Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքարել» նշանակում է ուրիշին կոտրել

Օգոստոս 25,2015 10:10

Պայքարել նշանակում է հակադրել քո կամքը մեկ ուրիշի կամքին՝ այդ ուրիշին կոտրելու, ծնկի բերելու, հնարավոր է՝ սպանելու համար: «Կյանքը պայքար է»՝ այդ արտահայտությունը, հավանաբար, առաջին անգամ հնչել է որպես մելամաղձոտ եւ հնազանդ մի հոգոց: Լավատեսության եւ կոտորածի մեր դարը կարողացել է այդ սարսափելի արտահայտությունը քաղցրահունչ երգ դարձնել: Դուք կասեք, որ ինչ-որ մեկի դեմ պայքարելը գուցեեւ սարսափելի է, բայց ինչ-որ բանի համար, հանուն մի բանի պայքարելը շատ ազնիվ ու հրաշալի գործ է: Այո, հրաշալի է ձգտել երջանկության (սիրո, արդարության եւ այլն), բայց եթե դուք այդ ջանքը գերադասում եք անվանել «պայքար» անունով, ուրեմն, ձեր այդ ազնիվ ջանքերի տակ թաքնված է ինչ-որ մեկին զգետնելու մոլուցքը: «Պայքար հանունը» միշտ կապված է «պայքար ընդդեմի» հետ, պայքարի թոհուբոհի մեջ «հանունի» մասին միշտ մոռանում են:

Հանցավոր ռեժիմները ստեղծվել են ոչ թե հանցագործների, այլ խանդավառ մարդկանց կողմից, որոնք վստահ էին, որ գտել են դեպի դրախտ տանող միակ ճանապարհը:
Ես մտածում եմ, հետեւաբար՝ գոյություն ունեմ՝ ինտելեկտուալ միտք է, որն արհամարհում է ատամնացավը: Ես զգում եմ, հետեւաբար, գոյություն ունեմ՝ ճշմարտություն է, որն իր ուժով ավելի ընդհանուր է եւ վերաբերում է ապրող ամեն ինչին: Իմ «եսը» էականորեն չի տարբերվում ձեր «եսից» նրանով, թե ինչ է մտածում: Մարդիկ շատ են, մտքերը՝ քիչ. մենք բոլորս մտածում ենք մոտավորապես նույնը եւ իրար մտքեր ենք փոխանցում, փոխանակվում ենք, իրար պարտքով ենք տալիս, գողանում ենք: Սակայն եթե որեւէ մեկն իմ ոտքն է կոխրճել, ցավը մենակ ես եմ զգում: «Եսի» հիմքր ոչ թե մտածողությունն է, այլ տառապանքը՝ զգացմունքներից ամենատարրականը: Տառապանքի մեջ նույնիսկ կատուն չի կարող կասկածել իր անփոփոխ «եսի» հարցում: Ուժեղ տառապանքի մեջ աշխարհը վերանում է, եւ ամեն մեկս իր առջեւ մենակ է մնում: Տառապանքը՝ էգոցենտրիզմի մեծ դպրոց է:

Չկա ոչ մի գործուն եւ բանական պայքարի միջոց Սատանայականության դեմ: Մարքսը փորձել է, բոլոր հեղափոխականներն են փորձել, բայց վերջին հաշվով Սատանայականությունը յուրացրել են բոլոր այն կազմակերպությունները, որոնք իրենց սկզբնական նպատակն էին համարում դրա ոչնչացումը: Իմ հեղափոխական անցյալն ավարտվել է հիասթափությամբ, եւ ինձ համար կարեւոր է միայն մի հարց՝ ինչ է մնում անել այն մարդուն, որը հասկանում է, որ ոչ մի կազմակերպված, գործուն եւ բանական պայքար Սատանայականության դեմ հնարավոր չէ: Կա միայն երկու ելք՝ կամ նա հաշտվում է եւ կորցնում է իր անհատականությունը, կամ շարունակում է իր մեջ պահպանել ընդվզելու ներքին անհրաժեշտությունը եւ ժամանակ առ ժամանակ հնարավորություն է տալիս, որ այն արտահայտվի: Ոչ թե աշխարհը փոխելու համար, ինչպես որ դա արդարացիորեն եւ զուր ցանկանում էր Մարքսը, այլ՝ որովհետեւ նրան դրդում է ներքին բարոյական պահանջը:

ՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ

«Առավոտ» օրաթերթ
25.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Ապրի Կունդերան, ապրի Միլանչոն: Ինչքան էինք սպասել, որ գա, խելք սովորեցնի…
    Ավելի սիրուն կստացվեր, եթե հոդվածի տակ գրվեր`«Առավոտ» օրաթերթ-ի պատվերով: Հետո էլ ասում են… տեսեք, ինչքան խելոք տղաներ կան գլոբուսի վրա: Ապրի Միլանչոն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31