Apa.az գործակալությունը գրել է, որ Բաքվում Պաղեստինի դեսպանատունը Ադրբեջանի ԱԳՆ-ին տեղեկացրել է, թե Հայաստանում Պաղեստինի դեսպանատան բացման մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ օրերս «Ժամանակ» թերթը մեջբերել էր բրիտանական «Արեւելք» պարբերականին Մեծ Բրիտանիայում Պաղեստինի հայազգի դեսպան Մանուել Հասեսյանի հարցազրույցը, որում վերջինս, մասնավորապես ասել էր, թե առաջիկա ամիսներին Երևանում Պաղեստինի դեսպանատուն պիտի բացվի:
Ադրբեջանում Պաղեստինի դեսպանատան հայտարարության առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից: Նա ասաց, որ նման հարցերը կարգավորվում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով, երկկողմ ձևաչափով:
«Զավեշտալի է, որ Երևանում Պաղեստինի ներկայացուցչության վերաբերյալ հայտարարություն է անում երրորդ երկրի ներկայացուցիչը»,- ավելացրեց պարոն Բալայանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ