Օգոստոսի 23-ին Սպիտակի տարածաշրջանի Շիրկամուտ գյուղում տեղի ունեցավ Չիչխանավանքի Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողությունը: Բազմաթիվ ուխտավորների հետ հանդիսությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք:
7-րդ դար թվագրվող Չիչխանավանքը, որ մեզ հասել էր խոնարհված վիճակում, հնագույն սրբավայրերից է: Վանքն իր անվանումը ստացել է տեղի Չիչխան գետի անունից: Քանի որ պատմական աղբյուրները լռում են վանքի անվան մասին, ուստի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը եկեղեցին օծեց և անվանակոչեց Սուրբ Խաչ:
Վանքի պեղումները սկսվել էին դեռևս 2008 թվականին, որն իրականացնում էր ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը` հովանավորությամբ «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության:
Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ նորաօծ խորանին մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո եկեղեցու բակում օրհնվեց խաչքարը, որը Շիրակամուտ համայնքի Երանոսյան եղբայրների նվիրատվությունն է: Օծման արարողությունից հետո Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին, օրհնության գրի և սրբապատկերի նվիրատվությամբ գնահատանքի արժանացրեց բարերար ամուսիններին, «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության նախագահին: Նա ներկաներին հորդորեց ամենայն հավատքով և նախանձախնդրությամբ պահպանելու սրբավայրը` մշտապես իրենց ներկայությամբ ու աղոթքով լցնելու եկեղեցին:
-Խոնարհված ամեն մի սրբավայրի վերածնունդ հաստատումն է մեր ժողովրդի, նրա հավատքի ու մշակույթի հարատևման,- լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետը:- ՈՒրախ եմ, որ այս հին սրբավայրն բերող արահետը այսուհետ ճանապարհ է լինելու:
Արարողության ավարտին նորաօծ եկեղեցու բակում հնչեցին ազգային երգ ու պար, ուխտավորներն մատաղ տրվեց:
Լոռու մարզպետարան