Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Նժդեհից ետ` Մարշալ Բաղրամյան ու կրկին դեպի ազատ մարդ՝ Ժիրայր Սեֆիլյան

Օգոստոս 25,2015 12:51

Հովհաննես Բաղրամյան հայորդին Սարդարապատում կռվեց ու հաղթեց, բայց իր ետևից չթողեց Լեռնահայաստան: Պարտություն երբեք չկրեց, քանզի հոգեբանությունը հաղթողի էր, իսկ Լեռնահայաստան չթողեց, քանի որ մտածելակերպն էր հպատակի: Հաղթողի հոգեբանությունը պարտադիր պայման է ազատագրվելու, բայց ոչ բավարար պետականություն ստեղծելու համար:

90-ականներին նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարումը ստանձնեցին անկախության համար պայքարած ու հետագայում արցախյան պատերազմում հաղթած հայորդիները՝ հուսալով, որ պետականություն կկայացնեն, բայց նրանց հպատակի հոգեբանությունը կրկին տարավ ինքնիշխանության կորստի:Դա ի զորու են անել միայն սեփական տեսակի գիտակցմամբ օժտված ազատ մարդիկ՝ Գարեգին Նժդեհի, Կոմիտասի, Երվանդ Օտյանի … մեր օրերի… Ռուբեն Հախվերդյանի, Գագիկ Գինոսյանի, Ժիրայր Սեֆիլյանի …նմանները:

Գարեգին Նժդեհը կռվեց թուրքի, «կարմրած» ռուսի և ներկայիս ադրբեջանցու դեմ, ու իրենից հետո թողեց Լեռնահայաստան:

Կոմիտասը թուրք իրականության մեջ մեկտեղեց մեր հոգևոր ժառանգությունը ու հայ երաժշտության զարգացման համար ճանապարհ հարթեց:

Երվանդ Օտյանի ազատ ապրելու շնորհը բացառիկ էր, նա թուրք ոստիկանների չարությունը պահելով իրենց իսկ բթության բնում, հարցաքննությունները վերածում էր զավեշտի ու այդ կերպ նրանց անվտանգ դարձնում:

Այսօր այդ շնորհը փոխանցվել է «Ոչ թալանին» շարժման մեր զավակներին, որոնք բացառապես ազատ մարդիկ են: Նրանց քաղաքացիական անհնազանդության գործողությունները, լինելով ինքնին քաղաքակրթական գործելակերպ, առճակատումը ակամա տանում են դեպի հոգևոր արժեքների տիրույթ:

Իրական պայքարը գնում է Երվանդ Օտյանական, Հակոբ Պարոնյանական … ու ՌԴ շահը ՀՀ-ում սպասարկող, էթնիկ հայերի կարծրատիպերը ձևավորող ռուսական «քաղաքակրթության»՝ հակասական Լև Տոլստոյների, հեղհեղուկ Ֆյոդոր Դոստոևսկիների …աշխարհընկալումների միջև: Կարծում եմ, ետ՝ մինչև Սայաթ Նովա, Նարեկացի գնալը կոռեկտ չի լինի, քանզի այդ պարագայում ռուսական «քաղաքակրթությունից» անգամ թաց տեղ չի մնա: Նման անհավասար քաղաքակրթական բախման դեպքում հաղթելու մասին խոսելը պարզապես անհեթեթ է: Տեղին է հիշեցնել ՌԴ շահը ՀՀ-ում սպասարկողներին ու նրանց մոսկովյան տերերին՝ «И не старайтесь, у вас кишка тонка»:

Ռուբեն Հախվերդյանը պատերազմի տարիներին լուսավոր երգեր էր գրում ու հավատ ներշնչում՝ արդյունքում ետ վերցրեցինք անառիկ Շուշին:

Առ այսօր առեղծված է, թե ինչպես Գագիկ Գինոսյանը կարողացավ քաղքենիների գերակայության պայմաններում, հայի ինքնության հիմքից դուրս քաշած հսկա սալը՝ավանդական պարը, ետ հրել իր տեղը՝ հայ ընտանիք:

Այսօր ՀՀ ռեժիմը սպասարկողներն ու նրանց մոսկովյան տերերը «Ժիրայր Սեֆիլյան» միայն անունը լսելիս մկան ծակը 10 թումանով են առնում: Սա իրոք վերադարձ է՝ հպատակից ազատ մարդ: Ժամանակին Ստալինն էլ Նժդեհից էր վախենում:

Հասել ենք 21-րդ դար, բայց շարունակում ենք ընդդիմանալ ժամանակին, փորձում մեր մեծերին նայել այսօրվա լույսով ու տքնում պատմություն դարձած մեր արժեքները ներկա ժամանակներ տեղափոխել:

Ինչո՞ւ:

Որովհետև հավատում ենք, որ Նժդեհի ու Կոմիտասի, Սարյանի ու Քոչարի ֆենոմենները վերլուծել-մատուցելով կկարողանանք հացափորի ապրող նաիրիտցու, ՀՀ ԳԱ կոմֆորմիստ գիտնականի, հողը լքող, Ռուսաստան մեկնող գյուղացու մոտ ազգային արժանապատվության զգացողություն առաջացնել: Դրա հավանականությունը նույնքան է, որքան եզի տակից հորթ դուրս գալը:

Այդ տեսակների համար ընկալելի չէ մարդկային պրագմատիկ փոխհարաբերությունների հոգևոր բովանդակությունը, նրանք ընդունակ չեն գիտակցելու, որ բուժ. ծառայությունը մարդասիրություն է, մանկավարժությունը՝ երախտագիտություն, բիզնեսը՝ աշխատանքի կազմակերպման ձև, վաճառքները՝ սպասարկում…, իսկ փողը՝ պատասխան-հետևանք:

Այդ ամենը չգիտակցելու արդյունքում ունենք ոչ թե աշխատող-ստեղծողներ, այլ գործ կպցնող-փախցնողներ: Նրանք անվերջ բողոքում են, իբր ՀՀ-ում աշխատանք չկա: Կա, այն էլ ինչքան: Պարզապես նրանք իրենց 30-ամյա վաղեմության գիտելիքներով պահանջված չեն, վերաորակաորումն էլ անհնար է, քանզի զուրկ են նորը ուսանելու ցանկությունից: Ի վերջո, ինչու՞ տքնել-սովորել ու մնալ սեփական հողում, երբ հացափոր-հպատակի համար ՌԴ կառավարությունը «բոլոր պայմանները» ստեղծում է:

Ռուսահպատակության սկզբունքով հայ էթնոսի պահպանումն ու, միաժամանակ, քաղաքացիական հասարակության ձևավորումը միմյանց բացառող երևույթներ են, քանզի հպատակը ինքնին, լինելով ազգուրաց, քաղաքացի դառնալ չի կարող:Ինչո՞ւ թուրք-ռուսական 100 –ամյա կոտորածները մեզ դաս չեն լինում: Արդյո՞ք չկա այլընտրանք: Կա, իհարկե կա, և ոչ մեկը: Հոգ չէ, որ այլընտրանքը ինձ հայտնի չէ, և չի էլ կարող հայտնի լինել, քանզի դրանք զետեղված են ազատ մարդկանց՝ «Ոչ թալանին» շարժման՝ Նժդեհի ու Կոմիտասի թոռների ուղեղներում. երիտասարդներ, ովքեր ապրելու իրավունքը միշտ իրենց հետ են կրում:

ՀՀ ռեժիմի մոսկովյան տերերը այդ ամենը լավ գիտակցում են, որի համար էլ ՀՀ նախագահին մղում էին նոր բռնության, ասելով, որ «Սերժ Սարգսյանը անողնաշար Յանուկովիչը չէ, նա կկարողանա ՀՀ-ում կարգ ու կանոն հաստատել»:

Քանի, որ քաղաքացիական անհնազանդության դեմ ՀՀ ոստիկանական մահակները արդյունավետ չեղան, ապա Մոսկվան ստիպված եղավ հերթական անգամ բաց թողնել Կոլչակի պահեստի ուրվականներին՝ միհրանյաններին ու կուրղինյաններին : Կրկին սադրանքը ձախողվեց՝ Բաղրամյան պողոտան «մայդան» չդարձավ:

Կուսակցություն կոչվող սպառված կառույցներից հեռու մնալով, «Ոչ թալանին» շարժումը փաստեց քաղաքացիական արժեքներին հավատարիմ մնալու իր հավատամքը: Արդյունքում հասարակության աշխատող-արարող մասի արժեհամակարգը կրկին մրցակցային դաշտ վերադարձավ:

Սահմանադրությունը, քաղաքացիությունը, ինստիտուցիոնալիզմը… պետականության ատրիբուտներ են, իսկ զբաղվածությունը, պաշտպանվածությունը, բարեգործությունը… ՝ համայնքային:

Համայնքի հոգեբանություն ունեցող բնակչության համար պետականության ատրիբուտները ընկալելի չեն, դա ոչ էլեկտրաէներգիայի սակագին է և ոչ էլ ուղեվարձ: Նման գիտակցության պայմաններում ինչպե՞ս կանգնեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը:

Ակնհայտ է, որ թղթով-թամասով լիցենզավորված, ընտրակեղծիքների մեծ փորձի տեր արհեստավարժ հանձնաժողովականների ու թաղային ստահակների խաչեղբայրության պայմաններում հանրաքվեի գնալը խեղկատակություն է:

Աշխատանքը կորցնելու շանտաժի տակ պահվող ՀՀ բնակչությանը կոչել բոյկոտել սահմանադրական կեղծ բարեփոխումները և հուսալ, որ դա կլինի համատարած՝ ռիսկային է…

Ի՞նչ անել: Սոցիալական խնդիրների հրետանին (էլեկտրաէներգիայի սակագին … ) ՀԿ-ների և քաղաքացիական շարժումների միջոցով շուտափույթ հրել առաջ, քանի դեռ մոտ չէ հանրաքվեն: Կարող եք վստահ լինել, իշխանությունների հետ, եթե ոչ առաջին, ապա երկրորդ առճակատման ժամանակ կառավարության ոտքի տակ մի հսկա փոս կգոյանա, որտեղ էլ կթաղենք Մոսկվայից պատվիրված սահմանադրական «բարեփոխումների» հակասահմանադրական գործընթացը:

 Վահագն Կոզմոյան
25.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    իսկ ինչու՞ եք ֆեյսբուքում գրանցված ռուսալեզու գրառմամբ. հպատակների լեզվով

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31