Այսoր Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց էր` Լոռու մարզի, մասնավորապես Վանաձորի ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ ուղերձով դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Վերջերս Վանաձորի ավագանու անդամներից մի քանիսին են դիմել համայնքի բնակիչներ` բողոքելով Վանաձորում առկա ջրամատակարարման որակից:
Ավագանու անդամներն էլ հանդես են եկել վերոնշյալ նախաձեռնությամբ` ուղերձ հղելով երկրի վարչապետին:
Ուղերձում նշվում է. «Հայաստան-Գերմանիա համագործակցության շրջանակներում KFW զարգացման բանկի միջոցներով վարկային ծրագիր է իրականացվում «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում, այդ թվում նաեւ Վանաձոր համայնքում:
Կարդացեք նաև
Բիզնես ծրագրի հիմնական առաքելությունը բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակը, արդյունավետությունն ու կայունությունը, շարունակականությունը, ինչպես նաեւ ընկերության տնտեսական կայունության եւ ինքնաբավության ապահուվումն է:
Ծրագիրն ավարտական փուլում է, բայց Վանաձոր քաղաքի ջրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքների ընթացքը եւ որակը ազգաբնակչության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ է հանդիսացել:Մասնավորապես, նոր համակարգում վթարները դեռեւս շարունակվում են, քաղաքի տարբեր թաղամասերում երկարաժամկետ ջրամատակարարում չեն իրականացնում, քաղաքացիների ահազանգերին եւ դիմումներին ժամանակին չեն արձագանքում, վթարների վերացման աշխատանքները ժամանակին եւ որակով չեն իրականացվում, վթարների վերացման արդյունքում ճանապարհները չեն բարեկարգվում, ինչպես նաեւ ջրագծերը փոխարինելուց հետո ճանապարհների վերանորոգման աշխատանքները հիմնականում իրականացվում են անորակ:
Հայցում ենք Ձեր հանձնարարությունը համապատասխան կառույցներին նշված թերությունները եւ բացթողումները վերացնելու գործում»:
Հարցն ընդունվեց ինը կողմ, երկու դեմ, մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ:
Մհեր ԹԱԴԵՒՈՍՅԱՆ