւ դրանց դարձնում անօգտագործելի: Օրինակ՝ եթե սմարթֆոնի վրայից կորչի ձայնը կարգավորող կոճակը, ապա սմարթֆոնն անօգտագործելի կլինի քանզի Օրանժը սմարթֆոններ ներմուծելիս «պատահմամբ» մոռացել է դրանց բաղկացուցիչ մասերի մասին:Այսպիսին է սմարթֆոնիզացիան ըստ Օրանժի:

Այժմ՝ ըստ մամուլի հրապարակումների Օրանժ-Արմենիան հեռանում է Հայաստանից: Կազմակերպության բաժնեմասերը գնել է Յուքոմ-ը: Արդյոք շարունակվելու է սմարթֆոնիզացիան, ըստ Օրանժի տեսության, թե մենք ականատես ենք Օրանժ-Արմենիայի ռիսկային գործունեության վերջին ակորդներին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ . Բերված օրինակներն իրական են, Օրանժ-Արմենիայի հետ՝ անվճար սմարթֆոնի ձեռքբերման պայմանագիրը դժբախտաբար ես եմ կնքել, քանզի մոռացել էի, որ անվճար լինում է միայն պանիրը թակարդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    Օրանժը վաղուց է պայմանագրի ուժով թալանում մարդկանց:Տասնյակ հազարավոր քաղաքացիներ են ընկել օրանժի այդ թակարդը, իսկ նրանց վարձած իրավաբանական գրասենյակները լծված են ժողովրդից շորթելու գումարները:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31