Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 25 դեպք է արձանագրվել: Հանձնարարվել է խստացնել հսկողությունը մասնավորապես գյուղմթերքի մեծածախ և մանրածախ շուկաների հարակից տարածքներում, նաև Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ շրջայցեր և հերթապահություն իրականացնել՝ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը վերացնելու նպատակով:
«Պետք է ավելի խիստ լինել այս հարցում և կանոնակարգել հատկապես գյուղմթերքի մեծածախ ու մանրածախ առևտրի կազմակերպումը: Թող թյուր կարծիք չձևավորվի, որ այսպիսով փորձ է արվում խոչընդոտել գյուղմթերք արտադրողների ապրանքի իրացմանը: Մեր պահանջն այն է, որ տվյալ առևտուրը կազմակերպվի օրենքով սահմանված վայրերում, այլ ոչ թե որտեղ պատահի:
Մայրաքաղաքում այսօր գործում են բազմաթիվ գյուղմթերքի շուկաներ և մինի շուկաներ՝ անհրաժեշտ բոլոր պայմաններով: Բացի այդ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ որոշակի վայրերում նաև կազմակերպել ենք գյուղմթերքի բացօթյա տոնավաճառներ` այդպիսով գյուղմթերք արտադրողներին լրացուցիչ հնարավորություն տալով սահմանված վայրերում իրացնել իրենց արտադրանքը: Այսքանից հետո անընդունելի են բոլոր այն շահարկումները, թե խոչընդոտներ են ստեղծվում գյուղմթերքի իրացումը կազմակերպելու հարցում: Մեր պահանջը միայն մեկն է. առևտուրը պետք է կազմակերպել օրենքի պահանջին համապատասխան, այսինքն շուկաներում և դրա համար առանձնացված վայրերում, այլ ոչ թե շուկաների հարակից տարածքներում կամ բակերում: Ըստ այդմ, ոստիկանության հետ համատեղ, հետևողականորեն շարունակեք վերահսկել, որ առևտուրը կազմակերպվի օրենքով սահմանված կարգով: Հսկողությունն ու շրջայցերը պետք է շարունակվեն այնքան ժամանակ, մինչև այս արատավոր երևույթն ամբողջությամբ վերանա»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարան