Հայկական դրամը կրկին սկսել է կտրուկ արժեզրկվել, այն էլ բավական արագ տեմպերով։ Երեկվա դրությամբ Երեւանի փոխանակման կետերում ԱՄՆ 1 դոլարը գնվում էր 483, վաճառվում՝ 488 դրամով, իսկ 1 եվրոն՝ գնվում 558, վաճառվում 570 դրամով։ Մինչդեռ դեռ երկու օր առաջ ԱՄՆ դոլարի փոխարժեքը տատանվում էր 478-481, իսկ եվրոյինը՝ 538-541 դրամի միջակայքում։
Այս ամենը հուշում է, որ Հայաստանում ֆինանսական նոր ճգնաժամ է սկսվել՝ բոլոր հնարավոր հետեւանքներով հանդերձ։
Հատկանշական է, որ դեռ նախորդ շաբաթ Բլումբերգ գործակալության փորձագետները տեսակետ էին հայտնել, թե սպասվում է մի շարք արժույթների, այդ թվում, հայկական դրամի անկում։ Եվ երեկ, փաստորեն, սկսվեց նրանց կանխատեսումների իրականացումը։
Մասնագետների պնդմամբ, ստեղծված իրավիճակը հետեւանք է ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին գործոնների։ Համաշխարհային ֆինանսական շուկայում այս օրերին սկսվել են լուրջ ցնցումներ, որոնք, հայտնի չէ, թե որքան կտեւեն։ Կտրուկ նվազել է նավթի գինը. «Բրենտ» տեսակի 1 բարել նավթը վաճառվում է 43 դոլարով։ Այս օրերին սկսել է արժեզրկվել չինական յուանը՝ սահմանելով վերջին երեք ամիսների ամենամեծ ռեկորդը։ Կտրուկ արժեզրկվել է նաեւ ռուսական ռուբլին, առաջին անգամ ՌԴ-ում ԱՄՆ դոլարի գինը գերազանցել է 70 ռուբլին։ Ընդ որում, այս օրերին հերթով արժեզրկվում են ԵՏՄ անդամ բոլոր երկրների՝ ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի, հիմա նաեւ՝ Հայաստանի ազգային արժույթները։ Սրանք արտաքին գործոններն են, որոնք բնական է, իրենց ազդեցությունը պետք է ունենային նաեւ հայկական դրամի վրա։
Կարդացեք նաև
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում