«Վերեւից հրահանգավորում ունեն էլ ավելի կոպիտ լինել ցուցարարների հետ, որովհետեւ իշխանությունները կանխազգում են իրենց վերջը եւ հոգեվարքի մեջ են»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանության գործողություններին, այդ թվում՝ նաեւ տարեց տղամարդուն ապտակելուն, ասաց «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը:
Ըստ նրա՝ դա կարող է ունենալ վատ հետեւանք ոչ միայն ժողովրդի համար, այլ նաեւ՝ իշխանության. «Մենք սպասում էինք, որ հասունանա այդ պահը, իրենք օգնում են եւ հասունացնում են այդ պահը: Այսինքն՝ մենք ոչ մի բան կուլ չենք տալու, բոլորն իրենց պատիժը ստանալու են, բոլորը հատիկ-հատիկ»:
Գագիկ Սարուխանյանը զուգահեռներ տարավ կատարվածի եւ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության միջեւ. «Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության մեջ կա այն կետը, որ մարդու կյանքի երաշխավորությունն ամբողջական չէ եւ ինչ-ինչ դեպքերով կարող է նաեւ կյանքից զրկվել, դե պատկերացրեք նմանատիպ նյարդայնացած ոստիկանները զենք կիրառեն: Այսինքն՝ սա ամեն ինչ ցույց է տալիս, որ տեռորի շարունակությունը գալու է ուղղակի տեռոր, այսինքն՝ պետական տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ: Մենք ամբողջն ասել ենք, այս ամենը վերլուծություն է, իհարկե՛, թե ինչ է տեղի ունենում, ինչին է գնում, բայց թույլ չենք տա»:
Նա բավարար չի համարում լեյտենանտ Վարդգեսյանի լիազորությունները դադարեցնելը. «Ոստիկան չի նշանակում царь и бог, ոստիկան նշանակում է հասարակական կարգ պաշտպանել, ժողովրդին պաշտպանել, ոչ թե ռեժիմին, այլ՝ ժողովրդին: Եթե ոստիկանը իր պարտականությունները չի կատարել, այսինքն՝ նա դառնում է սովորական խուժան, այսինքն՝ ոստիկանական շոր հագած խուժան, որին պետք է էլ շատ պատժել: Ինձ ոչ ոք չի կարող արգելի այդ ոստիկանին ապտակել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ