Ս. թ. օգոստոսի 23-ին 88 տարեկանում վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Խաչատրյանը:
Վարդուհի Խաչատրյանը ծնվել է 1927 թ. Լենինականում (այժմ՝ Գյումրի): 18 տարեկանում տեղափոխվել է Երևան։ 1945-48 թթ. սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, այնուհետև 1949-51 թթ. ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ երգեցողության ֆակուլտետում։ Հետագայում դասավանդել է նույն բուհում՝ որպես պրոֆեսոր:
Վարդուհի Խաչատրյանն իր ստեղծագործական ճանապարհն սկսել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած կապելլայում, այնուհետև երկար տարիներ երգել է Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլում (Թ. Ալթունյանի անվան): Քառորդ դար շարունակ Վարդուհի Խաչատրյանը եղել է հեռուստառադիոպետկոմի Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի մեներգչուհի: Հայկական գուսանական երգերի, կոմպոզիտորական ստեղծագործությունների իր կատարումներով անվանի երգչուհին արժանացել է միջազգային մրցանակների, այդ թվում՝ 1967 և 1983 թթ. «Գրան-Պրի»-ների (Փարիզ), 1974 թ. «Ոսկե կոկորդ» պարգևի (Վիեննա): Նա իր հարուստ երկացանկով, որը ներառում է Կոմիտասի, Նիկոլ Գալանտերյանի, Ռոմանոս Մելիքյանի, Խաչատուր Ավետիսյանի, Աշոտ Սաթյանի, Անտոն Մայիլյանի, ինչպես նաև հայ գուսանների ստեղծագործությունները, վայելել է համաժողովրդական սեր ու ակնածանք։ Երգչուհու մի շարք ձայնագրություններ՝ «Կռունկ», «Մախմուր աղջիկ», «Իմ անուշ տավիղ», «Ղարաբաղի եղնիկ», «Ծիծեռնակ», «Լուռ գնաց» իրենց արժանի տեղն են գտել հայ կատարողական արվեստի ոսկե ֆոնդում:
Վարդուհի Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 25-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից (հասցե` Իսահակյան 1): Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը:
Կառավարական հանձնաժողով