Եթե Հայաստանի իշխանություններին հաջողվի նոր Սահմանադրության նախագիծն «անցկացնել» եւ դրան իրավական ուժ տալ, ապա այդ պահից մինչեւ 2018 թվականը Հայաստանի Հանրապետությունը կունենա երկու՝ զուգահեռ գործող մայր օրենքներ։ Ինչպես հայտնի է՝ անցած շաբաթվա վերջին ՀՀ իշխանությունները հրապարակեցին նոր Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը, որը նույն օրն իսկ՝ օգոստոսի 21-ին, Սերժ Սարգսյանն ուղարկեց ՀՀ ԱԺ։
Այսպես, ըստ նախագծի՝ անցումային դրույթների մեջ մտնող 208 հոդվածի՝ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո նոր Սահմանադրության դրույթներից անմիջապես ուժի մեջ կմտնեն 1-3-րդ գլուխները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, 9-րդն ու 10-րդը, այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող գլուխները։ Իսկ Հայաստանի կառավարման համակարգն ամբողջությամբ վերաձեւող դրույթները որոշակի հերթականությամբ են ուժի մեջ մտնելու։ Մասնավորապես, նոր Սահմանադրության նախագծի 4-րդ գլուխը, որը վերաբերում է Ազգային ժողովին, գործելու է հաջորդ գումարման խորհրդարանի լիազորությունները ստանձնելու պահից։ Իսկ մինչ այդ գործելու է գործող Սահմանադրության 4-րդ գլուխը, որով սահմանվում են ներկայիս խորհրդարանի լիազորությունները եւ գործունեության սկզբունքները։ Տվյալ դեպքում առաջիկա խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2017 թվականի գարնանը՝ ապրիլի վերջին։ Այսինքն՝ լավագույն դեպքում նոր խորհրդարանը կձեւավորվի 2017-ի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։
Մի խոսքով, եթե «նոր Սահմանադրություն» օպերացիան ՀՀ իշխանություններն այս աշնանն իրենց համար դրական ելքով ավարտեն, ապա տարվա վերջից Հայաստանի իրավական համակարգի հիմքում դրված կլինեն երկու Սահմանադրություններ։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում