Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԲ-ն ու փոխանակման կետերը միջոցներ են ձեռնարկում, որպեսզի սպեկուլյատիվ խաղ չսկսվի

Օգոստոս 24,2015 15:35

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը գրենական պիտույքների գների բարձրացումը պայմանավորում է շուկայում տեղի ունեցած թանկացումներով: Ըստ նրա, նախորդ տարվա համեմատությամբ, այժմ շուկայում նկատվում է գների որոշակի տատանում, քանի որ ներմուծումն արվում է դոլարով: Դոլարի կուրսի տատանումն էլ առաջին հերթին անդրադարձել է այս շուկայի վրա:

Վիլեն Խաչատրյանի խոսքերով, մեծածախ շուկայում թանկացումներն այդքան բարձր տոկոս չեն կազմում, քանի որ մեծածախ շուկան ունի խաղի իր կանոնները` 20-30 տոկոս, իսկ մանրածախը ապրանքները թանկացրել է 30-ից 100 տոկոս. «Այս շուկայից էժան ապրանք ձեռք բերելու համար մարդիկ կամ պետք է մեծածախի տեղն իմանան, որն ամենաէժանն է կամ որոշ սուպերմարքեթներից գնումներ անեն, որոնք ունենք մարքեթինգային այնպիսի քաղաքականություն, որով փորձում են հաճախորդներ ներգրավել»:

Տնտեսագետն այլ շուկաներում թանկացման գործոնը պայմանավորում է Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմամբ: «Մինչ այդ հունիսին, ունեինք 105,1 % սպառողական գների ինդեքս, իսկ հետագայում արդեն նկատվեց 104, 2-3 % սպառողական գների ինդեքս, որը հնարավորություն տվեց ԿԲ-ին 0, 25 տոկոսով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, գնային այդ նվազումը տեղի է ունեցել գյուղատնտեսական ապրանքների շուկայի հաշվին»:

Վիլեն Խաչատրյանի խոսքերով, չնայած, որ որոշակի լարվածություն այս պահին չկա, բայց, պայմանավորված համաշխարհային շուկայում, եւ հատկապես` Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով, որոշակի ապրանքների թանկացում այնուամենայնիվ կլինի:

Հարցին, թե արդեն շուկայում դոլարի դեֆիցիտ է նկատվում, մարդիկ մեկնում են հանգստի, դոլար են ցանկանում գնել, բայց արդեն թանկ են ձեռք բերում, արդյոք իրակա՞ն է այդ խուճապը, թե՞ արհեստածին, պարոն Խաչատրյանն ասաց, որ

քայլեր են արվում, որով փորձում են կանխել բնակչության աժիոտաժը. «Քանի որ կան բացասական սպասումներ, որ դրամն արժեզրկվելու է, մարդիկ փորձում են այն ինչ տեղի է ունեցել Ղազախստանում, կրկնեն Հայաստանում եւ արժույթի կետերը, ԿԲ-ն համապատասխան քաղաքականություն են մշակում, եւ այդ տեսանկյունից ներքին կարգով պայմանավորվածություն կա, որ այդքանից ավելի չտան, որպեսզի այդ աժիոտաժային պահանջարկը չառաջանա, որպեսզի սպեկուլյատիվ խաղ չսկսվի, դա եւս առաջացնում է բացասական սպասումներ»:
Վիլեն Խաչատրյանի խոսքերով, ԿԲ-ն այս պահին ունի 1 միլիարդ յոթ հարյուր երկու միլիոն ԱՄՆ դոլարի պահուստներ, որը բավականին շատ է տարեսկզբի համեմատ, ինչը ԿԲ-ին հնարավորություն է տալիս կարգավորել. «Բայց, եթե աժիոտաժ առաջանա դա արդեն դժվար կլինի»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ սպառողների պաշտպան Արմեն Պողոսյանը գտնում է, որ սեպտեմբերի մեկը, ոչ թե տոն է, այլ հոգս դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքների համար. «Մոտենում է սեպտեմբերի մեկը, դա տոն է, բայց մեր ծնողները չարչարանքի մեջ են ընկնում, եւ եթե համեմատենք միջին աշխատավարձը եւ նկատի ունենանք, որ 4 հոգանոց ընտանիքում աշխատողը մեկն է, իսկ սպառողական զամբյուղը ինչպիսին է, ապա, եթե բաժանենք այդ միջին աշխատավարձը չորս հոգու միջեւ, կտեսնենք, որ անգամ այդ 4 հոգու համար այդ սպառողական զամբյուղը նույնիսկ ապահովված չէ եւ դրան գումարվում է գների աճը»:

Արմեն Պողոսյանը նաեւ անդրադարձավ գրենական պիտույքների որակին: Նրա խոսքերով, իրենց է դիմել մի ծնող, որը օգոստոսի 31-ին գնել էր պայուսակ, եւ արդեն սեպտեմբերի մեկին այն պատռվել էր. «Ճիշտ է մեզ հաջողվեց այն հետ տալ, բայց երեխայի տոնը խաթարվեց: Այսինքն` մենք ներկրում ենք չինական ապրանք, դա չարիք է: Մեր երկրում կա պարտադիր սերտիֆիկացման օրենք եւ այդ օրենքը տրանսֆորմացվելով` վերածվեց նրան, որ կորցրեց իր իմաստը: Մաքսատանը պետք է այդ պատնեշը լիներ եւ սերտիֆիկացված ու որակի երաշխավորմամբ ապրանքներ ներկրվեն մեր երկիր, բայց գալիս է ապրանքը, տարածվում է հանրապետությունում եւ միայն մանրածախ կամ մեծածախ պահեստից դեպի վաճառասրահ գնալու դեպքում նոր միայն պարտադիր է սերտիֆիկացումը: Եթե այդ ապրանքը տարածվեց, այլեւս դժվար է դրա վերահսկումը: Մարդկային ցեղի համար մեկ սկզբունք կա` ամենալավը երեխաներին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31