EMPYRAY ռոք խմբի կիթառահար, երգահան Կարեն Արզումանյանը Aravot.am-ի հետ զրույցում իր զայրույթը հայտնեց հայտնի միջադեպի առիթով, երբ Հանրապետության հրապարակում ոստիկանը ապտակել էր ցույցի մասնակից տարեց տղամարդու` 67-ամյա Հակոբ Նազարյանին. «Ճիշտն ասած վաղուց չէի մտնում Ֆեյսբուք ու լրատվական կայքեր, որովհետեւ ցանկանում էի բացասական հույզերից հեռու մնալ: Ու երբ տեւական ընդմիջումից հետո մտա ֆեյսբուք, առաջինը, որ տեսա, դա էր: Շատ ազդվեցի: Միայն այն փաստը, որ տարիքով մարդու հանդեպ հարգանք չկա, արդեն խոսում է այն մասին, որ այդ ոստիկանը կարող է նաեւ իր ծնողի վրա ձեռք բարձրացնել»:
Երաժիշտը հավելեց նաեւ, որ տեղյակ չի եղել, թե ինչ պատճառով է դա պատահել, ով է այդ մարդը:
Նրա ձեւակերպմամբ՝ կատարվածը դուրս է բարոյական հարթությունից. «Հիմա շատ են ասում, թե մեր ոստիկաններն էլ են հայ եւ այլն եւ այլն…Կատարվածը արդարացում չունի՝ տեսանյութում մի ծեր մարդ էր, որը ականջին լսողական սարք ուներ: Մարդկային գիտակցության մեջ չի տեղավորվում՝ ինչպես կարելի է նման մարդու խփել»:
Կարեն Արզումանյանը հայտնի տեսանյութով «կիսվելով» իր էջում՝ զայրացած գրառում էր կատարել՝ «Բա չտարածե՞ս, որ տղեն «լայքեր» հավաքի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Կարեն Արզումանյանի ֆեյսբուքյան էջից: