Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ հիմա որ ընդդիմություններ են եղել, ասել են՝ հեռացի՛ր, հեռացի՛ր, արդյո՞ւնք է եղել». Մելքումյան (Տեսանյութ)

Օգոստոս 24,2015 15:05

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ՈՉ-ի շարժմանը չի միանալու եւ մասնակցելու է Սերժ Սարգսյանի կողմից հրավիրվող կոնսուլտացիաներին՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ:

Aravot.am-ը Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց՝ ԲՀԿ-ն իրեն հայտարարել է ընդդիմություն, բայց իշխանության հետ որ այսպես քիպ-քիպ գնում է, ինչի՞ն է ընդդիմություն կամ ո՞ւմ է ընդդիմություն: Նա պատասխանեց. «Ընդդիմությունը նախ ինքնանպատակ չի, որ անընդհատ հակադրվես: Մինչեւ հիմա որ ընդդիմություններ են եղել, ասել են՝ հեռացի՛ր, հեռացի՛ր, արդյո՞ւնք է եղել: Դու պետք է լուրջ, խելամիտ քայլերով գնաս, ինքնանպատակ ինչ-որ թոզ փչել, գոլորշի բաց թողելով չի: Հստակ մենք ասում ենք՝ այն, ինչ մեր պետության, ժողովրդի համար լավ է, մենք պետք է այդ ճանապարհով գնանք: Բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջապես հանձնվես: Կա պրոբլեմ, լավացնելու տեղեր կան, մենք պետք է այդ ճանապարհով գնանք: Պետք  է երեխայի նման, որ սկսում է հակադրվել, անընդհատ ասենք ո՞չ»:

Մենք ճշտեցինք՝ ցանկացած ընդդիմություն իշխանափոխություն է ուզում, Դուք իշխանափոխության գնո՞ւմ եք, ուզո՞ւմ եք՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ասենք թե դու գնացիր հրապարակում միտինգներդ արեցիր, վրաններդ խփեցիր, մի ամիս էլ նստած ես, արդեն մի ամիս նստած, շատ ներողություն, ի՞նչ է արվում: Դրա արդյունքում իրավական ճանապարհ կա՞ հարց լուծելու»:

Դիտարկմանը, որ մինչեւ փետրվարը ինչո՞ւ էիք բա գնում այդ հանրահավաքների ճանապարհով՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Դրա համար էլ արդյունքը տենց եղավ: Դու պետք է խելացի ճանապարհով ուրեմն գնաս՝ օրենքով սահմանված ընտրությունների ճանապարհով: Այս փուլում Հայաստանում ձեր ասած այդ հեղափոխական իշխանափոխության նախապայմաններ չկան, եւ հեղափոխական իշխանափոխությունը ես համարում եմ սպառնալիք պետականությանը, եղա՞վ»:

Vardan_Ayvazyan-2Վարդան Այվազյանն էլ օգնության հասավ գործընկերոջը՝ ասելով, որ Մելքումյանը ընդդիմադիր պատգամավոր է, 25 օրենսդրական նախաձեռնություններ, կարգավորումներ է բերել, որոնց 60 տոկոսն իրենք ընդունել են. «Եթե ընդդիմություն է, պիտի ընդունեի՞նք իր ասածները: Ընդդիմություն լինելը միայն չէ ասելը չի, շատ եք ծայրահեղացնում եւ կոշտացնում»:

Միքայել Մելքումյանն էլ հավելեց՝ «Միայն սեւ ու սպիտակ չի կյանքը: Թող մի հատ գան տեսնեն մենք հանձնաժողովներում ոնց ենք աշխատում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31