Այսօր Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների ավանդական դարձած օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը,որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ:
Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը, շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրանց արգասաբեր ու արդյունավետ ուսումնական տարի:
Խոսելով մարզի կրթական համակարգի 2014-2015 ուսումնական տարում հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և նոր ուսումնական տարվա անելիքների մասին՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Ալեքսանյանը իր ելույթում նշեց, որ 2014-2015 ուսումնական տարին իր արդյունավետությամբ հիմք է տալիս բարձրաձայնելու, որ կրթական համակարգը աշխատել է բարձր պատասխանատվությամբ և արդյունավետ: Իր խոսքում Հ. Ալեքսանյանը կարևորեց առաջադեմ և ստեղծագործ մանկավարժների բացահայտման, խրախուսման, զարգացման և բարեփոխումների գործընթացներում նրանց ներգրավվածության խնդիրը:Նշվեց, որ մարզում վերապատրաստվել են 457 մանկավարժներ:Հետևողական աշխատանքներ են իրականացվել հատուկ կրթական և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրակրթական համակարգում ինտեգրելու աշխատանքները շարունակելու ուղղությամբ: Անդրադառնալով առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը, վարչության պետը մասնավորապես անդրադարձավ ներդպրոցական փուլին,նշելով, որ հենց այս փուլի ճիշտ կազմակերպումից են կախված մեր երեխաների հետագա հաջողություններն ու ձախողումները: Այս տարի օլիմպիադայի հանրապետական փուլի 76 մասնակիցներից 46-ը գրավել են մրցանակային տեղեր:
Կրթական ոլորտում առկա հիմնախնդիրների,հաջողությունների ու բացթողումների մասին ելույթներով հանդես եկան մարզի մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներ:
Կարդացեք նաև
Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների, ինչպես նաև համակարգի զարգացման հետագա խնդիրների մասին պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը:
Նա անդրադարձավ, իր իսկ խոսքով, համագործակցային ժողովրդավարության մոտեցումներին, ինչպես նաև 12-ամյա հանրակրթական ուսուցման և ներառական կրթության խնդիրներին:
Մարզպետ Ս. Խաչատրյանը անդրադառնալով կրթության ոլորտի նորարարություններին ու նորամուծություններին՝ կարևորեց միջին մասնագիտական կրթության զարգացման, ինչպես նաև այդ հաստատությունները հիմնական դպրոցների շրջանավարտներով համալրելու հարցը, հանդես եկավ առաջարկություններով: Խոսելով մարզում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների և մարզի զարգացման անմիջական կապի մասին՝ Ս. Խաչատրյանը նշեց, որ Սյունիքում կրթություն ստացած երիտասարդը ամրանում է իր բնօրրանում՝ նպաստելով մարզի զարգացմանը:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետը տեղեկացրեց, որ 2015 թվականին շարունակվել են դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերանորոգման, տեխնիկական վերազինման և գույքի թարմացման աշխատանքները:
Սյունիքի մարզում <<Ասիական զարգացման բանկի>> ծրագրով կառուցվող և վերակառուցվող դպրոցների ցանկում ընդգրկվել են Կապանի թիվ 7 և 1, Գորիսի թիվ 6 և Սիսիանի թիվ 2 դպրոցները: Իսկ 2016 թվականի պետական բյուջեի հաշվին նախատեսվում է իրականացնել շինվերանորոգման աշխատանքներ Սիսիանի թիվ 1, Մեղրիի թիվ 1, Կապանի թիվ 6 դպրոցներում: Ծրագրում ներգրավված են Ագարակի դպրոցի նոր ուսումնական մասնաշենքի կառուցումը և Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները:
Խորհրդակցության ավարտին մարզպետը Քաջարանի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Անահիտ Գրիգորյանին հանձնեց ՀՀ ԿԳ նախարարի հուշամեդալը՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Շողիկ Բադալյանին շնորհավորեց վերջերս ՀՀ նախագահի կողմից մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչմանն արժանանալու կապակցությամբ:
Խոսվեց նաև այլ հարցերի մասին,մասնավորապես,եղան տարբեր խնդիրների շուրջ մի շարք հուզող հարցեր, որոնց տրվեց համարժեք պատասխան և համապատասխան տեղեկատվություն:
Սյունիքի մարզպետարան