Ընթացքի մեջ են քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում երեխաների հերթագրման և հաճախելիության հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքների իրականացմանը զուգահեռ տեղերում կազմակերպել նաև համակարգի կառավարմանը տիրապետելու դասընթացներ, այդ թվում նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում:
Զեկուցվել է, որ ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի ամառային մարզաառողջարանային ճամբարներում ապահովվել է զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 1175 երեխաների հանգիստը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է փոխանցել քաղաքապետարանի համապատասխան վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին՝ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու, պարբերաբար ճամբարներ այցելելու և ծրագիրը հաջողությամբ ավատին հասցնելու համար:
Մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Զեկուցվել է նաև, որ ծրագրի եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 31-ին:
Երևանի քաղաքապետարան