Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր Սահմանադրության զսպաշապիկները

Օգոստոս 24,2015 19:40

Նոր Սահմանադրության նախագծում տեղ գտած քաղաքական զսպվածության վերաբերյալ դրույթները քաղաքական որոշ շրջանակներում համարում են զսպաշապիկ: Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ընդհանրապես բացասական է գնահատում Սահմանադրության այս նախագիծը:

Նշենք, որ նախագծում համապատասխան դրույթների համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի անդամները, Կենտրոնական բանկի նախագահն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեն:

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի վերաբերյալ դրույթին՝ պարոն Մարտիրոսյանն ասաց. «Վերահսկիչ պալատը պետք է տրվեր ընդդիմությանը և թիվ մեկ քաղաքական հակակշիռ հանդիսացող կառույցը ու զսպող մեխանիզմը լիներ իշխանությունների բացասական գործողությունների դեմ: Բայց իրականության մեջ այն իշխանության շարունակությունն է»:

Պարոն Մարտիրոսյանը նկատում է, որ վերահսկիչ պալատի նախագահը խոսում է յուրացումներ մասին, որոնք հենց քաղաքական գնահատական են, ուստի այդ դեպքում քաղաքական զսպվածություն ցուցաբերելը ո՞րն է: Պարոն Մարտիրոսյանը նշեց. «Այդ դրույթը զսպաշապիկ է: Մենք տեսանք, որ նույնիսկ իշխանության կողմից նշանակված վերահսկիչ պալատի նախագահը կարող է խիստ գնահատական տալ: Ուստի նմանատիպ իրավիճակից խուսափելու համար էլ նախագծում նման դրույթ է դրված»:

Պարոն Մարտիրոսյանի կարծիքով՝ սահմանափակումները բազմաթիվ են ոչ միայն վերահսկիչ պալատի նախագահի, այլև ընդհանրապես մարդու իրավունքների առումով: Դառնալով ԿԸՀ անդամներին վերաբերող դրույթին՝ Արմեն Մարտիրոսյանը նկատեց. «Եթե ԿԸՀ-ն իսկապես անկախ մարմին լինի, ապա կլինի ապաքաղաքական, բայց մեզանում քանի որ այն անկախ մարմին չէ, երբեմն ուզած-չուզած քաղաքական հայտարարությունների շրջանակներում են հայտնվում»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ԿԸՀ-ի վերաբերյալ դրույթում ոչ թե պետք է ամրագրված լիներ, որ ԿԸՀ անդամները չպետք է կուսակցական լինեն, այլ կարող է ԿԸՀ անդամի կուսակցական տոմսը սառեցված լինել: Օրինակ՝ Դաշնակցականը, ԿԸՀ նախագահ լինելով, չի դադարում լինել դաշնակցական, սակայն պաշտոնավարման ընթացքում կուսակցականությունը սառեցվում է:

Հեռարձակման ոլորտի հետ կապված Արմեն Մարտիրոսյանը առանձնապես մտահոգություններ չունի, քանի որ այսօր արդեն Հանրային հեռուստաընկերությունը չի համապատասխանում այն պահանջներին, որ իր վրա դրված է. «Դա իշխանության լրատվամիջոցն է, ոչ թե հանրային, որը մեր բոլորի հարկերի հաշվին է գործունեություն ծավալում: Դրա համար մտահոգություն չունեմ, քանի որ այդ վիճակին արդեն հասել ենք: Ուղղակի իրավիճակը կարող է մի փոքր ավելի արմատական լինել, խոսքը մարգինալների մասին է»:

Մեր հարցին՝ իշխանությունները գուցե որպես հակակշիռ այս քննադատությունների նշեն, թե ցանկանում են ապակուսակցականացնել կառավարման ոլորտը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իրականում այն միակուսակցական է, պատկանում է ՀՀԿ-ին: Ուղղակի սևով սպիտակի վրա գրել են այդ ամենը: Այդպես չէ, սևով սպիտակի վրա գրված է միահեծան միակուսակցական քաղաքական համակարգ, այնպես չէ, որ այս Սահմանադրությամբ հեղափոխություն է լինելու կառավարման համակարգում: Կուսակցություններին նույնիսկ խորհրդարանին մոտ չեն թողնելու, էլ ուր մնաց նման պաշտոնների: Դրանք քաղաքական մեծամասնության համար են նախատեսված»:

Ըստ «Ժառանգության» փոխնախագահի, եթե ուզում էին պետության շահը առաջ տանել, պիտի այդ պաշտոնները տային ընդդիմությանը ու գրեին, որ քաղաքական զսպվածություն  պիտի պահպանի: Իսկ այդ պարագայում այդ դրույթները ուղղակի նախագիծը գեղեցկացնելու համար են: Նա ամփոփեց. «Պարզից էլ պարզ է, որ պետական որոշումները կայացվում են ոչ թե պետական մարմիններում, այլ ՀՀԿ խորհրդում»:

Պարոն Մարտիրոսյանը նաև մտահոգություն ունի այն մասին, որ ուժային կառույցների ներկայացուցիչների՝ կուսակցական պատկանելությունը օրենքով է սահմանվում, մինչդեռ ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ դա պետք է արգելվեր հենց Սահմանադրությամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31