Վրաստանն ու Իրանը քննարկում են Իրանից Վրաստան և ապա Եվրոպա գազ մատակարարելու նախագիծը: Սակայն դեռևս որոշված չէ, թե Իրանից դեպի Վրաստան կառուցվելիք գազամուղը որ երկրի տարածքով կանցնի՝ Հայաստանի՞, Թուրքիայի՞, թե՞ Ադրբեջանի:
«Պարզ է, որ անվտանգության տեսանկյունից ինչպես Իրանին, այնպես էլ Վրաստանին ավելի ձեռնտու է, որ այն անցնի Հայաստանի տարածքով.- համոզված է վրացագետ Ալիկ Էրոյանցը,- իրանա-ադրբեջանական և թուրք-իրանական հարաբերություններն այնքան էլ լավ մակարդակի վրա չեն. կողմերի միջև փոխվստահությունը բավականին ցածր է: Հետևաբար՝ Իրանը չի կարող ռիսկի տակ առնել գազամուղի՝ հետագայում անվտանգ շահագործումը»:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա վերջինիս համար ևս շահավետ է Հայաստանի՝ որպես տարանցիկ երկրի ընտրությունը. «Ոչ միայն այն պատճառով, որ հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և կողմերը հաջողությամբ համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, այլև այն, որ նշված դիրքորոշմամբ Թբիլիսին կարող է այլընտրանքային տարբերակ ներդնել և հակակշռել արդեն իսկ գործող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, ինչպես նաև մի քանի տարի հետո գործարկվելիք «Շահդենիզ 2» խոշոր գազափոխադրման նախագծին»,- վերլուծում է վրացագետը:
Նա կարծում է, որ հայկական կողմը քննարկումներին անմասն չի մնա. «Եթե Իրանն ու Վրաստանը իմանան, որ Հայաստանը կողմ է գազամուղի անցկացմանը, նպաստավոր պայմաններ առաջարկվեն, ինչպես նաև անվտանգության երաշխիքներ տրվեն, ապա նախագիծը կիրագործվի: Բնական է, որ ցանկացած նման նախագիծ Հայաստանի համար շահավետ է»,- ասում է Ա. Էրոյանցը՝ ընդգծելով, որ սա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա. «Գաղտնիք չէ, որ տարանցիկ երկիր լինելով՝ առաջին հերթին տնտեսական շահ կա, քանի որ նման բնական ռեսուրս է անցնելու մեր տարածքով: Բացի տնտեսական շահը, կա նաև մեկ այլ բան՝ գազամուղը դառնում է անվտանգության երաշխիք: Սա նաև քաղաքական շահերի հավասարակշռման տեսանկյունից է մեզ համար շահավետ, քանի որ ադրբեջանա-թուրքական գործոնը մեր տարածաշրջանում ուժեղ է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նմանատիպ նախագծերին Հայաստանն անմիջական մասնակցություն ունենա»:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ