Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները կարող են վերարտադրվել միայն այն դեպքում, եթե ընդդիմադիր ուժերը մատնված լինեն լիովին ամլության. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 25,2015 12:24

Արժե դիտարկել այն քարոզչական կամ հակաքարոզչական թեզերը, որ սահմանադրության փոփոխությունների առնչությամբ շրջանառվում են: Դրանցից մեկն այն է, որ եթե սահմանադրության փոփոխությունները հանրաքվեով ընդունվեն, ապա Հայաստանը, որպես այդպիսին, առնվազն կործանվելու է:

Հետաքրքիրն այն է, որ նման նոտաներով ազդակներ հանրությանն ուղղվում են առավելապես այն ուժի ներկայացուցիչների կողմից, որը 5 տարի (1990-95թթ.) իր համար բարեհաջող իշխանություն էր՝ առանց որեւէ սահմանադրության: Ի դեպ, պատերազմի ժամանակ էլ Հայաստանը սահմանադրություն չուներ, ինչը չխանգարեց հաղթական ռազմական գործողություններ իրագործելուն:

Սա հիշեցնում ենք այն թեզերի առնչությամբ, թե՝ «վա՜յ, ամա՜ն, բա ինչպե՞ս կլինի, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում կառավարման կիսանախագահական կարգը փոխվի խորհրդարանականի» (եթե փոխվի, իհարկե):

«Իշխանությունների վերարտադրության»՝ ամենից հաճախ արծարծվող հակաքարոզչական թեզին արդեն քանիցս անդրադառնալու առիթ եղել է: Ուստի այս անգամ պարզապես հակիրճ նկատենք. բոլոր այն միավորումները կամ անձինք, որոնք հենց միայն իշխանությունների վերարտադրության մասին են խոսում, թերեւս ճիշտ կլինի, որ հիմիկվանից հայտարարեն, որ իրենք, որպես քաղաքական ուժ եւ (կամ) որպես քաղաքական գործիչ, իրենցից ոչինչ չեն ներկայացնում:

Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. եթե իրենք իշխանությունների վերարտադրության մասին խոսում են ավելի վստահ, քան անգամ իշխանավորներն իրենք, ապա նշանակում է, որ այդ ընդդիմադիր ուժերը ընտրություններից շատ ու շատ առաջ արդեն պարտվել են կամ իրենց պարտված են համարում: Բանն այն է, որ իշխանությունները կարող են վերարտադրվել միայն այն դեպքում, եթե ընդդիմադիր ուժերը մատնված լինեն լիովին ամլության եւ անպայքարունակ՝ ընտրությունների ժամանակ:

Ի դեպ, հետաքրքիր է եւ այն մոտեցումը, թե սահմանադրական փոփոխությունների հարցը «կեղծ օրակարգ» է: Այսինքն՝ մի բան, որ բերվել է քաղաքական օրակարգ՝ հանրության, քաղաքական ուժերի ուշադրությունը շատ ավելի կարեւոր խնդիրներից շեղելու նպատակով: Ավելին՝ այս թեզը շրջանառողները զուգահեռաբար ասում են, թե իշխանությունները փորձում են մարդկանց ներշնչել, թե սահմանադրական փոփոխություններից հետո կյանքը (սոցիալ-կենցաղային տեսանկյունից) փոխվելու է, մի խոսքով՝ լավ են ապրելու:

Սա հետաքրքիր է այնքանով, որ իշխանություններն իրենք ոչ մի նման բան չեն ասում: Ո՞ւմ հասկանալի չէ, որ սահմանադրության փոփոխությունն ինքնին չի կարող էական ազդեցություն թողնել մարդկանց սոցիալական վիճակի ու երկրի տնտեսական կացության վրա, առավել եւս՝ կարճաժամկետ հեռանկարում:

Հասկանալի է նաեւ, որ սահմանադրության փոփոխությունների հիմնական խնդիրը քաղաքական համակարգի բարելավումը, պետական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացումը պետք է լինի: Դա, իհարկե, հետագայում կարող է ինչ-որ ազդեցություն թողնել սոցիալ-տնտեսական առումով, բայց ամեն դեպքում, քաղաքական, պետաիրավական խնդիրներն են փոփոխությունների հիմնական կոնտեքստը:

Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխությունների դեմ «ճակատավորվելուն», ավելին՝ սահմանադրության հանրաքվեն իշխանափոխության շարժառիթ դարձնելու մոտեցումներին, ապա արժե, թերեւս, հիշողության թեթեւակի թարմացում անել: Նկատենք, որ ե՛ւ 1995-ին, երբ նոր-նոր սահմանադրություն պիտի ընդունվեր, ե՛ւ 2003-ին, երբ փոփոխությունների նախագիծ կար ու չընդունվեց, ե՛ւ 2005-ին, երբ սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվեց, ահա, այդ բոլոր գործընթացների ժամանակ, ընդդիմադիր ուժերը փորձել են միավորվել ու համատեղ ուժերով դիմագրավել «կործանարար» փոփոխություններին:

Դրանցից եւ ոչ մեկի դեպքում ընդդիմադիր ուժերը ոչ միայն հաջողության չեն հասել, այլեւ հետագայում իրենք են հայտնվել ծանր քաղաքական կացության մեջ: Նույնիսկ 2003-ին, երբ ներկայացված նախագիծը փաստորեն չընդունվեց, ընդդիմադիր ուժերը իշխանափոխության առումով ունեցան «0» արդյունք:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31