Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողով. «Չենք կարող ձեզ սերտիֆիկատ տալ, որ 2-3 տարի հետո ժողովրդավարությունն ավելի լավ կլինի»

Օգոստոս 25,2015 13:24

«Մենք առաջարկում ենք ընդհանրապես հանել 89-րդ հոդվածից 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը»,- այսօր այսպիսի հայտարարություն արեցին Վենետիկի հանձնաժողովի անդամները հրավիրած ասուլիսում:

Հարցին՝ արդյոք կարո՞ղ եք երաշխավորել, որ այս փոփոխություններից հետո ՀՀ Սահմանադրությունն ավելի ժողովրդավար կլինի, չի տուժի, դեռ մի բան էլ կզարգանա ՀՀ-ում՝ Վենետիկի հանձնաժողովի անդամ Կրիստոֆ Գրաբենվարտերը պատասխանեց. «Մենք այն մարմինը չենք, որ կարող է երաշխավորել ամբողջ գործընթացը: Չենք կարող ձեզ սերտիֆիկատ տալ, որ 2-3 տարի հետո ժողովրդավարությունն ավելի լավ վիճակում կլինի, քան այսօր: Մենք կարող ենք նայել տեքստին եւ գնահատել, թե համահունչ է այն լավագույն պրակտիկային, որը գոյություն ունի սահմանադրական իրավունքի ոլորտում եւ միջազգային նորմերին: Խնդիրը նրանում է, որ դու չեք կարող չափել ժողովրդավարությունը: Չենք կարող ասել ՝ այսօր 5 է կամ 3»:

Հարցին՝ նախագահի կայքում տեղադրված է, որ հանձնաժողովի հետ սկզբունքային տարաձայնություններ չեն եղել նախագծի վերաբերյալ, իրո՞ք սկզբունքային տարաձայնություններ չունեք, կարո՞ղ ենք արձանագրել, որ ձեր առաջարկությունների մեծ մասն ընդունվել է՝ հանձնաժողովի անդամները պատասխանեցին. «Կան էական կետեր, որ մենք բարձրացրել ենք եւ նշել, որ մենք դեռեւս չենք հասել լավագույն պրակտիկային: Ամեն ինչ կախված է, թե ինչպես են մենք մեկնաբանում մեր հայտարարությունները: Յուրաքանչյուրը կարող է վերցնել մեր հայտարարությունները եւ ներկայացնել իր եզրակացությունները: Մենք չենք մեկնաբանում մեր հայտարարությունները եւ համապատասխանացնում ձեր քաղաքական բառամթերքին»:

Հարցին՝ քաղաքական ուժերը մոտ երկու ժամ ներկայացրեցին իրենց մտահոգությունները, շատերը նշում են, որ այս գործընթացի նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրվելն է, արդյոք երեկ նման հարց ուղղե՞լ եք Սերժ Սարգսյանին եւ ինչպիսի՞ պատասխան եք ստացել Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն ունե՞ն մտահոգություններ՝ Կրիստոֆ Գրաբենվարտերը պատասխանեց. «Երեկ երեկոյան հանդիպում եղավ եւ այսօր առավոտյան նաեւ: Հանդիպումները ցույց են տալիս, որ մենք պետք է կատարենք մեր աշխատանքը բավականին թեժ մթնոլորտում, որտեղ կան հակասություններ, բայց Վենետիկյան հանձնաժողովի մանդատը եւ լիազորություններն այլ են, քան այն, որոնց փորձում են հասնել քաղաքական ուժերը: Որպես փորձագետներ, մենք բարձրացնում ենք այն հարցերը, որոնք չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: Վենետիկի հանձնաժողովը չի կարող ասել՝ դա այդպե՞ս է, թե՞ չէ, ճի՞շտ է թե՞ սուտ, որովհետեւ դա մեր լիազորություններից դուրս է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31