Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Հուսահատությունից մենք եկել ենք ասուլիսի»

Օգոստոս 24,2015 14:35

«Գործը պետք է վերանայել»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ խոսելով ցմահ դատապարտված հետախույզ Սողոմոն Քոչարյանի մասին՝ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանը հիվանդության հիմքով ենթակա է պատժի կրումից ազատման» թեմայով ասուլիս էին հրավիրել Սողոմոնի հրամանատար Հայկազ Թամրազյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, Հետաքննող լրագրողների ընկերակցության խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, «Հետք» կայքի լրագրող Զարուհի Մեջլումյանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նկատում է, որ այսօր մեր իշխանությունները որոշել են ցմահների գործերն անտեսել, սակայն Եվրոպայի խորհրդի սկզբունքներն են, բացի մահապատիժը վերացնելը, պետք է նաեւ մահապատժի ենթարկվածին ազատության հույս տալ, եւ այդ հույսը պետք է գործի:

«Մեզ մոտ դրանք կան, բայց չեն գործում»,- ասում է պարոն Իշխանյանը:

Խոսելով Սողոմոն Քոչարյանի մասին՝ իրավապաշտպանն ասում է. «Նա հազվագյուտ ցմահ դատապարտվածներից է, այն հազվագյուտ դատապարտյալներից է, որն ընդունում է, որ ինքը հանցագործություն է կատարել եւ զղջում է դրա համար: Իհարկե, մարդուն սպանելը հանցագործություն է, բայց անկախ մեզանից՝ համեմատություն ենք անում Սուրիկ Խաչատրյանի հետ. նրա եղբոր տղաները մարդ են սպանում մուտքում՝ ամենամեծ դաժանությամբ, մեկն ընդհանրապես պատիժ չի կրում, իսկ մյուսը մեկ տարի հետո ներման է արժանանում. սա արդարությու՞ն է Սողոմոն Քոչարյանի նկատմամբ, որն ընդունում է իր մեղավորությունը»,- ասում է պարոն Իշխանյանը:

Հիշում է, որ բերդից երկրորդ փախուստից հետո, ինքն ասում էր, ինչ էլ իրեն ասեն, միեւնույն է, ինքը պետք է մեռնի: Պարոն Իշխանյանն ասում է, որ ինքն անձամբ խոսք է տվել, որ Սողոմոն Քոչարյանն ազատ կարձակվի:

«Հուսահատությունից մենք եկել ենք ասուլիսի, որովհետեւ ոչ միայն բոլոր տեսակի նորմերն են խախտվում, այլ օրենքը, որ այսքան ժամանակ, որ պետք է ազատ լիներ, ՀՀ օրենքով՝ հիվանդության հենքով (հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն՝ չորրորդ կարգի անբավարարվածությամբ)»:

Սողոմոն Քոչարյանի հրամանատար Հայկազ Թամրազյանն էլ պատմում է. «Ես փորձեցի 2008 թվականին նախագահից խնդրել ներում շնորհել, բայց դժբախտաբար, խորհրդակցությունից հետո ասաց, որ իրենց համար ամենամեծ բարդություններից է՝ ցմահի վերանայելու վերաբերյալ նախադեպը չկա, եւ իրենք ռիսկ չեն անում այդ նախադեպը ստեղծեն»:

Հայկազ Թամրազյանը պատմում է, որ Սողոմոն Քոչարյանի հետ ծանոթացել է 1991 թվականին: «Ամբողջ Սյունիքի մարզի հետախուզական աշխատանքներն ինքն է կատարել»,- պատմում է նա եւ նշում, որ Սողոմոն Քոչարյանի հետախուզական հմտությունների մասին տեղյակ էին գեներալները. «Եկան, տեսան քարտեզ, թշնամու բոլոր դիրքերը՝ պահեստները, ամեն ինչը գծված էր, զարմացած ասում էին՝ ո՞վ է արել, ասացի՝ ես եմ արել, բայց Սողոմոնի շնորհիվ: Ինքն իր կյանքը վտանգելով կարողացել է մեզ համար այնպիսի հնարավորություն ստեղծել, որ թշնամին մեր ձեռքում լիներ: Հակառակ այս ամենին՝ նա կարող էր օրերով լուռ նստել, անխոս, լուռ, համեստ անձնավորություն էր: Կարող է հիմա էլ իր այդ համեստության փայն է ուտում»,- ասում է նա:

Պարոն Թամրազյանը վստահ է, որ այսօրվա մեր իրավապահները Խորհրդային միությունից ունեցած ժառանգությունն են վայելում, Խորհրդային միության բռնապետության գործելակերպն են որդեգրել:

Խոսելով Սողոմոն Քոչարյանի գործի մասին՝ նա ասում է. «Այս գործում պարսկական կողմն էլ է եղել մասնակից եւ պարսկական կողմի պահանջն է պատժի ծանրությունը: Մոտ մեկ տարի է, որ ես հետաքրքրվում եմ այդ հարցով. գնացել եմ Պարսկաստան, Պարսկաստանի նախկին եւ ներկա մեր դեսպանների հետ խորհրդակցելով՝ իրենց հետ արծարծել եմ այդ հարցը: Իրենք փորձել են դրական լուծում գտնել: Ինձ խոստացել են, որ Պարսկաստանի՝ տուժած կողմի համաձայնությունը իրենք կստանան, որ գոնե եթե ներում շնորհեն, Հայաստանի համար բարդություններն ավելի պակաս լինեն»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31