Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին է զանգահարել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանի անունից փոխանցել առաջարկություն, որ չորեքշաբթի օրը, երբ ինքը սկսելու է կոնսուլտացիաների շարքը, առաջինը հանդիպի ՀԱԿ-ի հետ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Լեւոն Զուրաբյանը:: Նրա խոսքերով՝ «Ես պատասխանել եմ, որ մենք շատ լավ հասկանում ենք Սահմանադրական այս ամբողջ գործընթացի նպատակը: Մենք այդ նպատակը համարում ենք անընդունելի եւ հանրային մեր դիրքորոշումը հայտնել ենք: Վստահ ենք, որ որեւէ խոսակցություն այդ առումով իմաստ չունի, քանի որ այդ նպատակը չի փոխվելու»:
Թե ինչու է Սերժ Սարգսյանը առաջնահերթությունը ՀԱԿ-ին տվել եւ փորձել առաջինը հենց Կոնգրեսի հետ հանդիպել՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես չեմ հարցաքննել Վիգեն Սարգսյանին, ընդամենը տվել եմ պատասխանը, որը մեր քաղաքական ուժի հետ բանակցված եւ որոշված պատասխան էր»:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք ակտիվ կմասնակցեն խորհրդարանական քննարկմանը նախագծի, հետո կփորձեն հանրությանը համախմբել, պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները՝ ժողովրդին հասցնելու ճշմարտությունը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ԲՀԿ-ի դիրքորոշմանը՝ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Մեր փիլիսոփայությունը հետեւյալն է՝ բոլոր ուժերը, որոնք պայքարում են ոչ-ի համար, գտնվում են Սահմանադրության պաշպանության դիրքերի վրա, համախմբված են»:
Հարցին՝ ԲՀԿ-ին կարելի՞ է ասել, որ կորցրեցիք վերջնականապես՝ որպես դաշնակից՝ նա պատասխանեց. «Կյանք է, ամեն ինչ էլ լինում է: Ես չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժ կարող է շահել, եթե նա չի մտնում Սահմանադրության պաշտպանության գործի մեջ՝ իշխանությունների ոտնձգություններից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ