Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը օգոստոսի 21-ին հասարակական կազակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է «ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:
Հաշվի առնելով այն, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստում քննարկվել էին քաղաքականության մշակմանը քաղաքացիական հասարակության մասնակցության հիմնախնդիրները, հանդիպումը նպատակ ուներ քաղ. hասարակության ներկայացուցիչների հետ քննարկել և վերջնականացնել «ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի տեքստը:
Հանդիպմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների «Հանրային ցանցը» ներկայացնող և գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Արազա» «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միույթուն», «Դալմա», «Հայաստանի Ասորիների միություն», «Մոր և մանկան առողջության դաշինք», «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Քննարկման ընթացքում, անդրադառնալով ՀԿ-ներին հետքարքրող մի շարք հարցերին, Սուրեն Քրմոյանը ներկայացրել է ՀՀ նախարարին կից ձևավորվելիք հանրային խորհրդի և արդեն իսկ գոյություն ունեցող կոլեգիաների տարբերությունը՝ ընդգծելով, որ ի տարբերություն կոլեգիայի՝ հանրային խորհրդում ներգրավված են լինելու բացառապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն են ունենալու որևէ գլոբալ խնդրի առնչությամբ, առանց միջնորդ օղակների, քննարկել և նախարարին ներկայացնել իրենց տեսակետներն ու առաջարկությունները նախարարության կողմից մշակվող ռազմավարական ծրագրերի և իրավական ակտերի վերաբերյալ՝ այդպիսով մասնակից դառնալով տվյալ գերատեսչության ոլորտային քաղաքականության իրականացմանը:
Կարդացեք նաև
Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է, որ Նախարարին կից հանրային խորհուրդը կազմված է լինելու առնվազն 15 անդամից, որից 1/3-ը 2 տարին մեկ ենթարկվելու է պարտադիր ռոտացիայի (փոփոխման)` վիճակահանությամբ: Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվելու է այն անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և իրականացվող գործառույթներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հանրային խորհրդում այլ շահագրգիռ անձանց ներգրավելուն, խորհրդի անդամ դառնալու համար ներկայացվող դիմումի ընթացակարգին, դրա մերժման հիմքերին, նիստերի պարբերականությանը վերաբերող մի շարք հարցեր, որոնց բոլորին էլ տրվել են սպառիչ պատասխաններ:
Քննարկման ավարտին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հորդորել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մինչև 2015 թվականի օգոստոսի 24-ը գրավոր տեսքով Արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ ու առարկություններ՝ իրենց հիմնավորումներով. դրանք կամփոփվեն, կներառվեն նախագծում, որից հետո այն կներկայացվի ՀՀ կառավարություն:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն