Օգոստոսի 24-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի հերթական նիստը` փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ:
Շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են տոնական միջոցառումների նախապատրաստության հետ կապված հարցեր:
Սեպտեմբերի 1-ին և 2-ին տարաբնույթ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում: Հանրապետության բոլոր կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա առաջին դասը կանցկացվի խաղաղության թեմայով` դասընթացի կազմակերպմանը ներգրավելով պետական պաշտոնյաների, Արցախյան պատերազմի մասնակիցների և ՊԲ սպայական կազմի ներկայացուցիչների: Ստեփանակերտում կներկայացվի Ջ. Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը: Սեպտեմբերի 2-ին մայրաքաղաքի և շրջկենտրոնների փողոցներով կանցնեն զինվորական զորասյուներ: Կկազմակերպվեն այցելություններ հուշահամալիր, ծաղկեպսակադրության արարողություններ կլինեն զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձաններին:
Շուշիում տեղի կունենա «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի» Ստեփանակերտի մասնաճյուղի նոր շենքի բացման արարողությունը: Տոնական միջոցառումները կավարտվեն սեպտեմբերի 2-ին, ՍտեփանակերտիՎերածննդի հրապարակում` համերգով և հրավառությամբ:
Նիստի ավարտին Արթուր Աղաբեկյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է հանձնարարականներ` միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու վերաբերյալ:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին